քական բռնատիրությունից փախած հայերի հաշվին: 1737-ին Ռոդոսթոյի (Թեքիրդաղի) առաջնորդությանը կաթողիկոս Աբրահամ Կրետացու հղած կոնդակում հիշատակվում է Թրակիայի և Մակեդոնիայի շուրջ 30 բնակավայր (Սալոնիկ, Սերե, Քսանթի, Կավալա, Դիդիմոտիկո ևն), որտեղ կային հայկական համայնքներ: XVII-XVIII դդ. Թրակիայում գործել է հայկական առաջնորդարան: Մխիթար Սեբաստացին, մինչև Վենետիկի Ս. Ղազար կղզի տեղափոխվելը, 1701-15-ին իր աշակերտներով հաստատվել էր Հ-ի Մորեա թերակղզու Մեթոն բերդաքաղաքում:
Հունահայ գաղութի համար մեծ նշանակություն է ունեցել Հ-ի անկախացումը (1829), որը խթանել է հայերի նոր հոսքը դեպի Հ.: 1872-ին, Կոստանդնուպոլիս-Սալոնիկ երկաթուղու շինարարության վրա աշխատելու նպատակով, Ալեքսանդրուպոլսում հաստատվել է 130 հայ բանվորական ընտանիք, իսկ 1882-ին Կորինթոսի ջրանցքի կառուցմանը մասնակցող մշեցիների մի ստվար խումբ հաստատվել է Արղոսի գյուղերում: Հետագա տարիներին համայնքն ավելի է ստվարացել Թուրքիայում 1894-96-ի համիդյան ջարդերից, 1909-ի Ադանայի հայկական կոտորածներից, 1915-ի Մեծ եղեռնից և հատկապես 1922-ի Զմյուռնիայի ջարդերից հետո Հ. գաղթած շուրջ 70 հզ. հայերի հաշվին: 1923-ին Հ-ում հայ գաղթականների թիվը հասել է 120 հզ-ի (որից շուրջ 20 հզ. որբ): Հայերը հիմնականում կենտրոնացած էին Թրակիայի ու Մակեդոնիայի քաղաքներում (հատկապես՝ Սալոնիկում), ինչպես նաև Աթենքում, Պիրեայում, Կրետե, Սամոս, Միտիլինի, Քիոս, Սիրա, Զակինթոս, Կորֆու հունական կղզիներում: Զգալի թիվ են կազմել շերամապահները, բանվորները (աշխատել են ծխախոտի և տեքստիլ գործարաններում), արհեստավորները (գորգագործներ, ոսկերիչներ), առևտրականները, մտավորականները: Կարճ ժամանակում հիմնվել են դպրոցներ, կազմակերպվել բարեգործական, հայրենակցական, երիտասարդական, մարզական միություններ: 1924-ին ստեղծվել է ՀՕԿ-ի մասնաճյուղը: Հրատարակվել են պարբերականներ: 1892-94-ին Աթենքում լույս է տեսել ՍԴՀԿ-ի «Հնչակ» պաշտոնաթերթը: 1897-ի հույն-թուրքական պատերազմին մասնակցել է հնչակյանների կազմակերպած հայ կամավորական ջոկատը (600 մարդ, հրամանատար՝ Նշան Միրաքյան), որն արժանացել է հունական բանակի հրամանատարության պարգևին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հունահայերը մասնակցել են Հ-ի ժողովրդաազատագրական ճակատի պայքարին ու պարտիզանական կռիվներին:
Հետագա տարիներին Հ-ի տնտեսական և քաղաքական անբարենպաստ կացությամբ պայմանավորված արտագաղթի (Արևմտյան Եվրոպա, ԱՄՆ և Լատինական Ամերիկա) և հայրենադարձության (1924-27-ին, 1932-33-ին, 1946-48-ին) հետևանքով հունահայերի թիվը նվազել է: Այդ տարիներին Հ-ից Հայաստան է ներգաղթել շուրջ 60 հզ. հայ:
Մինչև 1960-70-ական թթ., բացառությամբ Հյուսիսային Հունաստանի հին գաղութների, հունահայերի մեծամասնությունը չի ունեցել Հ-ի քաղաքացիություն: Բավարարվելով գաղթականի կարգավիճակով և «Նանսենյան անձնագրերով»՝ հունահայերը հնարավորություն չեն ունեցել ընդգրկվելու երկրի քաղաքական և մշակութային կյանքում: Նրանց փոքր մասն է միայն ստացել բարձրագույն կրթություն: Վերջին երկու տասնամյակների ընթացքում, հունական քաղաքացիություն ստանալուց հետո միայն հայ երիտասարդները հնարավորություն են ունեցել ընդունվելու համալսարաններ:
1980-ական թթ. համայնքը համալրվել է Կիպրոսից, Սիրիայից, Լիբանանից, Իրարից, Թուրքիայից, Պարսկաստանից գաղթած հայերով: Նորեկներն ակտիվորեն ընդգրկվել են հունահայ համայնքի ազգային կյանքում, կարևոր դիրքեր գրավել ազգային հաստատություններում: 1990-ական թթ. սկզբից բավականին մեծ ներհոսք է նկատվում Հայաստանից:
Ներկայումս (2003) Հ-ում բնակվում է շուրջ 45 հզ. հայ (նրանցից 30 հզ-ը՝ նորեկ հայաստանցիներ): Հիմնականում կենտրոնացած են Աթենք, Սալոնիկ, Կոմոտինի, Կրետե, Ալեքսանդրուպոլիս, Քսանթի, Կավալա, Օրեստիադա, Դիդիմոտիկո քաղաքներում և կղզիներում: Առանձին ընտանիքներ ապրում են նաև Լարիսա, Ֆլորինա, Դրամա, Կալամատա, Լուտրակի, Պատրաս քաղաքներում, Հռոդոս և Կորֆու կղզիներում: Հունահայերի զգալի մասը հեռացել է ազգային կյանքից, ընտանիքներում և միմյանց հետ հիմնականում հաղորդակցվում են հունարենով, շատերը նույնիսկ եկեղեցի չեն այցելում: Խառն ամուսնությունների թիվը կազմում է շուրջ 80%: Կան նաև ներհամայնքային այլ գործոններ՝ միջկուսակցական պայքար, եկեղեցու և ազգային իշխանության բաժանվածություն:
Հայերն ակտիվորեն մասնակցում են երկրի տնտեսական կյանքին, զբաղվում արհեստներով և առևտրով: Տարածված է ոսկերչությունը, կան մեծ թվով փորագրիչներ, կոշկագործներ, կահույքագործներ, մետաղագործներ ևն: Համայնքը պաշտոնապես ներկայացնում են Ազգային առաջնորդարանը և Ազգային վարչությունը: Գործում են 10 առաքելական, 2 կաթոլիկ, 2 ավետարանական եկեղեցիներ, 3 ամենօրյա և մի քանի կիրակնօրյա դպրոցներ, ՀՀԴ և ՌԱԿ տեղական