ԻՏԱԼԻԱ
Իտալիայի Հանրապետություն, պետություն Եվրոպայի հարավում: Տարածքը՝ 301,3 հզ. կմ²: Բնակչությունը՝ 57,6 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Հռոմ (2,7 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 3 հզ.:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:
Ի-ում հայերը սկսել են բնակվել դեռևս հռոմեական շրջանից: Միջնադարյան շրջանի վերաբերյալ առաջին տեղեկությունները VI-VII դարերից են: Գոթական ցեղերի դեմ պատերազմող բյուզանդական զորաբանակի կազմում եղել են հայեր: Ռավեննա քաղաքի հայազգի զորահրամանատարներից էին Նարսեսը (Ներսես), Իսահակ (Իսակիոս) Հայկազնը և ուրիշներ, որոնց վստահվել է Ի-ի փոխարքայի պաշտոնը: Ռավեննայի Սան Վիտալե եկեղեցում է գտնվում Իսահակ Հայկազնի հուշարձանը՝ իր հայկական ծագումը հաստատող քանդակներով և արձանագրություններով, նույն եկեղեցու մի խճանկարում հավանորեն երևում է Նարսեսը: Ռավեննա քաղաքի կայազորի զբաղեցրած շրջանը կոչվել է «Արմենիա», որովհետև զինվորները մեծ մասամբ հայեր էին: Ռավեննայի այս կորիզը արդարացիորեն համարվում է միջնադարյան Ի-ի առաջին հայկական գաղութը: Այստեղ հաստատված հայերը բյուզանդահայեր էին, որոնք կարևոր դեր են խաղացել Բյուզանդական կայսրության քաղաքական, ռազմական, վարչական կյանքում: VI-VII դդ. հայկական մի զորաբանակ տեղաբաշխված է եղել Սիցիլիայում, որի կառավարիչների թվում հիշատակվում են Հովհաննես Արշավանու որդի Արտաբանը (VI դ.), հակակայսր հռչակված Մժեժ իշխանը (660-ական թթ.) և «պատրիկ», «պրոկոնսուլ», «մագիստրոս» ու «կեսար» տիտղոսներին արժանացած Ալեքս-Մուշեղ Մամիկոնյանը:
649-ի Լատերանի ժողովի մասնակիցների թվում հիշատակվում են երկու հայ հոգևորականներ: IX դ. վերջին և XI դ. կեսին Բալկանյան թերակղզու հալածական բազմաթիվ հայ պավլիկյաններ տեղափոխվել են Ի.: X—XI դդ. լատին եկեղեցու կողմից «սուրբ» հռչակված հոգևորականների թվում նշվում են նաև հայեր՝ Դավինո Արմենո (Դավիթ Հայկազն), Սիմեոնե Արմենո (Սիմեոն Հայ): XII դ. հայ-իտալական հարաբերություններում բացվում է մի նոր ժամանակաշրջան, երբ պետական մակարդակի են հասնում Կիլիկիայի հայկական թագավորության և Ի-ի քաղաք-պետությունների (Վենետիկ, Ջենովա) միջև առնչությունները: Այդ նոր պատմական իրադրությունն օգնել է հայերին ավելի հիմնավոր հաստատվել Ի-ի շատ քաղաքներում՝ ստեղծելով ծաղկող գաղութներ:Այդ ժամանակաշրջանում (XII դ.) Հայոց եկեղեցին սկսել է հաճախակի և անմիջական շփման մեջ մտնել Հռոմի եկեղեցու հետ: XII դ. 2-րդ կեսին Ի-ի ինը քաղաքներում գործել են տասից ավելի հայկական եկեղեցիներ: XII-XIV դդ., երբ առևտրական սերտ հարաբերություններ են հաստատվել Կիլիկյան Հայաստանի, Ղրիմի և Ի-ի քաղաքների (Ջենովա, Վենետիկ,