դասընթացներ: Հայագիտական կարևոր կենտրոններից են Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցությունը (NAASR), Ժամանակակից հայագիտական ուսումնասիրությունների և փաստագրման Զորյան հիմնարկությունը (երկուսն էլ` Քեմբրիջում, Մասսաչուսեթս), Միչիգանի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը (Դիրբոռն), Հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունը (SAS) Ֆրեզնոյում ևն:
ԱՄՆ-ի հայերը գործուն մասնակցություն են ունեցել երկրի հասարակական-քաղաքական կյանքին: 1906-ին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում (Բոստոն, Նյու Յորք, Չելսի ևն) կազմակերպվել են սոցիալ-դեմոկրատական խմբակներ, որոնք հայ բանվորներին ներգրավել են ամերիկյան սոցիալիստական շարժման մեջ: 1906-ի հուլիսին ստեղծվել է Ամերիկահայ սոցիալիստական կազմակերպությունը, որը 1919-ին միացել է ԱՄՆ-ի Կոմունիստական կուսակցությանը: Հայ սոցիալիստները 1921-ին Նյու Յորքում հիմնել են «Նոր հոսանք» շաբաթաթերթը և Հայկական բյուրո: 1921-ից նրանք հանդես են եկել Հայ բանվորական միության լեգալ կազմակերպություն անվամբ: 1922-ի սկզբին Նյու Յորքում կազմվել է միացյալ հայ բանվորական կուսակցություն, որը 1923-ին միավորվել է հնչակյանների հետ` ստեղծելով ԱՄՆ-ի բանվորական կուսակցության հայկական ֆեդերացիան, որը, սակայն, շուտով պառակտվել է: 1924-ի օգոստոսի 30-ին Նյու Յորքում կայացել է ԱՄՆ-ի բանվորական կուսակցության հայկական հատվածի առաջին պատգամավորական ժողովը, որն ընտրել է կենտրոնական բյուրո: 1938-ին տեղի հայ կոմունիստներն անդամակցել են Ամերիկահայ առաջադիմական միությանը:
Հետպատերազմյան ժամանակաշրջանում ամերիկահայերը մասնակցել են Հայկական համաշխարհային կոնգրեսի (1947) աշխատանքներին, հայրենադարձության կազմակերպմանը, Հայաստանի հետ մշակութային կապերի ամրապնդմանը: Հայերը կարևոր ավանդ ունեն նաև ԱՄՆ-ի գիտության, գրականության ու արվեստի զարգացման գործում:
ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում գործում են հայկական գրատներ, հրատարակչություններ և գրախանութներ («Ապրիլ», «Սարդարապատ», «Էրեբունի», «Մշակ», «Արարատ», «Աշոտ», «Ոսկեդար», «Պերճ», «Շիրակ», «Շարժուն գրախանութ» ևն): Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Դետրոյտում, Բոստոնում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Փրովիդենսում, Ֆիլադելֆիայում, Սաութֆիլդում, Նորթվիլում և այլուր գործում են հայկական ռադիո-հեռուստատեսային ծրագրեր` հայերեն և անգլերեն:
Ամերիկահայությունը շոշափելի օգնություն է ցույց տվել 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենակիցներին: Աղետի գոտուն ցուցաբերվող բազմակողմանի օգնությունը համակարգելու և ավելի արդյունավետ դարձնելու նպատակով 1989-ի նոյեմբերին հիմնվել է Միացյալ հայկական ֆոնդ բարեգործական կազմակերպությունը, որը միավորում է ԱՄՆ-ում գործող յոթ խոշոր հայկական կազմակերպությունների (Ամերիկայի հայկական համագումար, Հայկական բարեգործական ընդհանուր միություն, Հայ օգնության միություն, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի էջմիածնական և անթիլիասական թեմերի առաջնորդարաններ, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն և Քըրք Քըրքորյանի «Լինսի հիմնադրամ») ջանքերը: Հաղթահարելով շրջափակման արգելքները` Միացյալ հայկական ֆոնդը օդանավային կանոնավոր առաքումներով Հայաստան է հասցրել շուրջ 350 մլն դոլարի մարդասիրական օգնություն: Վերջին տարիներին Հայաստանում բարեսիրական և մշակութային լայն գործունեություն է ծավալում Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամը (կենտրոնական գրասենյակը գտնվում է ԱՄՆ Մինեսոթա նահանգի Մինիապոլիս քաղաքում, մասնաճյուղ ունի նաև Երևանում):
1985-ին, Հայոց ցեղասպանության 70-ամյակի նախօրյակին, Կալիֆոռնիայի նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի աջակցությամբ ապրիլի 24-ը նահանգում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
ԱՄՆ-ի 32 նահանգներ ճանաչել են Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը:
Ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների (Հայ դատի հանձնախումբ, Ամերիկայի հայկական համագումար ևն) գործունեության կարևոր ձեռքբերումներից էր ԱՄՆ-ի Կոնգրեսի «Ազատության աջակցության ակտ» կոչվող օրենքի