Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/279

Այս էջը սրբագրված է

կաթոլիկ եկեղեցու կանոնիկոս Բոգդան Դավիդովիչի (նախագահ), լեհ արևելագետ Յան Գժեգոժեսկու, արևելագետ ու հայագետ Անջեյ Գավրոնսկու, Պավել քհն. Կիրիմզյանի և այլոց նախաձեռնությամբ: Մասնաճյուղ է ունեցել Վարշավայում: Նպատակն էր կարգավորել լեհ հասարակության ու լեհահայության փոխհարաբերությունները, մշակութային անմիջական կապեր ստեղծել Լ-ի և Հայաստանի միջև: Գործել է մինչև 1920-ական թթ.:

Հայության արքեպիսկոպոսական ընկերություն, հիմնադրվել է 1930-ին, Լվովում: Նպատակն էր համախմբել Լ-ով մեկ ցրված հայությանը: Լեհերեն հրատարակել է մեկ պաշտոնաթերթ և մեկ ամսագիր:

Հայ մշակույթի համակիրների շրջանակ (ընկերություն), հիմնադրվել է 1980-ին, Կրակովի Լեհ ազգագրական ընկերությանը կից: Ընկերության նախագահն էր (1980-88) պատմաբան, իրավաբան ու թարգմանիչ Միխալ Բոհուսևիչը: 1981-ին նույնանուն ընկերություն է հիմնադրվել Վարշավայում, իսկ 1984-ին՝ Գդանսկում: Ընկերությունների նպատակն է համախմբել լեհահայությանը, ներկայացնել լեհահայ գաղութի ու Հայաստանի պատմությունը և մշակույթը: 1980-90-ական թթ. հատկապես ակտիվ աշխատել է Վարշավայի ընկերությունը, որի անդամների թիվը 1994-ին 240 էր: Ընկերության հիմնադիրը և խնամակալը (1980-2001) Վարշավայի համալսարանի դասախոս, թարգմանիչ Լևոն Տեր-Օհանյանն էր: 1980-90-ական թթ. ընկերությունը լեհերեն հրատարակել է 30-ից ավելի գրքույկներ, այդ թվում՝ Զբիգնև Կոշչյովի «Լեհահայ երաժշտության ակնարկներ» (1980), Հակոբ Կրիկորի «Ճանաչված և ոչ ճանաչված հայերը» (1986), Բոգդան Գեմբարսկու «Նամակ վաղեմի թուրք ծանոթիս» (1987), Յուլիուշ Գլոդեկի «Արցախ» (1989), Կատաժինա Ռաչկովսկու և Լևոն Տեր-Օհանյանի «Մատենագրություն. Հայերը Լեհաստանում» (1990) ևն:

Հայ մշակութային ընկերություն, հիմնադրվել է 1985-ին, Կրակովում: Հիմնադիրն ու նախագահը լեհահայ Ադամ Տերլեցկին է: Ընկերությունը հրատարակում է ՀՄԸ Տեղեկագիր՝ Լ-ի մշակույթի ու արվեստի նախարարության ֆինանսական օգնությամբ: Տեղեկագրում հրապարակվում են լեհահայ գաղութի ու Հայաստանի պատմությանը, մշակույթին, ինչպես նաև այժմեական հիմնախնդիրներին նվիրված գիտաճանաչողական հոդվածներ, կարծիքներ ևն: Տեղեկագրի եռանդուն գործիչներից է ազգությամբ լեհ, Կրակովի Յագելլոնյան համալսարանի պրոֆեսոր, իրանագետ և ճանաչված հայագետ, ակադեմիկոս Անջեյ Պիսովիչը:


ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Լ-ի հայերը սկսած XV դարից զգալի վաստակ են ունեցել ինչպես հայ, այնպես էլ լեհ գիտական մտքի ու մշակույթի, հատկապես աստվածաբանության, փիլիսոփայության, բառարանագրության, պատմագիտության զարգացման գործում:

Դեռևս մինչև ունիան շնորհալի շատ լեհահայեր, ուսանելով Լ-ի և Եվրոպայի բարձրագույն կրթօջախներում, կաթոլիկացել են և որոշակի դիրք գրավել լեհ հասարակական-գիտական կյանքում: XV դ. ճանաչված աստվածաբան ու փիլիսոփա էր Խելմի եպիսկոպոս Ստեֆան Լեոպոլիտան, XVI դ.՝ աստվածաբանության տեսաբան, փիլիսոփա, Զամոշչի ակադեմիայի առաջին ռեկտոր Մելխիոր Ստեֆանովիչը, XVII դ.՝ մեծահամբավ աստվածաբաններ Սահակովիչ Կասյանը, Ֆրանցիշեկ Բոգդանովիչը, Շիմոն Բեդլասովիչը, XVIII դ.՝ փիլիսոփա, Զամոշչի ակադեմիայի ռեկտոր Յակուբ Առաքելովիչը ևն:

XVII դ. վերջից լեհահայ դավանափոխ (Հայ կաթոլիկ բարձրագույն դպրանոցի շրջանավարտ) գործիչները թեև լատինացնում են ազգային եկեղեցու ծիսաարարողական գրականությունը, բայց և ստեղծում են փիլիսոփայական ու բնագիտական աշխատությունների մեկնություններ, սուրբգրային ու իմաստասիրական երկլեզվյան բառագրքեր, աստվածաբանության, քերականության ու տրամաբանության ոաումնասիրություններ, որոնք կարևոր դեր են խաղացել հայ գիտական մտքի ու երիտասարդ սերնդի կրթության գործում:

Կաթոլիկ քարոզիչ Գաբրիել Զախնովիչը լեհերեն է թարգմանել միսիոներ Կղեմես Գալանոսի «Միաբանութիւն Հայոց սբ. եկեղեցւոյն ընդ մեծի սբ. եկեղեցւոյն Հռովմայ» երկհատոր աշխատությունը:

Արքեպիսկոպոս (1686-98) Վարդան Հունանյանը, լատինացնելով ազգային ծիսաարարողական գրականությունը, 1697-ին Պիոս պապի հանձնարարությամբ լատիներենից հայերեն է թարգմանել «Գաթեխիզմ ՀռոմԷական...»-ը, կազմել կարդինալ Յոհան Բոնայի «Ձեռբածութիւն յերկինս...» երկի մատենակից բառարան:

Արքեպիսկոպոսի տեղապահ (1686-1709) Դեոդաթ (Աստվածատուր) Ներսեսովիչը գրել է բարոյական-աստվածաբանական, դավանաբանական աշխատություններ, սակայն հայ մշակույթի պատմության մեջ ուրույն տեղ է գրավել իր «Բառգիրք լատինացաց և Հայոց ի վերայ Աստուածաշունչ և ժամանակագրութեան գրոց Հայոց եկեղեցւոյն» լատիներեն-հայերեն արժեքավոր աշխատությամբ, որը հայերենի բառային կազմի լայն արտացոլմամբ նոր