Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/202

Այս էջը սրբագրված է

հեղինակ (70-ական թթ. վերջից աշխատել է Մոսկվայում):

Թ-ի հայերը թեև չեն ունեցել մշակութային կազմակերպություններ, բայց մասնակցել են երկրում գոյություն ունեցող տարբեր մշակութային ընկերությունների և միությունների գործունեությանը, եղել նրանց ստեղծման նախաձեռնողներ: 1893-ին ստեղծված Աշխաբադի երաժշտական ընկերության հիմնադիրներից էր Մ. Նասիբյանցը: Հայ արդյունաբերողներն ու մտավորականները (Գ. Տեր-Հովսեփյանց, Գ. Խաչատուրով, Ն. Խաչատուրով) մասնակցել են Կրասնովոդսկի երաժշտական-դրամատիկական ընկերության հիմնադրմանը (1898) և նրա հետագա գործունեությանը: 1891-ին Մերվի հայկական համայնքի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Հասարակական ընթերցարանը»՝ Անդրկասպյան մարզի առաջին հանրային գրադարանը: Իշխանությունների պահանջով ընթերցարանը պեաք է ունենար գրականություն ու պարբերական հրատարակություններ միայն ռուսերեն լեզվով և պարտավոր էր սպասարկել ոչ միայն հայերին, այլև ամբողջ բնակչությանը:

Թատրոն: Թ-ում առաջին հայկական ներկայացումները կազմակերպել են թիֆլիսահայ դերասաններ Գ. Աբրահամյանը և Փառանձեմը, որոնք տեղի թատերասերների հետ Աշխաբադում, Ղզըլ Արվադում, Մերվում ներկայացրել են հայ հեղինակների պիեսներ (1888): 1896-ին Ս. Մովսիսյանի թատերախումբը ներկայացրել է Գ. Սունդուկյանի «Պեպոն», ավելի ուշ՝ «Քանդած օջախը»: Հյուրախաղերով հանդես են եկել Ա. Վրույրի (1902), Հ. Ստեփանյանի (1903), Հ. Ոսկանյանի (1906, 1915), Հ. Աբելյանի (1908, 1914), Արմենյան-Սևումյանի (1912) և այլոց ղեկավարած խմբերը: 1920-ից Աշխաբադում գործել է հայկական բանվորական ակումբ (1925-ից՝ Մյասնիկյանի անվան, ղեկավար՝ Վ. Տեր-Օհանյան): Բեմադրվել են Շիրվանզադեի, Հ. Պարոնյանի և այլ հեղինակների գործերից: 1927-ին դերասան Ա. Շիրոյանը բեմադրել է Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթը» և «Թմկաբերդի առումը»:

Կինոռեժիսոր Յուրի Կորագեզովը աշխատել է վավերագրական կինոյի բնագավառում, 1970-80-ական թթ. ստեղծել է ավելի քան 10 վավերագրական կինոնկար:

Երաժշտության: Թուրքմենական պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման գործում մեծ ներդրում ունեն հայ երաժիշտները: Հայտնի են երգահան Գեորգի Բեդրոսովը (մասնակցել է թուրքմենական պարի համույթի ստեղծմանը, գրել է ազգային պարերի երաժշտություն), պարուսույց Վլադիմիր Աղաջանովը (մասնակցել է թուրքմենական ազգային մի շարք օպերաների պարերի բեմադրությանը, եղել է թուրքմենական պարերի լավագույն կատարողներից): 1927-ից Աշխաբադում է ստեղծագործել երգահան Գրիգոր Առաքելյանը, որը հիմնադրել է թուրքմենական առաջին սիմֆոնիկ նվագախումբը, եղել նրա ղեկավարը և դիրիժորը, մշակել է թուրքմենական բազմաթիվ ժողովրդական մեղեդիներ կամերային և ժողգործիքային նվագախմբերի համար: Թ-ի ժողովրդական արտիստ Ա. Շապոշնիկովը (Փափախչյան) թուրքմենական պրոֆեսիոնալ երաժշտական մշակույթի հիմնադիրներից է, թուրքմենական առաջին ազգային օպերայի (1941) և մի շարք այլ օպերաների հեղինակը: Ջութակահար Դմիտրի Ախշարումովը հանդես է եկել նաև որպես դիրիժոր, զգալի վաստակ ունի թուրքմենական ազգային երաժշտության բարձրակարգ կատարողներ պատրաստելու գործում:

Կերպարվեստ և ճարտարապետություն: Այս բնագավառում ճա¬ նաչման է արժանացել գեղանկարիչ Սերգեյ Բեգլյարովը, որը թուրքմենական կերպարվեստի ազգային դպրոցի հիմնադիրներից է: Քանդակագործ Ալեքսանդր Աբրամովը Թ-ի քաղաքներում տեղադրված մի շարք արձանների հեղինակ է: Ճարտարապետներ Վիկտոր Կուսատումովը և Հենրիխ Այվազովը նախագծել և կառուցել են մի շարք հասարակական նշանակության շինություններ, մասնակցել են Աշխաբադի և այլ քաղաքների կառուցապատման նախագծերի մշակմանը:


ՄԱՄՈՒԼ

Թ-ում հրատարակվել են երեք անուն հայկական թերթեր, որոնք կարճատև կյանք են ունեցել: 1919-ին Աշխաբադում հրատարակվել է Հայ ժողովրդական կուսակցության տեղի կազմակերպության «Ժողովրդական թերթը» (լույս է տեսել 9 համար): Նույն թվականին Աշխաբադում հրատարակվել է «Շեփոր» թերթը (շաբաթը 2-3 համար), որը եղել է Անդրկասպյան ռազմահեղափոխան խորհրդի հրատարակությունը (խմբագիր՝ Նիկոլայ Սարգսյան): 1920-ին Հայկական գործերի կոմիսարիատի Պոլտորացկի (Աշխաբադի) բաժանմունքը հրատարակել է «Կոչնակ» թերթը (խմբագիր՝ Գաբրիել Սադաթյան, լույս է տեսել 20 համար), որի հիմնական նպատակն էր տարածել խորհրդային իշխանության գաղափարախոսությունն ու որոշումները Անդրկասպյան մարզի հայության շրջանում:

Թ-ի հայ մտավորականներից ոմանք աշխատակցել են Աշխաբադում լույս տեսնող ռուսական թերթերին. հայտնի է լիբերալ-ժալովր-