Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/204

Այս էջը սրբագրված է

ԻՆԴՈՆԵԶԻԱ

Ինդոնեզիայի Հանրապետություն, պետություն Հարավարևելյան Ասիայում: Տարածքը՝ 1904,5 hզ. կմ²: Բնակչությունը՝ 204,5 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Ջակարտա (10 մլն):

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

Ի-ում կազմավորված հայ համայնքի մասին առաջինը տեղեկություն է տալիս ռուս գիտնական Ի. Բակունինը. նրա տվյալներով՝ XVII դ. Ճավա կղզում բնակվել է 2 հզ. հայ: XVII դ. հայ համայնքի գոյության փաստը հավաստում է նաև Կոստանդ Ջուղայեցին՝ «Առևտրական մատյան»-ում: Հոլանդական արևելա-հնդկական ընկերության 1656-ի արձանագրություններից մեկում հիշվում է Մակասարում բնակություն հաստատած հայ վաճառական Խոջա Սոլիման: XVIII դ. կեսին երկրի ամենամեծ և ազդեցիկ վաճառականներից էր Հարություն Զաքարիան: Երևելի վաճառականներ են դարձել Բատավիայում (այժմ՝ Ջակարտա) հաստատված Մանվել Շիրինյանը, Մանուկ Հակոբյանը, Վարդան Գասպարյանը: 1747-ի մարտի 21-ի հրովարտակով հոլանդացիներն Ի-ի հայերին շնորհել են եվրոպացիներին հավասար «ազատ քաղաքացու» իրավունք, ինչը նպաստել է հայերի հոսքին Ի.: Հայերն Ի. են գաղթել հիմնականում Նոր Ջուղայից (Իրան) և Մադրասից (Հնդկաստան), նրանք բնակություն են հաստատել Բատավիայում, Սեմարանգում, Սուրաբայայում, Չերիբոնում, Թեգալում, Բանդունգում, Սուրակարտայում, Մակասարում: Զբաղվել են գլխավորապես վաճառականությամբ, նաև արհեստներով:

Ի-ի հայերը սերտ կապեր են ունեցել Հնդկաստանում գործող հայ առևտրական մեծ տների հետ, նրանցից շատերն այդ հաստատությունների գործակալներ էին կամ մասնաճյուղերի պաշտոնյաներ: Հայ վաճառականներն արտահանել են շաքար, համեմունքներ, խեժի տեսակներ, ներմուծել մեղրամոմ, ալյուր, արմավ, վարդի ջուր ևն:

1831-ին Բատավիայում հայերը Հակոբ Հարությունյանի բարերարությամբ կառուցել են փայտաշեն մատուռ՝ Ս. Հռիփսիմե անունով (հրավիրվել է հոգևոր հովիվ), իսկ 1852-ին՝ Ս. Հովհաննես եկեղեցին: 1927-ից Սուրաբայայում գործել է Ս. Գևորգ եկեղեցին, որը համայնքի հոգևոր և մշակութային կենտրոնն էր: 1855-ին Բատավիայում մեծահարուստ վաճառական Գևորգ Մանուկ Մանուչարյանի կտակած գումարով նրա քույրերը բացել են «Մանուկ և Հարություն» երկսեռ դպրոցը (գիշերօթիկ բաժնով): Հիմնական դասավանդվող առարկաներն էին հայոց լեզուն, հայ գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը, նաև անգլերենը, հոլանդերենը, գերմաներենը և ֆրանսերենը: 1872-ին դպրոցը փակվել է, վերաբացվել է 1923-ին: Ինդոնեզահայերի ազգային կյանքը կարգավորելու համար կազմվել է կանոնադրություն (27 կետից), որը «Սահմանադրություն և կարգավորություն ժողովրդյան հայոց ի Ճավա» վերտառությամբ հաստատել է երկրի կառավարությունը՝ 1880-ի հունվարի 6-ին: Կարիքավոր հայրենակիցներին (Ի-ում և Նոր Ջուղայում) օգնելու, ինչպես նաև հայ մշակույթը սատարելու նպատակով ինդոնեզահայերը հիմնել են կազմակերպություններ. 1852-ին՝ Հայկական միաբանությունը (զբաղվել է հայ կարոտյալ-