Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/240

Այս էջը սրբագրված է

է Նոր Ջուղայի մշակութային կյանքը: Կառուցվել է թանգարան-մատենադարանի շենքը (1905): 1930-ական թթ. ստեղծվել են ազգային ակումբներ, կազմակերպվել երգչախմբեր: Հրատարակվել են «Նոր Ջուղայի լրաբեր» ամսաթերթը (1904-1908), «Նոր Ջուղայի ավետաբեր (1906-11), «Ընկեր» (1920) թերթերը և 10 անուն ձեռագիր կամ մեքենագիր պարբերականներ: 1946-ից սկսվել է նորջուղահայերի ներգաղթը Հայաստան:

1952-ին Նոր Ջուղայում բնակվել է 4675, 1958-ին՝ 5 հզ., 1969-ին՝ 8 հզ., 1979-ին՝ 10 հզ. հայ: Ներկայումս (2003) Նոր Ջուղան Սպահանի թաղամասերից է: Հայության թիվը շուրջ 7 հզ. է: Հիմնականում զբաղվում են արհեստներով, տնայնագործությամբ, զգալի թիվ են կազմում մանր ձեռնարկատերերն ու առևտրականները, մտավորականները:

Չարմահալ (Չարմհալ) գավառում հայերը հաստատվել են XVII դ. սկզբին՝ շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի հեաեանքով: Մինչև XVIII դ. 1-ին կեսը նրանք այստեղ բնակվել են զանգվածաբար: Սակայն Ի-ում ստեղծված անապահով վիճակը ծանր հետևանքներ է ունեցել նաև Չարմահալի հայ բնակչության համար, որի թիվը հետագա տասնամյակներին խիստ նվազել է. ամայացել են բազմաթիվ մարդաշատ գյուղեր [Գյանդուման, Գիշնիգան, Դեհքորդ (այժմ՝ Շահրքորդ, գավառի վարչական կենտրոնը), Զիվրիգան, Շալամզար, Ռաստով, Սիբաք, Սուլուգան, Վաստիգան, Ֆռընդիգան ևն. անգամ XX դ. 2-րդ կեսին շատ վայրերում պահպանվել էին եկեղեցիների ավերակներ, տապանաքարեր]:

Հայ բնակչությունը կրկին սկսել է աճել XIX դ. 2-րդ կեսին: 1916-ին Չարմահալում ապրում էր 4278, 1936-ին՝ 4300 հայ, որոնք տեղաբաշխված էին Գյանդուման, Քիար և Լար գավառակների Ահմադաբադ, Աղբուլաղ, Բալըղլու, Դեշիխ, Լիվասիան, Հաջիաբադ, Մամուռան, Մամաքա, Մուչիգան, Շահբուլաղ, Սինագան, Սիբաք, Վերին և Ներքին (Ցածի) Քոնարք բնակավայրերում: 1930-ական թթ. կեսից ապրուստի միջոցներ հայթայթելու համար դեպի Ի-ի նավթարդյունաբերական շրջաններ և Իրաք են մեկնել բազմաթիվ երիտասարդներ. Չարմահալի հայ բնակչության թիվը կրկին զգալիորեն նվազել է՝ 1946-ին կազմելով 2750 մարդ: Ներգաղթի ժամանակ հայրենիք է վերադարձել շուրջ 1300 չարմահալցի հայ: Տեղում մնացած փոքրաթիվ ընտանիքներն իրենց հերթին աստիճանաբար տեղափոխվել են Խուզեստանի նավթային կենտրոններ [Աբադան, Աղաջարի, Բանղար-Մաշհուր, Մասջեղ-Սոլեյման ևն], ինչպես նաև Թեհրան, Նոր Ջուղա. 1960-ական թթ. վերջին Չարմահալը լիովին հայաթափվել է:

Ռեշտ (Ռաշտ) քաղաքում (Գիլանի նահանգ) հայերը հաստատվել են XVII դ.: Մինչև XX դ. սկիզբն այն եղել է մետաքսի և բրնձի առևտրով զբաղվող առանձին վաճառականական գերդաստանների (Թումանյան, Ասլանյան, Հորդանանյան, Կուսիկյան ևն) կարևոր կենտրոն: Գործել են «Լիազանով» և «Թումանյան» առևտրական տները, որոնք լայն կապեր են ունեցել հատկապես Ռուսաստանի հետ: XIX դ. 50-ական թթ. Ռեշտում ապրել են 800, իսկ հարևան գյուղաքաղաքներում (Լահիջան, Լանգերուդ ևն)՝ 400 հայեր: 1934-ին Ռեշտում կար 616 (151 ընտանիք), իսկ 1989-ին՝ 194 (43 ընտանիք) հայ: Գործում էին Ս. Մեսրոպ եկեղեցին (1966-ից), «Մարիամյան» դպյացը, «Արարատ» մարզամշակութային միությունը: Փոքրաթիվ հայ համայնքներ կան նաև հարևան Մազանդարանի Ասթարաբադ, Բանդար-Թորքեման, Գոնբաղ-է Քաբուս, Գոլեստան, Գորգան, Սարի ևն քաղաքներում:

Սալմաստը (պատմական Զարեհավան և Առնա) Ատրպատականի թեմի ամենահայաշատ գավառն էր: Մինչև 1826-28-ի ռուս-պարսկական պատերազմը հայերը եղել են Սալմաստի հիմնական բնակիչները: Սակայն պարսկահայերի գաղթի ժամանակ հազարավոր սալմաստեցի հայեր տեղափոխվել են Արևելյան Հայաստան (Վայոց ձոր, Արարատյան դաշտ ևն), որոնց փոխարինել են թաթարներ (ադրբեջանցի թուրքեր) և քրդեր: XX դ. սկզբին Սալմաստի շուրջ 10 հզ. հայերը (ողջ բնակչության 20-25 %-ը) տեղաբաշխված էին 3 տասնյակից ավելի գյուղերում: Աչքի են ընկել Ախտախանա, Դրիշկ, Խոսրովա (Խոսրավա), Հաֆթվան, Հին քաղաք (Սալմաստ), Ղալասար, Ղզըլջա, Մահլամ, Սառնա, Սավրա, Սարամերիկ, Փայաջուկ, Քյալաշան բնակավայրերը: 1914-18-ին Ի-ի տարածք ներխուժած թուրքական զորքերը կազմակերպել են տեղի հայ և ասորի բնակչության կոտորածներ: Ավելի քան 2800 հայեր գաղթել են