Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/356

Այս էջը սրբագրված է

Հայոց մարդասիրական ճեմարան, հիմնադրվել է 1821-ին, Կալկաթայում՝ ջուղայեցի մեծահարուստ Աստվածատուր Մուրադխանյանի կտակով, որն իրականացրել է Մնացական Վարդանյանը: 1825-ին ճեմարանին է միացվել 1798-ին Կալկաթայում Հարություն Գալուցյանի հիմնած դպրոցը, իսկ ինքը՝ Գալուցյանը, ստանձնել է դպրոցի տեսչությունը: Ճեմարանն ունեցել է օրիորդաց բաժին, որը փակվել է 1842-ին: 1949-ին ճեմարանի կազմի մեջ է մտել Կալկաթայի Դավիթյան օրիորդաց դպրոցը (հիմնվել էր 1922-ին՝ իրանահայ Դ. Դավիթյանի բարերարությամբ): Ճեմարանը սկզբում տեղավորված էր հին Չինա բազար փողոցի վրա (Կալկաթայի հայկական եկեղեցու մերձակայքում): 1971-ին նախագծվել ու հիմնադրվել է ճեմարանի վեց հարկանի շենքը: Ճեմարանում սովորում են 7-18 տարեկան աշակերտներ: Անապահով երեխաների համար ուսումն անվճար է: Ունի գիշերօթիկ բաժին: Դասավանդվում են հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի պատմություն, կրոն, ֆրանսերեն, անգլերեն, պարսկերեն, բենգալերեն, աշխարհագրություն, մաթեմատիկա: Հայագիտական առարկաները դասավանդվում են մայրենի լեզվով, մյուս առարկաները՝ անգլերեն: Տեղացի աշակերտները սովորում են բենգալերեն, իսկ Իրանից եկածները՝ պարսկերեն: Մինչև 1870-ը ճեմարանն ունեցել է իր ինքնուրույն ծրագրերը, հետագայում դրանք համապատասխանեցվել են Կալկաթայի համալսարանի ընդունելության քննությունների պահանջներին: 1883-ին ճեմարանը պաշտոնապես ճանաչվել է որպես երկրորդական (միջնակարգ) դպրոց: 1888-ին դասվել է Կալկաթայի համալսարանի քոլեջների կարգը: Առժամանակ դիմորդներ է պատրաստել Քեմբրիջի համալսարանի համար: 1888-91-ին ճեմարանին կից գործել են բարձրագույն դասընթացներ՝ Կալկաթայի համալսարանի արվեստի ճյուղի համար դիմորդներ պատրաստելու նպատակով:

Ճեմարանն ունի ընդարձակ հողատարածություններ, գիտական աշխատանոց, բուժարան, մարզական խմբակներ, լողավազան, երգչախումբ, նվագախումբ, տղաների և աղջիկների համար նախատեսված առանձին կացարաններ: Հովհաննես Ավդալի ջանքերով 1828-ին ճեմարանին կից բացվել է Արարատյան գրադարանը, 1824-ին՝ տպարան, որը գործել է մոտ 50 տարի: Ճեմարանում դասավանդել են Հ. Աղանուրյանը, Հ. Գալուցյանը, Մ. Թաղիադյանը, Հ. Ավդալյանը, Մ. Դավթյանը, Դ. Բեգլարյանը, Թ. Տեր-Ստեփանոսյանը, Վ. Գալուստյանը, Ա. Ալահվերդյանը, Վ. Վարդանյանը, Ս. Մխիկյանը: Ճեմարանի սաներից են Մ. Էմինը, Մ. Սեթյանը, Թ. Ավետումյանը, Կ. Մինասյանը, Ս. Աղանուրյանը, Պ. Չաթերը և այլք: Ճեմարանի շրջանավարտները հիմնել են նախկին սաների միությունը: Ճեմարանը 1847-ին ունեցել է 79, 1870-ին՝ 30, 1917-ին՝ 109, 1968-ին՝ 81, 1989-ին՝ 60 աշակերտ: 1992-94-ին ճեմարան ուսանելու են եկել մի խումբ աշակերտներ Հայաստանից: 1999-ի փետրվարի 15-ին Կալկաթայի Գերագույն դատարանի որոշմանը ճեմարանը հանձնվել է Ամենայն հայոց կաթողիկոսությանը: 1999-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հովանավորությամբ ճեմարանում ուսումը շարունակել են հայաստանցի 30 մանուկներ:

Ս. Սանդխտյան աղջկանց դպրոց, կրթական հաստատություն Կալկաթայում: Բացվել է 1847-ին՝ Մեսրոպ Թաղիադյանի ջանքերով: Գլխավոր ուսուցչուհին Շուշան Թաղիադյանն էր: Դասավանդվում էին լեզուներ, նկարչություն, երաժշտություն, տնարարություն, կար ու ձև: Կալկաթայից Չինսուրահ տեղափոխված դպրոցը 1855-ին (Շ. Թաղիադյանի մահից հետո) փակվել է:


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Հասարակական-քաղաքական կյանքը հնդկահայ համայնքում աշխույժ է եղել XVIII դ. վերջին - XIX դ. կեսին: Ստեղծվել են քաղաքական, մշակութային, բարեգործական, մարզական միություններ ու կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակն էր սատար կանգնել հայերին ու Հայաստանին, նպաստել ազգային ինքնագիտակցության զարգացմանը, պահպանել հնդկահայ համայնքի ազգային իրավունքները:

Մադրասի խմբակ, գրական-քաղաքական կազմակերպություն: Ստեղծվել է 1770-ական թթ., Մադրասում՝ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Հովսեփ Էմինի քարոզչության ներշնչմամբ: Խմբակի ակնառու դեմքերն էին Մովսես Բաղրամյանը, Շահամիր Շահամիրյանը, Հակոբ Շահամիրյանը, Հարություն քհն. Շմավոնյանը և այլք: Նրանք հանդես են եկել ինքնակալության ու բռնակալության քննադա-