Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/271

Այս էջը սրբագրված է

ԼԵՀԱՍՏԱՆ

Լեհաստանի Հանրապետություն, պետություն Կենտրոնական Եվրոպայում: Տարածքը՝ 312,7 հզ. կմ²: Բնակչությունը՝ 38,7 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Վարշավա (1,7 մլն): Հայերի թիվը՝ 100-120 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

Լեհահայ գաղութի պատմությունը սկիզբ է առնում XIV դարից: 1340-ական թթ., երբ Կազիմեժ Մեծ լեհ թագավորը նվաճել է Գալիցիան, Պոդոլյեն և Վոլինի իշխանության մի մասը, մինչ այդ (XI-XIII դդ.) Ռուսիային պատկանող վերոնշյալ հողերում կազմավորված հայկական գաղթօջախները (Լվով, Կամենեց-Պոդոլսկ, Լուցկ ևն) նույնպես անցել են Լ-ի տիրապետության տակ և շուրջ 600 տարի (մինչև 1939) շարունակել իրենց գոյությունն ու զարգացումը որպես լեհահայ գաղթավայրեր:

Լ-ի հայ գաղութները համալրվել և նորերն են հիմնադրվել մոնղոլ-թաթարական (XIII դ.), Լենկթեմուրի (XIV դ.) արշավանքների, Կիլիկիայի հայկական թագավորության անկման (XIV դ.), օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի գերիշխանության (XV-XVII դդ.) ժամանակաշրջաններում, երբ նոր կոտորածների, հայաթափման քաղաքականության հետևանքով Հայաստանից, Կիլիկիայի հայկական թագավորությունից և նորաստեղծ հայ գաղթավայրերից՝ Վալախիայից (Հյուսիսային Ռումինիա), Ղրիմի թերակղզուց տեղահանված հայության նոր ալիքներ են հասել Լ.:

Դեռես XI-XII դդ. հայերը Պոդոլյեում (Կամենեցի մոտակայքում) հիմնադրել են Վելիկիե Օրմյանե և Մալիե Օրմյանե գյուղերը, բնակություն են հաստատել Վոլինյան Վլոդիմեժում, Լուցկում, Կամենեց-Պոդոլսկում, Գալիչում, Խոլմում և Լվովում (երբ այն դեռես ավան էր): Գալիցյան իշխանները, որ հայկական զորքերի օգնությամբ միավորել էին Գալիցիան ու Վոլինիան, ապա 1236-38-ին պատերազմել Արևմտյան Ռուսիա և Լ. ներխուժած Բաթու խանի զորքերի դեմ, գնահատելով հայերի արիությունն ու նվիրվածությանը, նրանց են հատկացրել նոր հիմնադրվող (1251) Լվով քաղաքի հյուսիսային հատվածը, շնորհել ազգային սովորույթների ու կրոնի պահպանման իրավունք: 1340-ական թթ., երբ Կազիմեժ Մեծ լեհ թագավորը (1333-70) գրավել է Գալիցիան ու Վոլինիայի մի մասը, առնչվել է այդ տարածքում արդեն կազմավորված համայնքներ