Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/269

Այս էջը սրբագրված է

նը, իրավաբան Հրայր Համբարձումյանը: 2000-ից ընկերությունը կրկին գլխավորում է Րաֆֆի Խարաջանյանը (միաժամանակ Լ-ի ազգային փոքրամասնությունների մշակութային միությունների ընկերակցության նախագահն է): Ընկերության նպատակն է համախմբել տեղի հայերին, պահպանել ազգային ավանդույթները, ներկայացնել հայ մշակույթը Լ-ում, լուսաբանել Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, զորավիգ լինել Արցախի ազգային-ազատագրական պայքարին:

Լատվիահայ համայնքը զգալի օգնություն է ցույց տվել 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենակիցներին. աղետի գոտի է ուղարկել հագուստ, սննդամթերք, դեղորայք, փրկարարներ, ապահովել ավելի քան 50 երեխաների բուժումը և հանգիստը: Յուրմալայի առողջարանները ընդունել են երեխաների և փախստականների մի մեծ խումբ Գյումրիից: Համայնքի միջոցներով օգնություն է ցույց տրվել նաև Արցախին:

1993-ի հուլիսի 6-ին հիմնադրվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ռիգայի համայնքը՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի կազմում: Ռիգայի քաղաքապետարանը քաղաքի կենտրոնական մասում համայնքին հատկացրել է հողակտոր՝ եկեղեցի կառուցելու համար: 1997-ին սկսվել է և 2002-ին ավարտվել Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը (առաջին բարերարներն էին Վաչագան Պողոսյանը, Սպարտակ Տեր-Ավետիսյանը, Արամ Ավետիսյանը, Սերգեյ Իսախանովը, Արթուր Իսախանովը, Սերգեյ Ավետիսյանը): Եկեղեցական խորհուրդը գլխավորում է Սպարտակ Տեր-Ավետիսյանը:

1989-ից գործում է ԼՀԸ-ի նախաձեռնությամբ հիմնված հայկական կիրակնօրյա դպրոցը (տեղավորված է Ռիգայի լավագույն գիմնազիայի շենքում), որտեղ կազմակերպվել են նաև հայոց լեզվի արագացված դասընթացներ մեծահասակների համար:

Հայերի համար ամիսը մեկ անգամ պետական ռադիոյով եթեր է հեռարձակվում «Արևիկ» հաղորդումը (հաղորդավար՝ Հասմիկ Նուրիջանյան): 1989-ից հրատարակվում է «Լույս» տեղեկատվական բյուլետենը (ռուսերեն): Հայերը Լ-ում առաջին անգամ ստեղծել են նարդու ֆեդերացիա, որը Ռիգայում կազմակերպում է նարդու բաց առաջնություն (մասնակցում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ):

Լ-ում հայտնի են հայ բժիշկներ Նատալյա Բաղրամյանը, Մարիա Խաչիկյանը, Գեորգի Ստեփանյանը, Գեորգի Վարդանյանը, իրավաբան-տնտեսագետներ Յուրի Սահակյանը, Ատոմ Խաչատրյանը, Գագիկ Սարգսյանը, Նորիկ Բաբաջանյանը, Գագիկ Բարսեղյանը, ճարտարագետներ Էդուարդ Հովհաննիսյանը, Արտյոմ Կիրակոսյանը, Վաչագան Սաղայանը, Աշոտ Հովհաննիսյանը, արվեստագետներից՝ դաշնակահար Բ. Խարաջանյանը, ջութակահար Հ. Նալբանդյանը, գեղանկարիչներ Վարուժան Կարապետյանը, Բաբկեն Ստեփանյանը, Գրիգոր Լալայանցը, Ալեքսանդր Ստեփանյանը, Արթուր Հակոբյանը, Սուսաննա Միրզա-Ավագյանը, քանդակագործ Հրայր Ավետյանը: Լ-ում ապրել և գործել է բալետի հայազգի արտիստուհի Ե. Թանդիևա-Բիրզնիեկը:

Հայ-լատվիական մշակութային առնչությունները սկզբնավորվել են XIX դ. վերջին, երբ Լ-ում հետաքրքրություն է առաջացել հայերի և հայ գրակության նկատմամբ: Լատիշերեն են թարգմանվել Րաֆֆու, Վրթանես Փափազյանի, Արշակ Չոպանյանի ստեղծագործություններից: Լատիշ բանաստեղծ Յան Ռայնիսին հետաքրքրել են հայ ժողովրդի պատմությունը և մշակույթը: Նրա գրչին է պատկանում մի ակնարկ (1927), ուր լուսաբանված են հայ ժողովրդի բազմադարյա մշակույթը և գրականությունը, նկարագրված է Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում XIX դ. վերջին և 1915-ին: Հայ-լատվիական մշակութային կապերն առավել զարգացել են հետագա տասնամյակներին, երբ Հայաստանը և Լատվիան գտնվում էին Խորհրդային Միության կազմում: Ներկայումս (2003) ԼՀԸ-ն սերտ կապեր է պահպանում Լ-ի մշակույթի այն գործիչների հետ, որոնց գործունեությունը կապված է Հայաստանին, ընկերության պատվավոր անդամ է բանաստեղծ Մա-