Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/30

Այս էջը հաստատված է

սահմանադրությամբ վերացված գաղթի արգելքի վերականգնման պայմաններում նվազ թվով հայերի է հաջողվել արտագաղթել: Եթե միայն 1914-ին ԱՄՆ էր գաղթել 7785 հայ, ապա հետագա տարիներին նրանց թիվը կտրուկ նվազել է` 1915-19-ին կազմելով ընդամենը 3620 մարդ: 1919-20-ին ԱՄՆ-ում կար շուրջ 78 հզ. հայ:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԱՄՆ փորձել է ստանձնել Հայաստանի մանդատը: Անտանտի խորհրդի որոշմամբ 1919-ի հուլիսին ամերիկյան բանակի գնդապետ Հասկելը նշանակվել է դաշնակիցների գերագույն կոմիսար Հայաստանում: Հայաստանի տնտեսությունը, բնական հարստությունները և քաղաքական իրադրությունը հանգամանորեն ուսումնասիրելու նպատակով Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի նախագահի հատուկ քննիչ հանձնաժողովը` գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ: Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920) ԱՄՆ-ի կառավարությանը պաշտոնապես առաջարկվել է ընդունել Հայաստանի մանդատը: 1920-ի մայիսի 27-ին ԱՄՆ-ի կառավարությունը Կոնգրեսի քննությանն է ներկայացրել Հարբորդի առաքելության զեկուցագիր: 1920-ի հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը արտաքին և ներքին քաղաքական դրդապատճառներով մերժել է Հայաստանի մանդատն ընդունելու երկրի նախագահի առաջարկը:

Սևրի հաշտության պայմանագրով (10.08.1920)` ԱՄՆ-ի կառավարությանն իրավունք է վերապահվել որոշելու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանագիծը, բայց հետագայում, ստեղծված նոր քաղաքական պայմաններում, վերանայման է ենթարկվել պայմանագիրը, իսկ քեմալականները վերջնականապես մերժել են այն:

Օսմանյան Թուրքիայում հայերի պարբերական ջարդերով ու տեղահանություններով ուղեկցված քեմալական շարժման վերելքը, ինչպես նաև Անդրկովկասում Հայաստանի Հանրապետության (1918-20) անկումը կրկին խթանել են հայերի գաղթը ԱՄՆ` 1921-ին, նախորդ տարիների համեմատությամբ, այն հասցնելով ամենաբարձր ցուցանիշի` 10212-ի (մեծ մասամբ` հայկական և ամերիկյան բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև ամերիկյան քարոզիչների կողմից թուրքական հարեմներից, ոչ քրիստոնյա ընտանիքներից, ճամբարներից ու որբանոցներից հավաքագրված հայեր էին): Ընդ որում, եթե մինչև 1919-ը ԱՄՆ գաղթած հայերի շուրջ 76%-ը տղամարդիկ էին, և միայն 24%-ը` կանայք, ապա 1921-ից հետո կանայք կազմել են 52, տղամարդիկ` 27, երեխաները` 21%: Գաղթականները (հիմնականում 16-45 տարեկան) մեկնում էին ընտանիքների վերամիավորման նպատակով:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո միջազգային ասպարեզում ստեղծված քաղաքական նոր հարաբերությունների հետևանքով ամերիկյան գաղթականական օրենքները պարբերաբար վերանայվել են. խիստ սահմանափակվել է նաև հայերի ներգաղթը: 1924-ին ընդունվել է Ազգային ծագումների քվոտայի օրենքը (National Origins Quota): Այդ թվականին ԱՄՆ-ում բնակվող հայերի ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 120 հզ.:

Առաջին համաշխարհային պատերազմում տուժած Մերձավոր Արևելքի երկրներին օգնություն ցույց տալու նպատակով 1918-ին ստեղծվել է Մերձավոր Արևելքում Ամերիկյան նպաստամատույց կոմիտե (Ամերիկոմ): Հայաստանում այն գործել է 1919-ի մայիսից հետո, երբ Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրով Ամերիկոմն իր վրա է վերցրել հայ որբերի հովանավորությունն ու դաստիարակությունը (դադարել է գործելուց 1931-ին): 1920-24-ին ԱՄՆ է գաղթել շուրջ 21 հզ. հայ:

Ի շարս արևմտաեվրոպական և Հարավային Ամերիկայի որոշ երկրների` ԱՄՆ ևս օթևան է դարձել 1920-30-ական թթ. Կիլիկիայից, Հունաստանից, Մերձավոր ու Միջին Արևելքից և այլ վայրերից գաղթած, կոտորածներից փրկված հայերի համար: Ամերիկյան գաղթականական հանձնախմբի վիճակագրական տվյալների համաձայն` 1925-33-ին ԱՄՆ է մուտք գործել 7286, իսկ 1925-43-ին` 7706 հայ:

Հայերը հիմնականում կենտրոնացած էին Մասսաչուսեթսի, Կալիֆոռնիայի, Ռոդ Այլենդի, Քոնեքթիքութի նահանգներում, իսկ ամերիկյան հայաշատ քաղաքներից էին Դետրոյտը, Լոս Անջելեսը, Փրովիդենսը, Բոստոնը, Ուստրը, Ֆրեզնոն, Սան Ֆրանցիսկոն ևն:

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ԱՄՆ-ում բնակվում էր շուրջ 200 հզ. հայ: Պատերազմի տարիներին ամերիկյան զինվորների հետ բոլոր ռազմաճակատներում (Փիրլ Հարբորի, Կորալյան ծովի, Միդուեյի, Հյուսիսային Աֆրիկայի, Սիցիլիայի, Իտալիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի ևն) և զորատեսակներում (օդային, ցամաքային, ծովա-