յին) ծառայել են 18,5-20 հզ. ամերիկահայեր: Ամերիկահայերն իրենց մասնակցությունն են բերել երկրի ռազմական, տնտեսական ու քաղաքական կյանքին` արժանանալով ամերիկյան կառավարության գնահատանքին: Բազմաթիվ հայորդիներ արժանացել են ամերիկյան բանակի ամենաբարձր տիտղոսների (գեներալ Հայկ Շեքերջյան, հրամանատար Ջեք (Սիրակ) Հանիկյան, գնդապետներ` Սարգիս Զարդարյան, Քիրք Բուչախ), պարգևատրվել բարձրագույն կարգի շքանշաններով (ԱՄՆ-ի բացառիկ և ամենաբարձր պարգևին` «Կոնգրեսի պատվո շքանշանին», որը շնորհվել է ամերիկյան ընդամենը 87 բանակայինների, արժանացել է նաև հայազգի ամերիկյան հերոս, ավագ լեյտենանտ Էռնեստ Հ. Դերվիշյանը) և հերոսի կոչումով:
Դեպի ԱՄՆ գաղթի նոր ալիք է սկսվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: 1948-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից «Տեղահանված մարդկանց մասին» օրենքի հաստատումով` «Հայրենազուրկ հայերի օգնության ամերիկյան ազգային կոմիտեն» (ANCHA-ԱՆՉԱ, նախագահ` Ջորջ Մարտիկյան) մինչև 1952-ը իրականացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում հայտնված 4,5 հզ. ռազմագերի-տարագրյալ հայերի փոխադրումն ու բնակեցումը ԱՄՆ-ում: 1947-ին ԱՄՆ-ում կար 215 հզ. հայ:
Հետպատերազմյան տարիներին շարունակվել է հայերի արտագաղթը ԱՄՆ ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան ու հարավային Եվրոպայից:
1947-48-ին, զանգվածային հայրենադարձության տարիներին, Հայաստան է ներգաղթել 151 ամերիկահայ: Խորհրդային հասարակարգում հայրենադարձների նկատմամբ քաղաքական, ընկերային և տնտեսական բնույթի անարդարություններն ու հետապնդումները սահմանափակել են ամերիկահայերի հետագա հայրենադարձությունը:
1944-52-ին ԱՄՆ է մուտք գործել 4379 հայ:
Հայերի հոսքը ԱՄՆ նոր թափ է ստացել 1950-ական թթ. և որոշ ընդհատումներով շարունակվում է ցայսօր: 1952-ին` Եգիպտոսից, 1958-1961-ին` Սիրիայից, 1960-ին Խորհրդային Հայաստանից, 1960-ական թթ. կեսից` Թուրքիայից, Հունաստանից, 1960-ական թթ. վերջից` Լիբանանից, 1979-ին` Իրանից, ապա Հորդանանից և Իրաքից տեղի ունեցած արտագաղթը հետևանք էր վերոհիշյալ երկրների տնտեսական և քաղաքական անկայուն գործընթացների:
1965-ին ԱՄՆ-ում բնակվում էր 300 հզ. հայ: Նույն թվականին ԱՄՆ-ում ընդունված Գաղթականական օրենքով (Immigration Act) վերացվել են ներգաղթի նկատմամբ նախկինում գործող սահմանափակումները` խթանելով աշխարհի տարբեր կողմերից (հատկապես Մերձավոր և Միջին Արևելքից, Խորհրդային Հայաստանից) շուրջ 2 հզ. հայերի ամենամյա հոսքը ԱՄՆ:
Արդեն 1970-72-ին ԱՄՆ-ում բնակվում էր շուրջ 450-500 հզ. հայ: Նրանք հիմնականում տեղաբաշխված էին Միջին Ատլանտյան (Նյու Յորք, Նյու Ջերսի, Փենսիլվանիա, Կոլումբիայի տարածաշրջան, Վիրջինիա), Նոր Անգլիայի (Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Քոնեքթիքութ, Նյու Հեմփշիր), Միջինարևմտյան (Վիսքոնսին), Արևմտյան (Կալիֆոռնիա), Հարավարևելյան (Ֆլորիդա) շրջանների նահանգներում: Հայաշատ քաղաքներից էին Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Դետրոյտը, Բոստոնը, Չիկագոն, Ֆիլադելֆիան, Ֆրեզնոն, Սան Ֆրանցիսկոն, Փրովիդենսը, որոնցում կենտրոնացած էր հայության գրեթե կեսը:
1960-70-ական թթ. ԱՆՉԱ-ի միջոցով Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից, ինչպես նաև Հայաստանից 18500 հայ է արտագաղթել ԱՄՆ, ընդ որում` 512 ընտանիք տեղավորվել է Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում: Ժամանակի ընթացքում Կալիֆոռնիայի նահանգը և մասնավորապես Լոս Անջելեսը վերածվել են ԱՄՆ արտագաղթող հայության կենտրոնատեղիի: Միայն 1979-ին Խորհրդային Հայաստանից Լոս Անջելես է գաղթել 3200 հայ (1980-ին տեղի հայ բնակչության աճը կազմել է 50%): 1985-ին ԱՄՆ-ում բնակվում էր 600-800 հզ. հայ:
1985-ին ԽՍՀՄ-ում սկսված արմատական գործընթացները, 1988-ի Սպիտակի երկրաշարժը, Հայաստանի սոցիալ-տնտեսական ու քաղաքական անկայուն վիճակը աննախադեպ մեծ չափերի են հասցրել հայերի արտագաղթը ԱՄՆ: 1991-ին Խորհրդային Միության փլուզումով երկրից արտագաղթողների նկատմամբ ամերիկյան օրենքների խստացման պայմաններում իսկ շարունակվում է հայերի հոսքը ԱՄՆ` հիմնականում ժամանակավոր այցագրերով:
Ներկայումս (2003) ԱՄՆ-ում հայերի թիվը շուրջ 1 մլն 200 հզ. է: Բնակվում են Կալիֆոռնիա, Մասսաչուսեթս, Նյու Յորք, Նյու Ջերսի, Ռոդ Այլենդ, Միչիգան, Իլինոյս, Ֆլորիդա, Փենսիլվանիա, Օհայո, Քոնեքթիքութ, Տեխաս, Վերջինիա, Վիսքոնսին, Ջորջիա, Լուիզիանա ևն նահանգներում: Նրանց գրեթե կեսը կենտրոնացած է վեց խոշոր քաղաքներում (իրենց արվարձաններով)` Լոս Անջելես, Նյու Յորք, Դետրոյտ, Բոստոն, Չիկագո, Ֆիլադելֆիա: Հա-