Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/355

Այս էջը սրբագրված է

տեղի Ս. Աստվածածին եկեղեցու ավ. քհն. Հարություն Շմավոնյանի ջանքերով 1794-ին լույս է տեսել հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը»:

Չինսուրահ (Չիչրա) քաղաքում հայերի ներկայությունը հավաստող առաջին տեղեկությունները վերաբերում են 1645-ին: 1695-97-ին կառուցվել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Չինսուրահի հայերն ունեցել են կազմակերպված առևտրական ընկերություններ: Աչքի են ընկել հիմնականում մետաքսի արտահանմամբ: Բարձր պաշտոններ են զբաղեցրել Բենգալիայի արքունիքում (անգլիացիները Բենգալիայի ռաջայի մոտ առաքելություն ուղարկելիս որպես միջնորդ ընտրել են հայազգի Իսրայել Սահրադին):

Սեիդաբադ քաղաքում հայկական փոքրաթիվ համայնք է կազմավորվել Մեծ մողոլների կայսրության շրջանում: Մողոլ կայսր Աուրենգզեբը (1658-1707) խրախուսել է հայ բնակչության հոսքը Հ. և 1665-ին Սեիդաբադում հողամաս է հատկացրել հայերին՝ շենքեր կառուցելու համար, նրանց շնորհել մի շարք արտոնություններ: 1758-ին կառուցվել է հայկական եկեղեցի: Հայերի խանութներն ու արհեստանոցները կենտրոնացած են եղել Հայկական շուկա կոչվող փողոցի վրա: Նրանք ունեցել են լեղակենու արտեր և այն մշակող «գործանոցներ»: Աչքի են ընկել զինվորականներն ու զինագործները, ովքեր 1756-64-ին կամավոր մասնակցել են հնդիկ ժողովրդի ազատագրական պայքարին:

Սուրաթ քաղաքում գտնվել են հայերեն արձանագրություններով տապանաքարեր՝ թվագրված 1579: Համայնքում կարևոր տեղ են զբաղեցրել վաճառականները. նրանք ունեցել են սեփական օվկիանոսային նավեր և խոշոր դեր կատարել տարանցիկ առևտրի բնագավառում: 1688-ին անգլիական Արևելահնդկական ընկերությունը առևտրատնտեսական պայմանագիր է կնքել Սուրաթի հայության ներկայացուցիչ Խոջա Փանոս Քալանթարի հետ: XVII դ. Սուրաթի հայ համայնքն ունեցել է 2 եկեղեցի:


ԵԿԵՂԵՑԻ

Հ-ի և Ծայրագույն Արևելքի հայ համայնքները XVI դարից եղել են Իրանա-Հնդկաստանի թեմի կազմում: 1958-ին անջատվել են թեմից և անմիջականորեն ենթարկվել Մայր աթոռ Ս. Էջմիածնին: Նույն թվականին Ասողիկ եպս. Ղազարյանը նշանակվել է Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ:

Հնդկահայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքը կենտրոնացած է Կալկաթայում: Կալկաթայի հոգևոր հովվությունը կազմավորվել է XVII դ., մաս է կազմում Հայաստանյայց առաքելական եկեղեցու Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակության: Հ-ում առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 1547-ին՝ Մադրասում: 1562-ին կառուցվել է Ագրայի եկեղեցին: XVII դ. հայկական երկու եկեղեցի է եղել Սուրաթում: 1695-97-ին Չինսուրահում հիմնվել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, 1712-ին Մադրասում՝ Ս. Աստվածածինը, 1724-ին Կալկաթայում՝ Ս. Նազարեթը, 1821-23-ին՝ Ս. Երրորդության մատուռը, 1909-ին՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը: 1758-ին կառուցվել է Սեիդաբադի եկեղեցին: Ծիսական արարողությունները կատարվում են Կալկաթայի եկեղեցիներում, իսկ Չինսուրահի և Սեիդաբադի եկեղեցիներում պատարագ է մատուցվում տարին 2 անգամ:

Կալկաթայի հոգևոր հովիվն է Ղևոնդ աբեղա Ղևոնդյանը (2000-ից): Նստավայրը՝ Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցի:


ԴՊՐՈՑ

Հ-ի գրեթե բոլոր հայ համայնքներում (Ագրա, Կալկաթա, Բոմբեյ, Մադրաս ևն) գործել են հայկական դպրոցներ: Առավել նշանավորն ու երկարակյացը, որ գործում է ցայսօր, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանն է: