նաև Օսմանյան թատրոն, Կետիկ փաշայի թատրոն: Վարդովյան թատրոնը կազմվել է Արևելյան թատրոնի դերասաններից:
1869-ին թատրոնը ստացել է 10 տարվա պետական մենաշնորհ՝ ներկայացումները հայերեն և թուրքերեն բեմադրելու պայմանով: Ունեցել է շուրջ 70 դերասան, նվագախումբ, մեծ թատերասրահ: Գործունեության առաջին հինգ տարում բեմադրվել են Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Խորեն Գալֆայանի, Պետրոս Դուրյանի և այլ հեղինակների գործերից՝ պահելով ազգային դիմագիծը: 1873-75-ին թատրոնը հարկադրաբար մեծ տեղ է տվել թուրքերեն ներկայացումներին, 1876-ից կրկին գերակշռել են հայերեն ներկայացումները: Մենաշնորհի ժամկետը լրանալուց հետո, 1879-ին խումբը կազմալուծվել է: Թատրոնի անվան հետ է կապված նաև օպերետային արվեստի զարգացումը Թուրքիայում: Թուրքական թատրոնի պատմաբան Մեթին Անդը իր «Օսմանյան թատրոն» (1876) գրքում բարձր է գնահատել Վարդովյան թատրոնի գործունեությունը:
Թատրոնի կազմում էին արևմտահայ գրեթե բոլոր նշանավոր դերասանները՝ Պետրոս Ադամյան, Ազնիվ Հրաչյա, Սիրանույշ, Մարի Նվարդ, Երանուհի և Վիրգինյա Գարագաշյաններ, Մարտիրոս Մնակյան, Պետրոս Մաղաքյան, Թովմաս և Պայծառ Ֆասուլաճյաններ, Դավիթ Թրյանց և ուրիշներ:
Օսմանյան դրամատիկ թատերախումբ, հայ դերասաններից կազմված թրքախոս թատրոն: Հիմնադրել է Արևելյան թատրոնի առաջատար դերասան Մարտիրոս Մնակյանը 1885-ին, Կ. Պոլսում՝ որպես Արևելյան թատրոնի և Վարդովյան թատրոնի ավանդների շարունակողը: Թատերախմբում էին Մարի Նվարդը, Դավիթ Թրյանցը, Պայծառ Ֆասուլաճյանը, Մանուկ Սիսակը, Գևորգ Հոլասը, Հարություն Ալեքսանյանը, Գոհարիկ Շիրինյանը, Զապել Հեքիմյանը, Էդուարդ Չափրաստճյանը և ուրիշներ: 1890-ական թթ. թատրոնը հաստատվել է Գատըգյուղում: Բեմադրվել են Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը», Օ. Ֆելիեի «Դալիլան», Ժ. Օնեի «Դարբնոցապետը» ևն: 1892-93-ին Մ. Մնակյանը փորձել է հայացնել թատրոնը՝ բեմադրելով Պետրոս Դուրյանի «Թատրոն կամ Թշվառներ», Արշակ Չոպանյանի «Մութ խավեր» և այլ գործեր: 1895-ից Կ. Պոլսում արգելվել են հայկական ներկայացումները: 1903-04-ին խումբը շրջագայել է Զմյուռնիայում, Տրապիզոնում, Բուրսայում և այլուր: Երիտթուրքական հեղափոխությունից (1908) հետո Մնակյանր բեմադրել է թուրք ժամանակակից հեղինակների գործերից: Թատրոնր նպաստել է թուրք պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի զարգացմանը: Փակվել է 1914-ին:
Երաժշտության: Հայկական ազգային, ինչպես և թուրքական երաժշտական մշակույթի զարգացմանը մեծապես նպաստել են Կ. Պոլսի հայ երաժիշտները: Առավել ճանաչված երաժշտական գործիչներից են Չեոմլեկճի-զատե Պետրոսը, Թամբուրի Գույումճի Ոսկանը, Թամբուրի Հարութինը (XVIII դ.), Թամբուրի Նիկողոսը, Աստիկ Համամճյանը, Քեմանի Թադեոս Քեոսեյանը, Քեմանի Սարգիսը (XIX դ.), Ուդի Հրանտը (XX դ.) և ուրիշներ: Հայկական պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից են Հ. Լիմոնճյանը, Հ. Չերչյանը, Գ. Երանյանը, Ե. Տնտեսյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. Մյուհենտիսյանը, Ռ. Փափազյանը, Ն. Թաշճյանը, Մ. Խանճյանը, Գ. Կոստանդյանը և ուրիշներ: Անգնահատելի է այդ գործում Տ. Չուխաճյանի և Կոմիտասի ներդրումը: Գործել են «Քնար հայկական» (1862-63) երաժշտական ընկերությունը, Սինանյան նվագախումբը (1861-96, դիրիժոր՝ Գ. Սինանյան), Արամյան թատրոնի (1846-66, դիրիժոր՝ Կ. Փափազյան), սիմֆոնիկ (1923-40, դիրիժոր՝ Վ. Մյուհենտիսյան) և այլ նվագախմբեր: Գ. Քելեկյանը հիմնել է «Գրեգոր» առաջին ջազ-նվագախամբը: XIX դ. 2-րդ կեսին - XX դ. սկզբին բացառիկ երևույթ էր կին կոմպոզիտորների՝ Արմավենի Գյուլքեկյանի, Լյուսի Հազարապետյանի, Էբրուհի Սիրաքյանի գործունեությունը:
XX դ. հայ երաժիշտներից են խմբավարներ և դիրիժորներ Ա. Գավաֆյանը, Ժ. Արսլանյանը, Ժ. Չարքչյանը, Տ. Մամիկոնյանը, Կ. Արմանը, կոմպոզիտորներ Լ. Չիլինկիրյանը, Է. Մանասը, Խ. Սարգսյանը, Գ. Ղազարոսյանը, Բ. Աթմաճյանը, Մ. Գարամանուկը, ջութակահարներ Պ. Տինանյանը, Դ. Դավթյանը, Վ. Արսլանյանը, Հ. Հանեսյանը, դաշնակահարներ Մ. Բաբելյանը, Կ. Փափազյանը, Հ. Քյուրքչյանը, Ա. Ալչքյանը, Վ. Մազլումյանը, Գ. Տիրատուրյանը, Մ. Ոսկանը, Ա. Մխիթարյանը, Հ. Միսքչյանը, Ա. Հեռլյանը, օպերային թատրոնի երգիչ-երգչուհիներ Պ. Գույումճյանը, Գ. Պոյաջյանը, Հ. Թոփուզը, Ն. Ռուշանը, Ն. Պայվերտյանը, Հ. Հազրյանը, Ա. Մուրադյանը, Թ. Մելեքյանը, Ա. Քիթապճյանը, Մ. Գարագաշը, Ա. Մանուկյանը և ուրիշներ:
Կ. Պոլսի հայկական դրամատիկական թատրոնների դերասանների, մենակատար երգիչ-երգչուհիների ուժերով բեմադրվել են երաժշտաթատերական ներկայա-