հեռանկարներ է բացել հայ բառարանագրության զարգացման համար:
XVII դ. կեսից ունիային ընդդիմացող գործիչները նաև տեսական՝ պայքարագրական գործերով են փորձել դիմակայել լեհահայությանը սպառնացող կաթոլիկացման վտանգին:
Լվովի Մագիստրատի հայ թարգմանիչ և հայկական դատարանի ռեգենտ (ժամանակավոր կառավարիչ) Կժիշտոֆ Գորիչկա Հոլուբովիչի «Հռոմեական եկեղեցու նողկալի և գարշահոտ սխալի ճշմարտացի և համառոտ շարադրանք» գիրքը (շոշափել է դավանաբանական խնդիրներ և ձաղկել կրոնաքաղաքական իրադարձությունների պարագլուխներին) 1630-ական թթ. կաթոլիկներն այրել են տպարանում:
Կաթոլիկության և ղուրանի դեմ ուղղված հակաճառական երկեր է գրել մեծ փիլիսոփա Ստեփանոս Բեռնարդովիչ Լեհացին (1601-81): Նա հայ մշակույթի պատմության մեջ ուրույն տեղ է գրավել որպես եվրոպական փիլիսոփայության նոր մտածողությունը հայ իրականության մեջ արմատավորող, փիլիսոփայական նոր դպրոցի հիմքը դնող գործիչ: Լատիներենից հայերեն է թարգմանել Պրոկղ Դիադոիասի, Դիոնիսիոս Արեոպագացու, Արիստոտելի աշխատությունները և գրել դրանց մեկնությունները, ստեղծել է «Բանք իմաստասիրականք և աստուածաբանականք...» աշխատությունը, որը որպես ռացիոնալ աստվածաբանություն՝ նոր աշխարհայացք է հայ փիլիսոփայության պատմության մեջ:
Լեհահայ գաղութի հայալեզու վերջին մեծ գործիչը աստվածաբանության ու փիլիսոփայության դոկտոր, բառարանագիր, քերական, ժամանակագիր Ստեփանոս Ռոշքան է (1670֊1739): Նա խմբագրել է լատինաբանություններով արդեն աղճատված Մաշտոցը, Պատարագամատույցը, Տոնացույցը, 1718-ին գրել «Քերականութիւն... լեզուին հայոց», 1731-ին՝ «Տրամաբանութիւն», 1736-ին՝ «Փիլիսոփայութիւն... Արիստոտելի», ինչպես նաև «Գանձ հայոց լեզուի կամ Բառարան Ստեփանեան» (երկհատոր, 1731) աշխատությունները: Հայ մատենագրության պատմության մեջ եզակի է համարվում Ռոշքայի գրչին պատկանող «Ժամանակագրութիւն կամ Տարեկանը եկեղեցականք» (1739, հրտ.՝ 1964) ծավալուն աշխատությունը, որտեղ ներկայացված են Քրիստոսի ծննդից մինչև 1739-ը աշխարհում ու Հայաստանում կատարված իրադարձությունները, Հայ եկեղեցու պատմությունը ևն:
XVIII դ. երկրորդ կեսին՝ լեհական լուսավորության շրջանում, լեհ լուսավորիչների համաստեղության մեջ էին լեհահայ երեք խոշոր գործիչներ:
Հրապարակախոս, թարգմանիչ, պատմաբան, հրատարակիչ, աստվածաբանության ու փիլիսոփայության դոկտոր, Ավգուստ III-ի տիտղոսավոր քարտուղար Յուզեֆ Էպիֆանի Մինասովիչը (1718-96) Վարշավայի ազգային գրադարանի հիմնադիրներից էր ու առաջին տնօրենը: Լինելով լուսավորական մի շարք ամսագրերի խմբագիրն ու համախմբագիրը՝ Մինասովիչը առաջադիմական տասնյակ հոդվածներից բացի, գրել է նաև (լեհերեն) լեհահայ գաղութի պատմությանն ու խոշոր գործիչներին նվիրված հոդվածներ ու աշխատություններ, հրատարակել լեհ և լեհահայ գրականության ու պատմության անվանի գործիչների երկերն ու աշխատությունները:
Փիլիսոփայության դոկտոր Գժեգոժ Փիրամովիչը (1735-1801) լեհ մշակույթի պատմության մեջ համարվում է XVIII դ. ամենատաղանդավոր մանկավարժն ու գիտնականը: Ստանձնելով Լ-ում նոր ստեղծված, աշխարհում առաջին լուսավորության նախարարության պատասխանատու քարտուղարի պաշտոնը, դառնալով Լ-ի լուսավորության ծրագրի համախմբագիրն ու Լ-ի բոլոր դպրոցների գլխավոր տեսուչը, Փիրամովիչը հեղինակել է նաև մանկավարժական մի շարք գիտական աշխատություններ, դասագրքեր, ձեռնարկներ, որոնք պարտադիր են դարձել դպրոցների ու ուսուցիչների համար:
Բժշկական գիտությունների դոկտոր Յան Դոմինիկ Պյոտր Յասկևիչը (1749-1809), որը լեհ թագավոր ու մեծ լուսավորիչ Ավգուստ Պոնիատովսկու անձնական բժիշկն էր, հրավիրվելով Կրակովի Յագելլոնյան համալսարան, դարձել է վերջինիս բարեփոխման հեղինակներից մեկը: Համալսարանում Յասկևիչն առաջին անգամ հիմնադրել է բնական գիտությունների, անատոմիայի, վիրաբուժության ամբիոններ, լաբորատորիաներ ու կաբինետներ, կառուցել է կլինիկական հիվանդանոց, ստեղծել է բուսաբանական այգի: Որպես խոշոր երկրաբան ու հանքաբան, ընտրվել է Արքունի ֆինանսական հանձնաժողովի գլխավոր խորհրդատու՝ արդյունաբերության ու լեռնագործության գծով:
Լվովի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր, եպս. Ֆրանցիշեկ Քսավերի Աբգարո Զախարյասևիչը (1770-1845), XIX դ. 30-ական թթ-ից ստանձնելով Գալիցիայի բոլոր գիմնազիաների տեսուչի պաշտոնը, համալսարանում եկեղեցու պատմությանը զուգահեռ դասախոսել է լեհահայ գաղութի պատմությունը, նաև 1842-ին հրատարակել «Տեղեկություններ Լեհաստանի հայության մասին» արժեքավոր (լեհերեն) աշխատությունը:
Պատմաբան, բանահավաք, աստվածաբանության ու փիլիսոփայության պրոֆեսոր Վինցենտի Ֆերերի Սադոկ Բարոնչը (1814-92) գրել է 30 արժեքավոր մենագրություններ ու տասնյակ հոդվածներ: Աշխատություններից են (լեհերեն) «Վարք երևելի Հայկազունյաց Լեհաստանի» (1856), «Ուրվագիծ Հայոց պատմության» (1869), «Յազլովեցյան հուշարձաններ» (1862) ևն: