Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/210

Այս էջը սրբագրված է

յունների առջև հայ առաքելական համայնքի (ներառյալ աշխարհականների) ներկայացուցիչը: Ընտրվում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովի կողմից և հաշվետու է նրան: Ընտրությունը հաստատում է Ամենայն հայոց կաթողիկոսը և Երուսաղեմի վրա իշխող պետության ղեկավարը: Պատրիարքության նյութական միջոցները գոյանում են ուխտավորների կատարած նվիրատվություններից, տարբեր հայ գաղութներ գործուղված նվիրակների կատարած հանգանակություններից, Երուսաղեմում և այլուր ունեցած կալվածքների հասույթներից:

VII դ. Երուսաղեմի հայկական միաբանության առաջնորդին (վանահորը) հունաց ուղղափառ պատրիարքին հավասար իրավունքներ տվել և միաբանությունը պատրիարքական աթոռ դարձրել են արաբները: Երուսաղեմի հայոց հոգևոր առաջնորդ, առաջին պատրիարք Աբրահամը (638-669), միջնադարյան վավերագրերի համաձայն, մեկնել է Մուհամմեդ մարգարեի մոտ և նրանից ստացել հավատարմագիր, որով Երուսաղեմի հայոց պատրիարքությունն անջատվել է հունականից, հայոց սեփականություն են ճանաչվել Ս. Էջմիածին վանքն իր կալվածքներով, Բեթղեհեմի Ս․ Ծննդյան տաճարի և Ս․ Հարության տաճարի որոշ մասերը, Ձիթենյաց լեռան ստորոտին գտնվող Ս․ Մարիամ Աստվածածին եկեղեցին, Գողգոթայի բարձունքը և այլն։ Պատրիարքը խոստացել է վճարել սահմանված տուրք ենթարկվել միայն մահմեդական իշխողներին։ Այս հաստատագիրը նորոգվել է հետագա ժամանակներում։

Մինչ 1311-ը Երուսաղեմի հայոց պատրիարքությունը գտնվել է Կիլիկիայի հայոց թագավորների և Սսում նստող Հայոց կաթողիկոսների իշխանության ներքո։ Չընդունելով Օշին թագավորի, Գրիգոր Է Անավարզեցի և Կոստանդին Գ Կեսարացի կաթողիկոսների լատինամետ քաղաքականությունը և չենթարկվելով 1307-ի Սսի ժողովի որոշումներին՝ Երուսաղեմի հայոց պատրիարք Սարգիսը, Հայ եկեղեցու վարդապետությունն անաղարտ պահելու համար, անջատել է իր Աթոռը Կիլիկիայի քաղաքական և եկեղեցական իշխանությունից։ 1311-ից, Եգիպտոսի սուլթանի հրովարտակով, Երուսաղեմի հայոց պատրիարքությունը դարձել է անկախ, ինչը հիմք է տվել որոշ ուսումնասիրողների կարծելու, թե պատրիարքությունը հիմնադրվել է այդ թվին։

Օսմանյան տիրապետության տարիներին Երուսաղեմի հայոց պատրիարքության գերիշխանությունը տարածվել է Սիրիայի, Լիբանանի, Կիպրոսի և մինչև 1839-ը՝ Եգիպտոսի թեմերի վրա։

XVII դ․ 1-ին կեսին իր ծավալած շինարարական աշխատանքով աչքի է ընկել Գրիգոր պատրիարք Պարոնտերը։ Ս․ Հակոբյանց վանքի պարիսպներից ներս գտնվող բնակարանների գրեթե կեսը կառուցվել է նրա օրոք։ 1664-ին Եղիազար Այնթապցին Երուսաղեմում հաստատել է Մայր աթոռ Ս․ Էջմիածին հակաթոռ կաթողիկոսություն, իրեն ենթարկել օսմանյան տերության տարածքում գործող եկեղեցական թեմերը: 1682-ին, Եղիազար Ա Այնթապցու Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, Երուսաղեմի կաթողիկոսությունը վերացվել է: 1702-ին Կ. Պոլսի պատրիարք Ավետիք Եվդոկացին զբաղեցրել է նաև Երուսաղեմի հայոց պատրիարքության աթոռը, և մինչև 1715-ը Երուսաղեմում հայոց առանձին պատրիարք չի եղել: Ս. Հակոբյանց վանքն այդ շրջանում կառավարել են Կ. Պոլսից նշանակված վիքիները (փոխանորդ) և ընկել պարտքերի տակ: 1715-ին Կ. Պոլսի նորընտիր պատրիարք Հովհաննես Կոլոտ Բաղիշեցին վերահաստատել է Երուսաղեմի ինքնուրույն պատրիարքությունը: Վերջինիս առաջարկով Երուսաղեմի պատրիարքական աթոռին բազմած Գրիգոր Զ Շղթայակիրը մարել է պարտքերը, ձեռնամուխ եղել շինարարական աշխատանքների: 1833-ին Զաքարիա պատրիարքի ջանքերով Երուսաղեմում հիմնադրվել է տպարան, 1843-ին` բացվել Ժառանգավորաց վարժարանը: 1855-85-ին Եսայի վրդ. (հետագայում` պատրիարք) Կարապետյանը վանքում յացել է լուսանկարչական արհեստանոց: 1916-ին երիտթուրքական կառավարությունը վերացրել է Կիլիկիայի կաթողիկոսությունն ու Կ. Պոլսի և Երուսաղեմի