հայության թիվը զգալիորեն նվազել է: Արտագաղթողների մեջ մեծ թիվ են կազմել ձեռնարկատերերն ու մտավորականները:
Մինչև XX դ. սկիզբն իրանահայության ավանդական կենտրոններն Ատրպատականը և Սպահանն էին: Դարասկզբին արագորեն աճել է Թեհրանի և նրա շրջանի հայ բնակչությունը: 1946-ի հայրենադարձության ժամանակ մեծ թվով իրանահայեր երկրի տարբեր շրջաններից փոխադրվել են Թեհրան՝ այստեղից Հայաստան մեկնելու մտադրությամբ: 1950-ական թթ. վերջին թեհրանահայության թիվը հասել է 65 հզ-ի, 1970-ական թթ. սկզբին՝ ավելի քան 100 հզ-ի, իսկ հեղափոխության նախօրյակին՝ ավելի քան 120 հզ-ի: Ընդհանուր առմամբ, Թեհրանի և նրա շրջակայքի հայության թիվն անցել է 150 հզ-ից, մինչդեռ Ատրպատականի և Իրանա-Հնդկաստանի թեմերի տարածքում ապրող հայերի թիվը կազմել է ընդամենը 40-50 հզ.: Արմատական տեղաշարժեր են տեղի ունեցել նաև քաղաքային և գյուղական բնակչության հարաբերակցության մեջ: 1970-ական թթ. վերջին իրանահայության 95 %-ը քաղաքաբնակ էր:
1980-ական թթ. երկրի հայահոծ քաղաքներից, հատկապես Նոր Ջուղայից, Թեհրանից, Խուզեստանի նահանգից և այլ հայաբնակ վայրերից արհեստավոր և ծառայող հայ ընտանիքների մի մասը տնտեսական պայմանների, բնակարանային խնդրի բարդացման հետևանքով մեկնել է նորակառույց քաղաքներ, մասնավորապես՝ Շահինշահը և արդյունաբերական հեռանկար ունեցող Արաք (նախկին՝ Սուլթանաբադ) քաղաքը:
Ներկայումս (2003) Ի-ում բնակվում է շուրջ 80 հզ. հայ: Համայնքը խիստ շերտավորված է: Կան մեծ թվով արհեստավորներ, արդյունաբերության տարբեր ճյուղերում աշխատող բանվորներ, զգալի թվով գյուղացիներ, մտավորականներ (բժիշկ, ճարտարագետ, ճարտարապետ, ուսուցիչ), պետական հիմնարկների ծառայողներ են: Մինչև 1979-ի իսլամական հեղափոխությունը զգալի թիվ են կազմել նաև հայ խոշոր ձեռնարկատերերն ու առևտրականները: Հայերի մեծ մասը բնակվում է քաղաքներում (Թեհրան, Թավրիզ, Ռեշտ, Ուրմիա, Սպահան, Շիրազ, Ահվազ, Արաք, Շահինշահը, Սարի, Ղազվին, Գորգան, Մեշհեդ):
Գործում են ՀԲԸՄ-ի, Համազգային մշակութային միության, ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի մասնաճյուղերը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունը, Հայ կին միությունը, Իրանահայ ազգային և մշակութային միությունը, Նոր Ջուղայի մշակութային միությունը, Թեհրանի հայ կանանց բարեգործական միությունը, «Արարատ» և «Հայ երգ» երաժշտական ընկերությունները ևն: Թեհրանի ազատ համալսարանի և Սպահանի համալսարանի գրականության ֆակուլտետներին կից գործում են հայագիտական ամբիոններ: Ի. սփյուռքի հրատարակչական կենտրոններից է, այստեղ տպագրվում են հայ հեղինակների աշխատություններ, պարբերականներ, օրացույցներ ևն:
Թեհրանում հայերը բնակություն են հաստատել XVIII դ. 2-րդ կեսին: 1768-ին ձեռնարկել են Ս. Թադեոս-Բարդուղիմեոս եկեղեցու, 1790-95-ին՝ Ս. Գևորգ եկեղեցու կառուցումը: 1857-ին Թեհրանում եղել է 110, 1913-14-ին 575 հայ ընտանիք (2905 մարդ), 1959-ին՝ շուրջ 65 հզ., 1978-ին՝ 110 հզ. հայ: Ներկայումս (2003) Թեհրանի հայության թիվը մոտ 50 հզ է: Համայնքի գերակշիռ մեծամասնությունը արհեստավորներ են (ոսկերիչ, դերձակ, հյուսն, կոշկակար), զգալի թիվ են կազմում ձեռնարկաաերերը, պետական ծառայողները, ինչպես նաև բժիշկները, ճարտարապետները, ճարտարագետները, փաստաբանները, ուսուցիչները: Մինչև 1870-ը, բացի վերոհիշյալ երկու եկեղեցիներից, ազգային որևէ հաստատություն կամ կազմակերպություն չի եղել: 1870-ին հիմնվել է Ուսումնասիրաց միությունը, որը 1871-ին բացել է Հայկազյան միջնակարգ դպրոցը (2 բաժնով, տղաների՝ Դավթյան, և աղջիկների՝ Մարիամյան): 1871-ին հիմնվել է