Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/195

Այս էջը սրբագրված է

մության, բնագիտության վերաբերյալ, գրական ստեղծագործություններ, գրախոսականներ:

«Հայ խոսնակ», բարոյագիտական, գրական, կրոնական ամսաթերթ: Լույս է տեսել 1924-39-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Ա. Սյուրմեյան, Մ. Նարոյան, Զ. Կեզյուրյան: Ծանոթացրել է հայ հին և նոր գրականությանը, տպագրել թարգմանություններ ռուս և արևմտաեվրոպական գրողներից: Ուշագրավ են հայ հոգևոր երաժշտությանը նվիրված հոդվածները: Կարևոր դեր է հատկացրել հայերենի ուսուցմանը սփյուռքի դպրոցներում: 1932-34-ին հրատարակել է «Հայ խոսնակ մանկանց» հավելվածը, որտեղ տեղ են գտել գրական գործեր, թվաբանական խնդիրներ, հանելուկներ:

«Հանդես մշակույթի», գրական, գեղարվեստական, բանասիրական հանդես: Ստամբուլի Կեդրոնական սանուց միության հրատարակություն: Լույս է տեսել 1948-64-ին, Ստամբուլում (անկանոն պարբերականությամբ): Պատասխանատու տնօրեն և արտոնատեր՝ Վ. Պեկյան: Ներկայացրել է ստամբուլահայ գրողների բանաստեղծություններն ու պատմվածքները, Ա. Չոպանյանի, Պ. Դուրյանի, Հ. Աճառյանի և այլոց գործունեությունը: Առանձին համարներ նվիրել է Հ. Մնձուրան, Սայաթ-Նովային: «Հայ գեղարվեստ» բաժնում անդրադարձել է երաժշտությանը, գեղանկարչությանը, ճարտարապետությանը, հայ և օտար անվանի արվեստագետների կյանքին ու ստեղծագործություններին: Հանդեսը հոդվածներ է տպագրել գիտական հայտնագործությունների և նշանավոր գիտնականների վերաբերյալ: Լուսաբանել է Կեդրոնական սանուց միության գործունեությունը, ծանոթացրել թուրքական նորագույն գրականությանը:

«Ճառագայթ», հասարակական-քաղաքական, գրական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1947-52-ին, Ստամբուլում: Արտոնատեր-խմբագիր՝ Խ. Ամիրյան: Լուսաբանել է ստամբուլահայ համայնքի հասարակական-մշակութային կյանքը: Կառավարության ուշադրությունն է հրավիրել ազգային փոքրամասնությունների (մասնավորապես հայերի) վերաբերյալ միջազգային համաձայնագրերի (մասնավորապես 1923-ի Լոզանի դաշնագրի) կատարման անհրաժեշտությանը, պահանջել Ազգային սահմանադրությամբ (1860) ստեղծված վարչական մարմինների վերականգնումը: Լայն տեղ է հատկացրել հայ գրողների արձակ և չափածո ստեղծագործություններին, տպագրել լուրեր Հայաստանի կյանքի տարբեր բնագավառներից, սփյուռքահայության կյանքից:

«Մասիս», քաղաքական, տնտեսական, գրական և բանասիրական օրաթերթ, շաբաթաթերթ, ամսաթերթ: Լույս է տեսել 1852-1908-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Կ. Ութուճյան, Ա. Արփիարյան, Գ. Զոհրապ, Հ. Ասատուր, Մ. Շամտաճյան, Տ. Արփիարյան, Ե. Արմեն: 1884-93-ին թերթն ունեցել է շեշտված ժողովրդավարական ուղղություն, անդրադարձել հայ ժողովրդին հուզող քաղաքական և տնտեսական խնդիրներին, քննադատել սուլթանական կառավարության հայահալած քաղաքականությունը: Լայն տեղ է հատկացրել գրաքննադատական նյութերին, ձգտել համախմբել արևմտահայ իրապաշտական արձակի ներկայացուցիչներին, պարբերաբար ներկայացրել ռուս և եվրոպական գրականությունը: Աշխատակցել են Հ. Պարոնյանը, Տ. Կամսարականը, Լ. Բաշալյանը, Ե. Օտյանը, Մ. Աճեմյանը, Վ. Մալեզյանը, Ա. Հարությունյանը, Ե. Տեմիրճիպաշյանը և ուրիշներ:

«Մարմարա», հասարակական-քաղաքական օրաթերթ: Լույս է տեսնում 1940-ից, Ստամբուլում: Արտոնատեր-խմբագրապետ՝ Պ. Զոպյան (սկզբնական շրջանում՝ Ս. Շամլյան), խմբագիրներ՝ Պ. Զոպյան, Ս. Շամլյան, Է. Սիմքեշյան, Կ. Մուրադյան, Ռ. Հատտեճյան (1967-ից): Լայն տեղ է հատկացնում Թուրքիայի ներքաղաքական կյանքին՝ որպես աղբյուր օգտագործելով թուրքական մամուլի նյութերը: Պոլսահայ գաղութի կյանքը ներկայացնում է եկեղեցական, դպրոցական, մշակութային իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններով: Տպագրում է հայագիտական հոդվածներ, գրական ստեղծագործություններ ևն:

«Նավասարդ», գրական, գեղարվեստական տարեգիրք: Լույս է տեսել 1914-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Դ. Վարուժան, Հ. Սիրունի: Աշխատակցել են ժամանակի ականավոր հայ գրողներ, արվեստաբաններ, բանասերներ: Ունեցել է գրականության, արվեստի, բանասիրության բաժիններ: Տպագրել է օտարազգի դասական հեղինակների (Մ. Մետեռլինկ, Օ. Ուայլդ, Ա. Միցկևիչ և ուրիշներ) գործեր: Արժեքավոր են Կոմիտասի «Լոռու գութաներգը Վարդաբլուր գյուղի ոճով» և Օ. Սևումյանի «Հայ թատրոնի վերածնունդի համար» հոդվածները: «Նավասարդի» էջերում տեղ են գտել նկարչական արվեստի նմուշների վերատպություններ: 2-րդ գրքի շարվածքը ոչնչացվել է 1915-ին:

«Նոր լուր», գրական, քաղաքական օրաթերթ, ապա՝ եռօրյա (1945-ից): Լույս է տեսել 1924-36, 1945-1954-ին, Ստամբուլում: Խմբագիր՝ Վ. Թոշիկյան: Լուսաբանել է տեղի հայ համայնքի առօրյան, ծանոթացրել Հայաստանի տնտեսության ու