Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/245

Այս էջը սրբագրված է

Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցին հայկական մամուլի հավաքածուով հարուստ «Ս. Ներսես Շնորհալի» գրադարանը (շուրջ 25 հզ. գիրք): Ս. Ամենափրկիչ վանքի տնօրինության ներքո է գտնվում մոտ 750 գրչագիր ունեցող ձեռագրատունը:

Նոր Ջուղայում առաջնորդարանի ենթակայությամբ գործում են մանկապարտեզ, նախակրթարան, տղաների և աղջիկների տարրական 2 առանձին դպրոցներ՝ «Արմեն» անունով, ինչպես նաև տղաների Ս. Կատարինյան (հիմնվել է 1858-ին) և աղջիկների Գևորգ Քանանյան (հիմնվել է 1899-ին) ուղեցույց ու միջնակարգ դպրոցները:

1976-ից ցայսօր (երկու ամիսը մեկ անգամ) թեմի առաջնորդի խմբագրությամբ լույս է տեսնում առաջնորդարանի «Նոր Ջուղա» տեղեկատուն (նախ՝ որպես երկշաբաթաթերթ, հետո՝ ամսաթերթ):

Շահինշահր փոքր քաղաքում (Նոր Ջուղայից 30 կմ հյուսիս) առաջնորդարանի օժանդակությամբ գործում են Սրբոց Վարդանանց (տարրական) և Մասիս (ուղեցույց) դպրոցները: Համայնքը եկեղեցի դեռևս չունի, կրոնական արարողությունները կատարում է Նոր Ջուղայից հրավիրված քահանան Սրբոց Վարդանանց դպրոցի սրահում: Գործում է Հայ կանանց եկեղեցասիրաց միությունը:

Փերիա գավառում կա 8 եկեղեցի՝ Ս. Ղուկաս (XVII դ.), Ս. Նշան (ХVII դ.), Ս. Հովհաննես (1610), Ս. Գևորգ (1860-ական թթ.), Ս. Ստեփանոս (1887), Ս. Եղիշե (1890), Ս. Աստվածածին (1892), Ս. Ներսես (1917):

Շիրազ քաղաքի հնագույն թաղամասերից մեկում, որը հայտնի է Բազարէ Արամանե (Հայկական շուկա) անվամբ, գտնվում է Ս. Աստվածածին եկեղեցին (1662), որտեղ որպես քահանա պաշտոնավարել է հայ առաջին պարբերականի՝ «Ազդարար»-ի հիմնադիր և խմբագիր շիրազցի Հարություն Շմավոնյանը: Համայնքի գործերը կառավարում են Շիրազի Հայոց եկեղեցական վարչությունը և Թեհրանի Հայ մարզական «Արարատ» կազմակերպության մասնաճյուղը: Շիրազում ամենօրյա հայկական դպրոց չի եղել, տեղի Հայ կանանց եկեղեցասիրաց միության ջանքերով, տասնամյակներ շարունակ, ուրբաթօրյա հայերենագիտության դասընթացների միջոցով հայ երեխաները ստացել են հայեցի կրթություն: 1979-ին առաջնորդարանի ջանքերով կառուցվել է Հայ տունը, որտեղ կազմակերպվում են եկեղեցական վարչության և համայնքի կրթական, մշակութային աշխատանքները:

Բուշեր քաղաքում հայերն ունեցել են եկեղեցի (Ս. Գևորգ, հիմնվել է XVIII դ.), որն իր շրջակա տապանաքարերով քաղաքի հնագիտական կարևոր վայրերից է: Մինչև 1979-ը քաղաքում եղել է հայկական համայնք և եկեղեցական վարչություն: Ներկայումս Բուշերում հայեր չեն բնակվում:

Խուզեստանի նահանգի Ահվազ քաղաքում գործում են Ս. Մեսրոպ եկեղեցին (հիմնվել է 1968-ին), Հայոց եկեղեցադպրոցական հոգաբարձությունը, մանկապարտեզ-նախակրթարան, տարրական «Գարուն» և ուղեցույց «Րաֆֆի» հայկական դպրոցները: Ներկայումս (2003) Ահվազում ապրում է շուրջ 60 հայ ընտանիք:


ԴՊՐՈՑ

Դեռևս XVII դ. 30-ական թթ. Խաչատուր Կեսարացու նախաձեռնությամբ Նոր Ջուղայում բացվել է հայկական բարձրագույն դպրոց, որը կոչվել է նաև «համալսարան» կամ «ճեմարան»: Դասավանդվել են քերականություն, փիլիսոփայություն, բնական գիտություններ, աստվածաբանություն, երաժշտություն: Իրանահայ համայնքում դպրոցներ գոյություն են ունեցել բոլոր եկեղեցիներին կից, սակայն առաջին աշխարհիկ դպրոցները ստեղծվել են XIX դ. կեսին. 1833-ին՝Նոր Ջուղայում, 1835-ին՝ Թավրիզում, 1870-ին՝ Թեհրանում: Առավել հայտնի են Նոր Ջուղայի Ազգային կենտրոնական (1883), Թավրիզի Արամյան (1851), Հայկազյան (1875), Թեմական կենտրոնական (1909), Թեհրանի Հայկազյան (1870) դպրոցները: