ԻՍՐԱՅԵԼ
Իսրայելի Պետություն, պետություն Մերձավոր Արևելքում՝ Միջերկրական ծովի հարավարևելյան ափին: Տարածքը՝ 20,8 հզ. կմ² (ՄԱԿ-ի 1947-ի որոշմամբ սահմանված 14,1 հզ. կմ² տարածքին ավելացել են 1948-49-ի արաբա-իսրայելյան պատերազմի ընթացքում գրաված հողերը): Բնակչությանը' 6,1 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Թել Ավիվ (400 հզ.):
Հայերի թիվը Իսրայելում և 1967-ին Հորդանանից գրաված տարածքներում՝ շուրջ 16 հզ.:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև հաստատվել են 1992-ին:
Հայաստանն ու հայերը Իսրայելի հետ (Պաղեստինի պատմական տարածքի մի մասն է) կապեր են ունեցել վաղնջական ժամանակներից, հատկապես Տիգրան Բ Մեծի օրոք, սակայն հայերի նկատելի հոսքը Պաղեստին սկսվել է քրիստոնեության տարածման առաջին դարերից, իսկ IV դ. արդեն նրանք Երուսաղեմում հիմնել են եկեղեցիներ ու վանքեր: Երուսաղեմ եկած ուխտավոր հայերի մի մասը մշտական բնակություն է հաստատել այստեղ: Շուտով Երուսաղեմում և Պաղեստինի մի շարք այլ բնակավայրերում գոյացել է նաև առևտրականներից և արհեստավորներից բաղկացած հայ աշխարհիկ համայնք: Երուսաղեմում առ այսօր հայտնաբերված հայերեն արձանագրություններ կրող խճանկարները թվագրվում են V-IX դդ.: Երուսաղեմում և մոտակա սրբավայրերում մշտապես բնակվող հայ հոգևորականներն այլազգի կրոնավորների հետ ապրել և աղոթել են նույն վանքերում և եկեղեցիներում: VI դ. վերջին, սակայն, Երուսաղեմի միասնական քրիստոնյա համայնքը քայքայվել է Քաղկեդոնի ժողովի (451) որոշումների շուրջ առաջացած միջքրիստոնեական վեճերի հետևանքով: Հայ հոգևորականներն այնուհետև Երուսաղեմում ունեցել են իրենց պատկանող մի քանի տասնյակ եկեղեցիներ և մատուռներ: VII-XI դդ. Երուսաղեմի վրա իշխող արաբ և այլ մահմեդական իշխանավորներ ճանաչել են հայ համայնքի ինքնուրույնությունն ու նրա իրավունքները որոշ քրիստոնեական սրբավայրերի նկատմամբ: XI դ. Երուսաղեմի հայկական թաղամասը, որը հին քաղաքի չորս թաղամասերից մեկն է, արդեն իսկ զբաղեցրել է իր ներկայիս (շուրջ 120000 մ) տարածքը: Կիլիկյան հայոց թագավորների օրոք հայերն ավելի են ամրացել Երուսաղեմում: Քաղաքի հայ բնակչությունն ավելացել է XI դ. վերջին-XII դ. սկզբին, երբ այն նվաճել են խաչակիրները, որոնց բանակում եղել են հայեր Կիլիկիայից և Սիրիայից: Կիլիկիայի Թորոս Բ իշխանապետի (1145-1169) և Երուսաղեմի թագավոր Ամալրիխի (1162-1173) միջև բանակցություններ են վարվել 30 հզ. հայերի Կիլիկիայից Պաղեստին վերաբնակեցնելու վերաբերյալ (Երուսաղեմի թագավորության ռազմական ուժը մեծացնելու նպատակով):
Երուսաղեմում բնակվող հայերը հիմնականում կենտրոնացած էին քաղաքի փողոցներից մեկում, որը կոչվում էր Հայկական: Պատմիչները վկայում են, որ այդ շրջանում Երուսաղեմում հաստատված հայկական միաբանության անդամների թիվը հասել է 500-ի, իսկ