Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/244

Այս էջը սրբագրված է

մարզավանի Ս. Խաչ մատուռները, Գորգանի շրջանում՝ Ս. Աստվածածին մատուռը, Ռեշտ քաղաքում՝ Ս. Մեսրոպ եկեղեցին:

Եկեղեցիներ կան նաև թեմի մյուս քաղաքներում՝ Արաքում, Քալավայում, Ղարաղանում, Մեշհեդում, Քերմանշահում, Համադանում, Էնզելիում, Ղազվինում:

Ներկայումս Թեհրանի թեմի առաջնորդն է Սեպուհ եպս. Սարգսյանը (2000-ից):

Ի-ում կան նաև հայ կաթոլիկների և ավետարանականների համայնքներ: Թեհրանի հայ կաթոլիկական համայնքը ձևավորվել է 1934-ին, ներկայումս ունի մոտ 1200 անդամ: Այստեղ է գտնվում նրանց պատրիարքական փոխանորդությունն ու առաջնորդարանը: Իրանահայ կաթոլիկների մյուս Թավրիզն է, որտեղ 1900-ին գործել է Լազարյան լատին միաբանության կազմակերպությունը: 1910-ից ունեն իրենց եկեղեցին (տեղի հայ կաթոլիկների թիվը հասնում է 100-ի):

Իրանահայ ավետարանականների կենտրոնը նույնպես Թեհրանն է: Վարչական կառուցվածքով անկախ է, սակայն կցված է Ի-ի ավետարանական եկեղեցիների միությանը: 1950-ական թթ. սկզբից ունեն համայնքի ընտրովի խորհուրդ, որը տնօրինում է հանրային, կրթական, կրոնական և այլ հարցեր:

Հայ ավետարանականների թիվը Թեհրանում հասնում է 200-ի, ամբողջ երկրում 2500-ի: Մոտ 250 հոգուց բաղկացած համայնք գոյություն ունի նաև Նոր Ջուղայում, որտեղ կա ժողովարան (1875-ից) և վեցամյա դպրոց: Փոքր համայնքներ կան Թավրիզում, Արաքում և Համադանում:

Սպահանի թեմը մինչե 1960-ը կոչվել է Իրանա-Հնդկաստանի թեմ: Առաջնորդանիստը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքն է: 1958-ին անջատվել է Մայր աթոռ Ս. էջմիածնից և անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գերակայության ներքո՝ պահելով թեմի անվանումը մինչև 1960-ը, ապա կոչվել է Սպահանի և Հարավային Իրանի թեմ, 1995-ից՝ Սպահանի թեմ: Թեմի ներկայիս վարչական սահմանների մեջ մտնում են Սպահանը (որի մեկ շրջանն է Նոր Ջուղան), Շահինշահը նորակառույց քաղաքը, Փերիայի գավառը, Շիրազը և Խուզեստանը: Թեմում գործում են թեմական և կրոնական խորհուրդներ, որոնք թեմակալ առաջնորդի նախագահությամբ վարում են թեմի կրոնական, ազգային, մշակութային, կրթական ու շինարարական աշխատանքները: Թեմական խորհրդին անմիջականորեն ենթակա են թեմի կրթական խորհուրդը (Նոր Ջուղայի նախկին Հայոց դպրոցների հոգաբարձությունը), Մշակութային հանձնախումբը, Բարեսիրաց մարմինը, Գերեզմանատուն բարեզարդման հանձնախումբը, Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը ևն: Կրոնական խորհրդի ենթակա մարմիններն են Կտակային տեսչությունն ու Նոր Ջուղայի հայոց եկեղեցյաց վարչությունը: 1978-2002-ին Սպահանի թեմի առաջնորդն է եղել Կորյուն արք. Պապյանը: 2002-ից թեմի առաջնորդական տեղապահն է Շահան ծ. վրդ. Սարգսյանը: Թեմի տարածքում եղել է ավելի քան 100 եկեղեցի, այսօր կանգուն են 30-ը:

Նոր Ջուղայում են գտնվում Ս. Կատարինե մենաստանը (1623), Ս. Հակոբ (1607), Ս. Գևորգ (1611), Ս. Աստվածածին (1613), Ս. Ստեփանոս (1614), Ս. Հովհաննես Մկրտիչ (1621), Ս. Գրիգոր Լուսավորիչ (1633), Ս. Սարգիս (1659), Ս. Մինաս (1659) և այլ եկեղեցիներ: Վերջինս ունի թանգարան: Ս. Ամենափրկիչ վանքի տարածքում են որմնանկարներով հռչակված Ս. Աստվածածին եկեղեցին, Խաչատուր վրդ. Կեսարացու հիմնած և ցայսօր գործող Արևելքի առաջին ապարանը (1636),