"The California Courier", "The Armenian Observer", "AIM" պարբերականները: Լույս են ընծայվում նաև "Armenian Directory Yellow Pages" (1980-ից) հատորները, "Armenian-American Almanac" (1985-ից) հատորները: Գործում են «Ապրիլ», «Սարդարապատ», «Նավասարդ», «Պերճ», «Շիրակ», «Շարժուն գրախանութ» գրատներն ու հրատարակչությունները, ինչպես նաև «Հայ թելեթայմ» (1979-ից), "The Hye Ligth" (1982-ից), «Հորիզոն» (1989-ից), «Հայաստան» (1989-ից) հեռուստաժամերը, «Հայ թելեռադիո» (1982-ից) ռադիոժամերը:
1982-91-ին Կալիֆոռնիայի նահանգի նահանգապետ է ընտրվել ամերիկյան պետական և քաղաքական գործիչ հայազգի Ջորջ Դոքմեջյանը (Գուրգեն Դոքմեջյան):
2001-ին Լոս Անջելեսի քաղաքապետարանի որոշմամբ` Հոլիվուդի մի թաղամաս կոչվել է "Little Armenia" («Փոքրիկ Հայաստան»): 2002-ին Գլենդելի քաղաքապետ է ընտրվել (քաղաքի պատմության մեջ երկրորդ անգամ) քաղաքային խորհրդի հայ անդամ Րաֆֆի Մանուկյանը: Առաջին հայ քաղաքապետն էր Լարի Զարյանը:
Նյու Յորքի հայ համայնքը սկզբնավորվել է 1870-ական թթ. վերջից, ստվարացել XIX դ. վերջին-XX դ. սկզբին` հատկապես Մեծ եղեռնից հետո: 1930-ին Նյու Յորքի հայերի թիվը 20 հզ. էր: Համայնքը համալրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի և նրան հաջորդող տարիներին` Եվրոպայից, Մերձավոր և Միջին Արևելքից գաղթած հայերով: Ներկայումս (2003) Նյու Յորքում և շրջակայքում բնակվում է շուրջ 75 հզ. հայ: Համայնքի սոցիալական կազմը խայտաբղետ է` բանվորներ, մանր ու խոշոր առևտրականներ, սպասարկման ոլորտի ծառայողներ, գործարանատերեր, մտավորականներ (ուսուցիչներ, բժիշկներ, ճարտարագետներ, գիտնականներ, մշակույթի ու արվեստի գործիչներ):
Նյու Յորքը Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի կենտրոնն է: Գործում են առաքելական Ս. Վարդան մայր տաճարը, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Խաչ, Ս. Սարգիս Սրբոց նահատակաց, կաթոլիկ` Ս. Աննա, և ավետարանական եկեղեցիները, Սրբոց նահատակաց, Ս. Գրիգոր Լուսավորիչ ամենօրյա վարժարանները, Սիամանթո ակադեմիան (ճեմարան), Ս. Ներսես հոգևոր ճեմարանը: Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում գործում է հայագիտական ամբիոն:
Նյու Յորքում 1947-ին հրավիրվել է Հայկական համաշխարհային կոնգրեսը:
Նյույորքահայերի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցին և հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները:
Նյու Յորքում են գտնվում ՀԲԸՄ-ի, ՀՕՖ-ի, Հայ դատի հանձնախմբի, Ամերիկահայ ուսանողների միության կենտրոնական գրասենյակները, Թեքեյան և Համազգային մշակութային միությունների, Սեբաստիայի վերաշինաց, Մալաթիայի կրթասիրաց, Կեսարիայի, Չնքուշի, Չոմախլուի, Տիգրանակերտի, Այնթապի, Մարաշի, Իրանահայերի, Պոլսահայերի հայրենակցական միությունների կենտրոնական վարչությունները կամ մասնաճյուղերը, Հայ ատամնաբույժների, Հայ տիկնանց միջազգային, Հայ տարեցների տուն միությունները: Գործում են նաև Ցեղասպանության և սթրեսների ուսումնասիրության հայ-ամերիկյան միությունը, Հայ կրթական խորհուրդը, Հովարդ Կարագյոզյան հաստատությունը, Վարդանանց ասպետներ կազմակերպությունը, Ամերիկայի հայ եկեղեցական երիտասարդական միությունները: 1997-ին բացվել է Հայ-ամերիկյան գործարար կենտրոնը:
Համայնքի մշակութային կյանքը կազմակերպում են «Ադամյան», «Հայ դրամատիկ խումբ» (այժմ` «Սևան»), Համազգայինի «Մասիս», «Արտավազդ» թատերախմբերը, Հայ ժողովրդական պարերի ընկերակցությունը, «Անդրանիկ» և «Նաիրի» պարախմբերը, «Կոմիտաս», «Գուսան» երգչախմբերը:
Հայ գաղութի հիմնադրումից ի վեր հրատարակվել է ավելի քան 100 անուն պարբերական: Ներկայումս (2003) լույս են տեսնում «Հուշարար-Միություն», «Նոր Սեբաստիա», "AGBU News Magazine", "Armenian Reporter", "Ararat" պարբերականները: Գործում են հայկական ռադիոժամեր:
Չիկագոյի հայ համայնքը ձևավորվել է XIX դ. 80-90-ական թթ.: 1910-ին Չիկագոյում և նրա շրջակայքում բնակվել է շուրջ 1000, 1921-