Գավաֆյանի, Ճ. Արամյանի, Ա. Պոյաճյանի, Հ. Մաթևոսյանի տպարանները: Կ. Պոլսում են տպագրվել հայ գրողների արևմտյան հատվածի գրեթե բոլոր ստեղծագործությունները, բազմաթիվ դասագրքեր, հասարակական, քաղաքական, գիտական, կրոնական գրքեր, նոտային և քարտեզագրական նյութեր: Ներկայումս հրատարակվող հայկական պարբերականներն ունեն սեփական տպարաններ, որոնցում տպագրվում են նաև տեղի գրողների երկերը: Կոստանդնուպոլսի հայկական տպագրությունը զգալի դեր է կատարել նաև թուրքերի և այլ ժողովուրդների տպագրական գործի ստեղծման ու զարգացման ասպարեզում: 1729-ին հիմնադրված թուրքական առաջին տպարանի սարքավորումների մի մասը ապահովել են հայ վարպետները: XVIII-XIX դդ. Պ. Արապյանը, Հ. Մյուհենտիսյանը (անվանել են «Թուրքական Գուտենբերգ», արժանացել է կառավարական պարգևների), Կ. Քեշիշյանը, Ա. Թոզլյանը, Մ. Նազգաշյանը թուրքական տառատեսակների և տպագրության արվեստի կատարելագործողները եղան:
ՄԱՄՈՒԼ
Թ-ում առաջին հայերեն պարբերականը՝ «Լրո գիրը» (խմբագիր՝ Գևորգ Գրիգորյան, հրատարակիչ՝ Գալուստ Արապյան), լույս է տեսել 1832-ին, Կ. Պոլսում: Ազգային բովանդակությամբ անդրանիկ պարբերականը «Ազդարար Բյուզանդյան» (1840-41) թերթն է, Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի պաշտոնական առաջին հրատարակությունը՝ «Հայաստան» (1846-52) շաբաթաթերթը: Հրատարակվել են նաև «Մասիս» (1852-1908), «Մեղու» (1856-74), «Մյունատիի Էրճիաս» (1859-63), «Ծաղիկ» (1861-1911) պարբերականները: 1832-ից մինչև 1918-ը Կ. Պոլսում լույս է տեսել շուրջ 250, իսկ 1918-ից մինչև մեր օրերը՝ մոտ 150 անուն պարբերական: Ներկայումս (2003) հրատարակվում են «Ժամանակ», «Մարմարա» օրաթերթերը, «Սուրբ Փրկիչ», «Լրաբեր», «Ակոս», «Շողակաթ» պարբերականները, ընդհատումներով՝ «Ժպիտ», «Լուսատու», «Մեղու», «Նոր սան», «Փունջ» հանդեսները:
«Ակոս», շաբաթաթերթ: Լույս է տեսնում 1996-ից, Ստամբուլում, թուրքերեն՝ հայերեն ներդիրով (2 էջ): Խմբագիր՝ Հրանդ Տինք: Ներկայացնում է համայնքի անցուդարձը: Նախատեսված է թրքախոս հայության համար: Ընթերցողներ ունի նաև թուրքերի և Թ-ում ապրող մյուս ազգությունների շրջանում: «Ակոս»-ին թղթակցում են նաև թուրք լրագրողներ:
«Առավոտ», ազգային, քաղաքական շաբաթաթերթ, ապա՝ օրաթերթ: Լույս է տեսել 1909-24-ին, Կ. Պոլսում: 1920-ից՝ Ազգային ազատական կուսակցության Կ. Պոլսի նահանգային վարչության, 1921-ից՝ Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնաթերթ: Խմբագիրներ՝ Ե. Արմեն, Ե. Տեր-Անդրեասյան, Ա. Քեչյան: Լուսաբանել է արևմտահայերի ազգային-քաղաքական խնդիրները:
«Արևելք», քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ: Լույս է տեսել 1931-39-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Խ. Ճամճյան, Թ. Ազատյան: Լայն տեղ է հատկացրել միջազգային լուրերին, Թուրքիայի հասարակական ու տնտեսական կյանքի լուսաբանմանը, նյութեր տպագրել հայկական գաղթավայրերի մասին: Ունեցել է Հայաստանին նվիրված մշտական բաժին: Գրական բաժնում պարբերաբար զետեղել է հայ, ռուս և եվրոպական գրողների գործեր, գրաքննադատական հոդվածներ: 1932-ին հրատարակել է նույնանուն գրական հավելված:
«Բյուզանդիոն», քաղաքական, գրական և գիտական օրաթերթ: Լույս է տեսել 1896-1918-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Պ. և Ա. Քեչյաններ, Ա. Ալպոյաճյան: Տպագրել է հայագիտական, բանասիրական, մանկավարժական նյութեր, թարգմանություններ, գրախոսություններ: Աշխատակցել են Հ. Հինդլյանը, Սիպիլը, Ռ. Պերպերյանը, Մ. Ասատուրը, Զ. Գալեմքյարյանը և ուրիշներ:
«Բյուրակն», գիտական և քաղաքական ամսագիր, ապա՝ կիսամսյա հանդես: Լույս է տեսել 1882-1908-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Ստեփան Խ. Ություճյան, Գ. Անդրեասյան, Հ. Ճեճիգյան, Ս. Չեոմելեքճյան, Ա. Գալբակճյան: Տպագրել է բանասիրական, ազգագրական, կրոնական, մանկավարժական, տնտեսագիտական, մատենագիտական նյութեր, թարգմանություններ: Աշխատակցել են Ռ. Որբերյանը, Հ. Աճառյանը, Ե. Տեմիրճիպաշյանը, Սիպիլը,