Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/229

Այս էջը սրբագրված է

ԻՐԱՆ

Իրանի Իսլամական Հանրապետություն (մինչև 1935-ը՝ Պարսկաստան), պետություն Հարավարևմտյան Ասիայում: Տարածքը՝ 1648 հզ. կմ²: Բնակչությունը՝ 69 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Թեհրան (7 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 80 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

Հայ-իրանական առնչություններն սկզբնավորվել են դեռևս մ.թ.ա. I հազարամյակում և ներառել ռազմաքաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներ: Ի-ում հայերի ներկայության մասին առաջին հավաստի վկայությունները վերաբերում են այստեղ զինվորական ծառայություն անցած հայկական զորամասերին և թվագրվում մ.թ.ա. VII-VI դդ.: Անուղղակի վկայություններ կան նաև հայ արհեստավորների և առևտրականների փոքր գաղութների առկայության մասին:

Ժամանակակից Ի-ի հյուսիսարևմտյան հատվածը կազմում են պատմական Հայաստանի Պարսկահայք աշխարհը [Հեր և Զարևանդ (այժմ՝ Խոյ), Առնա, Զարեհավան և Տամբեր (այժմ՝ Սալմաստ, Դիլման, Ճարա ևն), Այլի-Կուռիճան (այժմ՝ Բրադոստ, Բերդաձոր-Թարգյավառ), Թրաբի (այժմ՝ Ուրմիա), Մարի (այժմ՝ Մարգյավառ) և Արիսի-Ովեա (այժմ՝ Ուշնավիե) գավառներով], ինչպես նաև Վասպուրականի արևելյան մասը՝ Արտազը (այժմ՝ Մակու, Ավաջուղ), Ճվաշռոտը (այժմ՝ Չորս), Աղանղռոտը (այժմ՝ Ալանդ), Բաքանը (այժմ՝ Իսլամական Հանրապետության Մարանդ), Արտավանյանը (այժմ՝ Ղարադաղ-Արասբարան), Գաբիթյանը (այժմ՝ Թացու- Թասվիջ) ևն: Այս տարածքներն ընդհուպ մինչև 428-ն ընդգրկված էին հայոց պետականության ոլորտում: Լինելով հայ ժողովրդի բնօրրանի բաղկացուցիչ մասը՝ դրանք վաղնջագույն ժամանակներից եղել են նաև հայ-իրանական պետական-մշակութային փոխազդեցությունների և փոխառնչությունների կարևորագույն գոտի:

Հետագա ժամանակաշրջանում Ի-ի հայ բնակչության թիվն ավելացել է հիմնականում բռնագաղթի հետևանքով: Բռնի վերաբնակեցման առաջին փորձը կատարվել է Սասանյան հարստության հիմնադիր Արտաշիրի օրոք (226-241): Հայ-պարսկական հարաբերություններն ավելի են սրվել հատկապես IV դարից, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական