Արևելյան Հայաստան: 1917-ին Սալմաստում կային 591 հայկական ընտանիքներ (շուրջ 3500 մարդ): 1946-ի ներգաղթից հետո Սալմաստում մնացել են սակավաթիվ հայեր, զգալի թիվ են կազմել նաև Թավրիզ և Թեհրան տեղափոխվածները: 1980-ական թթ. Սալմաստի գավառի տարածքում ապրել են փոքրաթիվ հայեր, հիմնականում կենտրոնում (Շահփուր կամ Դիլման, այժմ՝ Սալմաս), մասամբ՝ Խոսրովա, Հաֆթվան, Ղալասար, Մահլամ, Փայաջուկ գյուղերում: Սալմաստի Փայաջուկ գյուղում է ծնվել վիպասան Րաֆֆին, իսկ Հաֆթվանում՝ դերասան Մուրադ Կոստանյանը:
Ուրմիայում XX դ. սկզբին ապրել է 5600-6000 հայ՝ հիմնականում Բարանդուզ, Նազլու չայ և Շհար չայ գավառակներում: Գավառի կենտրոնում՝ համանուն քաղաքում (պատմական Որմի), եղել է փոքրաթիվ հայ համայնք (1905-ին՝ 55 ընտանիք՝ 350-360 անձ, ունեցել են եկեղեցի, դպրոց): Սակավաթիվ հայեր են բնակվել նաև Ուրմիայի լեռնային Սոմայի և Դոլ գավառակներում, հարևան Ուշնա (Օշնավիե, պատմական Շնավհ) գավառում: Ուրմիայի 4 տասնյակից ավելի հայաբնակ գյուղերից աչքի են ընկել Բաբառուն, Բաղլբոն, Բալանիշը (Բալանեժ), Գյարղաբադը, Դարբառուն, Դիգալան, Դիզաթափան, Թամաթարը, Իսալուն, Իքիաղաջը, Ղարաղըզը, Նախիջևանթափան (Նախճավան), Ռահվան, Սարդարուդը, Փաղբայլուն ևն: Զգալի թվով հայեր են բնակվել նաև Ուրմիայից հարավ գտնվող Պարսկական Քրդստանում (այժմ՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի կազմում), որի Միանդուաբ, Մուքրի, Սովուջբուլաղ և Սուլդուզ գավառներում գոյություն ունեին շուրջ 3 տասնյակ հայաբնակ գյուղեր [Դերելեք, Թաղիաբադ, Մահմադյար (Մեհմեդյառ), Միանդուաբ, Նաղադեյ, Սովուջբուլաղ (այժմ՝ Մեհաբադ քաղաք) ևն]: 1914-1918-ին Ուրմիայի հայերը ևս ենթարկվել են թուրքական կոտորածների: Արևելյան Հայաստան գաղթածների թիվը հասել է 2600-ի: 1948-ին Ուրմիայի 29 գյուղերում ապրել է շուրջ 3 հզ. հայ (մեծ մասը 1946-ին ներգաղթել է հայրենիք): Ավելի ուշ Ուրմիայի հայերի հիմնական հատվածը տեղափոխվել է Ի-ի այլևայլ վայրեր: Ներկայումս Ուրմիա քաղաքում, ինչպես նաև առանձին գյուղերում դեռ բնակվում են փոքրաթիվ հայ ընտանիքներ: Սակավաթիվ հայեր կան նաև Միանդուաբ [պահպանվելէ Ս. Սարգիս (Ս. Գևորգ) հողաշեն եկեղեցին] և Մեհաբադ (Սովուջբուլաղ, եկեղեցին Ս. Հովհաննես Կարապետ) քաղաքներում:
Փերիա (Ֆերեյդան) գավառում (Սպահանի նահանգ) հայերը հաստատվել են XVII դ. սկզբին՝ շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի հետևանքով: Նրանք Դարանի շրջանի Քյարչամբու, Վարզաղ, Գորջի և Չաղիգան գավառակներում հիմնել են ավելի քան 2 տասնյակ գյուղեր՝ եկեղեցիներով ու դպրոցներով: Զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով (գորգագործություն, բրուտագործություն ևն), սահաթով:
Փերիան Ի-ի առավել հայաշատ գավառներից էր: 1918-ին գավառն ուներ 13450 հայ բնակիչ, որոնք ապրում էին 26 գյուղերում: 1946-ին Փերիայի 16 հզ-ի հասնող հայ բնակչությունը տեղաբաշխված էր Ադիգան (329), Ազնավուլ (444), Բժկերտ (259), Բոլորան (1107), Գաջան (235), Դրախտակ (330), Խոյգան Վերին (1494), Խոջիղալա (322), Խունգ (505), Հադան (640), Հազարջրիբ (931), Ղալամելիք (195), Ղարղուն (992), Մազրաբադ (177), Միլակերտ (770), Մուղան (38), Նամակերտ (1809), Շահբուլաղ (375), Շուրիշկան (733), Չիգան (195), Սանգիբարան (1578), Սելբարդի (205), Սնկերտ (798), Սվա-