«Արևելյան հնդկաց լրագիր», քաղաքական, բանասիրական և առևտրական վիմատիպ շաբաթաթերթ: Լույս է տեսել 1863-65-ին, Կալկաթայում: Խմբագիր՝ Հովսեփ Սեթյան: Անդրադարձել է հնդկահայ գաղութի հասարակական կյանքին, ազգային լեզվի ու կրոնի պահպանությանը, հնդկահայ համայնքների քայքայման պատճառներին:
«Նոր ազդարար», գրական-հրապարակախոսական եռամսյա պարբերաթերթ: Լույս է տեսել 1950-80-ին, Կալկաթայում: Խմբագիր՝ Զեբեդիա Հանանյան: Օժանդակել է գաղութի ազգապահպանության գործին և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, ձգտել է սեր արթնացնել հայրենիքի, մայրենի լեզվի ու մշակույթի նկատմամբ: Ծավալուն տեղ է հատկացրել պարսկահայ և հնդկահայ գաղութների պատմությանը, բանասիրական նյութերի: Գրական բաժնում տպագրվել են հիմնականում տեղի բանաստեղծների, հայաստանցի հեղինակների ստեղծագործություններ: Ունեցել է նաև աշակերտական և մանկական բաժին, ուր տեղ են գտել հեքիաթներ, զրույցներ, հանելուկներ:
Գրկ. Թովմասյան Խ., Հայք ի Հնդիկս Անգղիացւոց և Հոլանտացւոց, Վնտ., 1880: Խոջամալյան Թ., Պատմութիւն Հնդկաց, մաս 1-2, Կալկաթա, 1848-49: Հակոբյան Տ., Հին Հնդկաստանը և Չինաստանը, Ե., 1940: Ալպոյաճյան Ա., Պատմութիւն հայ գաղթականութեան, հ. 3, Կահիրե, 1961: Գասպարյան Ս., Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր, Ե., 1962: Դերենիկ եպիսկոպոս, Ագրայի հայերը, Բեյրութ, 1963: Աբրահամյան Ա. Գ., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1-2, Ե., 1964-67: Seth M. J., Armenians in India, Calcutta, 1937; Basil A., Armenian Settlements in India, Calcutta, 1969.