Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/25

Այս էջը հաստատված է

ԱԼԲԱՆԻԱ

Ալբանիայի Հանրապետություն, պետություն Եվրոպայի հարավում` Բալկանյան թերակղզում: Տարածքը` 28,7 հզ. կմ2: Բնակչությունը` 3,1 մլն (1999): Մայրաքաղաքը` Տիրանա (270 հզ.): Հայերի թիվը` շուրջ 400:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ալբանիայի միջև հաստատվել են 1993-ին:

Ալբանիայի հայ համայնքը կազմավորվել է 1920-30-ական թթ.: Առաջին հայ բնակիչները` թուրքական բանակի դասալիք զինվորներ Հայկ Բալջյանը և Լևոն Բոդիկյանը, Ա. են եկել 1912-ին` Առաջին բալկանյան պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո, երբ Ա. հռչակվել էր անկախ պետություն: Հայերի թիվը երկրում ավելացել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` Մեծ եղեռնից փրկված գաղթականների հաշվին: 1920-30-ական թթ. հայեր են գաղթել Ա. նաև եվրոպական երկրներից` Հունաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և Անգլիայից: Հիմնականում բարձրագույն կրթությամբ մասնագետներ էին` բժիշկներ, ատամնաբույժներ, գործարարներ: 1940-ական թթ. Ա-ի 15 ատամնաբույժից 5-ը հայ էր: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմն ալբանահայերը կարողացել են ստեղծել բարեկեցիկ կյանք, իրենց զավակներին կրթության ուղարկել Վիեննայի Մխիթարյան դպրոց: Պատերազմը, ապա կոմունիստական վարչակարգի հաստատումը (1945) ընդհատել են համայնքի զարգացման ընթացքը. ազգայնացվել է Ա-ի բնակչության, այդ թվում և հայերի ողջ սեփականությունը: Հայերին նույնիսկ արգելվել է հայկական անուններ տալ իրենց երեխաներին: Ավելի քան 45 տարի, կոմունիստական վարչակարգի պայմաններում, Ա-ի հայ համայնքը գոյատևել է ամբողջական մեկուսացման մեջ. իրավունք չի ունեցել կապեր հաստատելու սփյուռքահայ մյուս համայնքների և Հայաստանի հետ, ստեղծելու ազգապահպան կառույցներ: Հայերը բնակվել են միմյանց հարևանությամբ, ազգային արժեքներին հաղորդակցվել ընտանեկան պայմաններում:

1990-ական թթ. սկզբին Ա-ում համայնավարական վարչակարգի փլուզման և ժողովրդավարական գործընթացների ծավալման շնորհիվ համայնքի ազգային կյանքը սկսել է վերականգնվել: 1990-ի ապրիլին Ա-ի կառավարության թույլտվությամբ Տիրանայի կաթոլիկ եկեղեցում պատարագ է մատուցվել ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի: Ալբանահայ համայնքի հոգևոր մատակարարությունն սկսել է իրականացնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության Իտալիայի հոգևոր հովվությունը: 1991-ին Տիրանայում հիմնվել է Հայկական մշակութային ընկերությունը: 1997-ին գրանցվել է հայ համայնքը ներկայացնող կազմակերպություն` Ալբանիայի հայ միու-