բը, Հայ մշակույթի ոաումնասիրության և վավերագրման կենտրոնը, «Զատիկ» ընկերակցությունը, Իտալի-Արմենիա և Ամիչի դ՚Արմենիա (Հայաստանի բարեկամներ) ընկերակցությունները: 1968-ին Արմեն և Հակոբիկ Մանուկյան եղբայրները հիմնել են «Հայ ճարտարապետության վավերագրեր» մատենաշարը: Բոլոնիայի (1973-ից), Վենետիկի (1976-ից) համալսարաններում կան պետության կողմից ֆինանսավորվող հայագիտական ամբիոններ (վարիչներ՝ համապատասխանաբար Գաբրիելա Ուլուհոճյան և Լևոն Զեքիյան), Միլանի պետական համալսարանում՝ հայերեն լեզվի դասընթաց (լեզվակրթիչ՝ Պայքար Սվազլյան): 1986-ից առ այսօր Վենետիկի պետական համալսարանում գործում է հայոց լեզվի և մշակույթի ամառային խտացյալ դասընթաց: 1947-67-ին լույս է տեսել «Մխիթարյան ընտանիք» թերթը, 1969-85-ին՝ «Հայ ընտանիքը» (նաև անգլերեն բաժնով): Կարճատև կյանք է ունեցել «Զեյթուն» պարբերականը (հիմնականում՝ իտալերեն): Պարբերաբար լույս է տեսել «Ձայնը»: Երկրի հայ և իտալացի գիտնականների, մտավորականների ջանքերով 1975-ից ի վեր կազմակերպվել են հայ մշակույթին, ճարտարապետությանը նվիրված գիտաժողովներ, հայկական ֆիլմերի փառատոներ, գեղանկարչական ցուցահանդեսներ՝ մասնավորապես Միլանում, Հռոմում, Վենետիկում:
1990-ական թթ. վերջին «Հայաստանի բարեկամներ» ընկերակցության ջանքերով Ի-ի ավելի քան 30 քաղաքներ, այդ թվում՝ Հռոմ, Միլան, Ֆլորենցիա, Վենետիկ, ճանաչել են 1915-ին Թուրքիայում հայերի ցեղասպանությունը, իսկ 2000-ին ցեղասպանության փաստը ճանաչել է Ի-ի խորհրդարանը:
Ի. առաջին երկրներից էր, որ օգնության ձեռք մեկնեց 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին: Իտալացի շինարարների ջանքերով Սպիտակում կառուցվել են Իտալական ավանը, իտալական դպրոց, բժշկական կենտրոն և ատամնաբուժարան: Քաղաքի առողջապահական կառույցներին զգալի օգնություն է ցուցաբերել Բերգամո-Սպիտակ ընկերակցությունը:
Հռոմում հայերի մասին հիշատակություններ կան դեռևս մ.թ.ա. I դարից: Մ.թ. 65-ին Հայոց թագավոր Տրդատ Ա շուրջ 3 հզ-անոց շքախմբով այցելել է Հռոմ՝ Ներոն կայսեր կողմից թագադրվելու: IV դ. Հռոմում մեծ հռչակ է վայելել հայազգի հռետոր Պարույր Հայկազնը (որի պատվին Հռոմում հուշարձան է կանգնեցվել): 552-ին բյուզանդական զորքերի հայազգի հրամանատար, Ռավեննայի փոխարքա (541-568) Նարսես Պատրիկը Հռոմը ազատագրել է գոթերից, այնուհետև շինարարական լայն գործունեություն ծավալել՝ կառուցելով «Սալարեան» կամուրջը (արձանագրություններում հիշատակված է եղել նրա անունը): Ավանդությունը Նարսեսին է վերագրում նաև «Կիլիկյան» վանքի շինարարությունը: VII դ. Հռոմում գոյություն է ունեցել հայկական մի վանք, որի աբբա Թաղասիոսը մասնակցել է 649-ի Լատերանի ժողովին: XI դ. Հռոմում կար Ս. Հակոբ հայկական եկեղեցի, կից՝ վանք և կացարան: Հայերի անունով է կոչվել մի թաղամաս: XIII-XIV դդ. Հռոմի հայ համայնքը, ինչպես նաև իտալահայ մյուս համայնքները ստվարացել են: Հռոմ են եկել հայ մտավորականներ, եկեղեցական գործիչներ, վաճառականներ: XII-XIV դդ. Հռոմի հայ գաղութի համար եղել է մշակույթի ծաղկման շրջան, օրինակվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, 1584-ին լույս է տեսել Հռոմում տպագրված առաջին հայերեն գիրքը Հովհաննես Տերզնցու և Սուլթանշահ Թոխաթեցու «Տոմար Գրիգորյանը»: 1883-ին հիմնադրվել է Լևոնյան հայ վարժարանը, որը կաթոլիկ հայ հոգևորականների պատրաստման բարձրագույն դպրոց է: XIX դ. առաջին կեսին Վենետիկի Մխիթարյաններն իրենց ներկայացուցիչներն են ունեցել Հռոմում, իսկ 1922-ից՝ նաև ուսանողական մի կացարան՝ Հռոմի համալսարան հաճախող իրենց ուսանողների համար: XIX դ. (մինչև 1870-ական թթ.) Հռոմում իր ներկայացուցիչներն է ունեցել նաև Անսանյան հայ կաթոլիկ վանականների միաբանությունը, որը հետագայում դադարել է գոյություն ունենալուց:
1966-67-ին Հռոմի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ (պրոֆեսորներ Գեզա Ֆրանկովիչը, Ֆեռնանդա դե Մաֆֆեին, Պաոլո Կունեոն, ճարտարապետ Հերման Վահրամյանը) սկել են զբաղվել հայ միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրությամբ, կատարել բազմաթիվ գիտարշավներ Արևմտյան Հայաստանի