պսակավորի աստիճան: Շրջանավարտները նաև իրավունք էին ստանում ուսումը շարունակելու Եվրոպական երկրների համալսարաններում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վարժարանը փակվել է, պատերազմից հետո վերաբացվել (Սելամազում)՝ նախակրթարանի և լիցեյի բաժիններով: Ունեցել է կիրակնօրյա դասընթաց՝ օտար վարժարաններում սովորող հայ ուսանողների համար: 1924-ին տեղափոխվելով Եգիպտոս (Կահիրե)՝ շարունակել է գործել նույն ծրագրով: Փակվել է 1934-ին: Տվել է մոտ 450 շրջանավարտ, որոնց թվում՝ Ռ. Սևակը, Շ. Շահնուրը, Վ. Թեքեյանը, Հ. Հինդլյանը և ուրիշներ:
Կեդրոնական վարժարան, բարձրագույն կրթական հաստատություն: Հիմնվել է 1886-ին, Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասում՝ պատրիարք Ներսես Վարժապետյանի և հայ մտավորականության ջանքերով: Առաջին տնօրենն էր Մինաս Չերազը: Ընդունվել են 6-ամյա նախակրթարանն ավարտածները: Ուսուցումը հիմնականում վճարովի էր: Շրջանավարտները կարող էին ուսումը շարունակել եվրոպական երկրների համալսարաններում: 1890-91 ուսումնական տարվանից ուսուցումը 5 տարի էր: Առաջին երեք դասարաններում դասավանդվել են կրոն, հայոց լեզու և գրականություն, թուրքերեն, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, բնական գիտություններ, իրավագիտություն, առևտրաֆինանսական գիտություններ, առողջապահություն: Վերջին երկու դասարաններում ավելացել են իմաստասիրություն, քաղաքատնտեսություն, մանկավարժություն առարկաները: 1896-ին որպես «հեղափոխության որջ» փակվել է, վերաբացվել 1897-ին: Վարժարանին կից հիմնվել է նախակրթարան, որտեղ գավառներից եկած պատանիները ստացել են անվճար կրթություն (փակվել է 1929-ին): 1935-ին Էսայան վարժարանի լիցեյի բաժինը միացել է Կեդրոնական վարժարանին և մինչև 1951-ը գործել որպես երկսեռ ուսումնական հաստատություն: 1947-ին Ստամբուլում հիմնվել է Կեդրոնական վարժարանի Սանուց միությունը, որն իր մասնաճյուղերն ունի Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում:
Ներկայումս վարժարանն ունի միջնակարգի (հայոց լեզվի շաբաթական 6 դասաժամով) և լիցեյի (հայոց լեզվի շաբաթական 4 դասաժամով) բաժիններ: Միջնակարգ բաժնում հայերենով են դասավանդվում նաև որոշ այլ առարկաներ: Երկու բաժիններում էլ ուսանում են օտար լեզուներ: Վարժարանն ունի 265 աշակերտ, 30 ուսուցիչ: Գործում են ժամանակակից տեխնիկայով համալրված լաբորատորիաներ, գրադարան, հրատարակչություն, «Երազ» պարախումբը: Տարբեր տարիներ Կեդրոնական վարժարանում դասավանդել են Մ. Գարագաշյանը, Հ. Շիշմանյանը (Ծերենց), Բ. Կյուլեսերյանը, Հ. Հինդլյանը, Ռ. Պերպերյանը, Մ. Կյուրճյանը, Ե. Տեմիրճիպաշյանը, Հ. Պարոնյանը, Գ. Նորատունկյանը, Ս. Կուրտիկյանը, Գ. Գավաֆյանը, Ե. Տեր-Անդրեասյանը, Հ. Ասատուրը, Տ. Չրաքյանը (Ինտրա), Լ. Շանթը, Վ. Թեքեյանը, Հ. Օշականը, Կ. Զարյանը, Զ. Ասատուրը (Սիպիլ), Մ. Իզմիրլյանը, Մ. Օրմանյանը, Ե. Դուրյանը, Գ. Սրվանձտյանը, Գ. Խաչատրյանը, Ա. Սյուրմելյանը, Ա. Խաչատրյանը, Կոմիտասը («Գուսան» երգչախումբը կազմվել է հիմնականում վարժարանի սաներից): Կեդրոնական վարժարանի սաներից են եղել Ա. Չոպանյանը, Հ. Աճառյանը, Ա. Ալպոյաճյանը, Հ. Սիրունին, Ա. Արմենյանը, Մ. Մեծարենցը, Վ. Թեքեյանը, Հ. Մնձուրին, Ռ. Շիշմանյանը, Երուխանը և ուրիշներ:
Տատյան վարժարան, երկսեռ վարժարան: Հիմնվել է 1892-ին, Կ. Պոլսում՝ Տատյան գերդաստանի բարերարությամբ: Ներկայումս (2003) ունի մանկապարտեզ, նախակրթարան, միջնակարգ բաժիններ, որոնցում սովորում է 426 աշակերտ:
Էսայան (Եսայան) վարժարան, հիմնվել է 1895-ին, Կ. Պոլսի Թագսիմ թաղամասում՝ Մկրտիչ և Հովհաննես Էսայան եղբայրների բարերարությամբ՝ Նարեկյան վարժարանի հիմքի վրա: Սկզբում եղել է նախակրթարան, հետագայում՝ բարձրագույն կրթարան (լրիվ միջնակարգ), որը 1930-ին դարձել է լիցեյ, իսկ 1935-ին՝ նորից միջնակարգ: Միջնակարգ դպրոցների պետական ծրագրով նախատեսվող առարկաներից բացի, դասավանդվում են հայոց լեզու, օտար լեզուներ, նկարչություն, ձևագիտություն, երաժշտություն: 1986-ից գործում են մանկապարտեզը և անգլերենի նախապատրաստական դասարանը: 1922-40-ին աշակերտների թիվը տատանվել է 900-1200-ի միջև: 1975-ին վարժարանն ունեցել է մոտ 300 աշակերտ, 2002-ին՝ 400:
Պեզազյան վարժարան, միջնակարգ դպրոց: Հիմնվել է 1908-ին, Կ. Պոլսում՝ Պ. Պեզազյանի ջանքերով: Սկզբում կոչվել է Հայկական կրթարան, 1910-ից՝ Պեզազյան վարժարան: Ունեցել է ցերեկային, գիշերօթիկ բաժիններ և մանկապարտեզ: Սովորել են հիմնականում ծնողա-