Գործունեության արդյունքում հավաքվել է շուրջ 800 հզ. դոլար: Սպիտակ է ուղարկվել բետոնե սալիկներ արտադրող մեքենա: Հանձնաժողովը համագործակցում է Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ:
Հունա-հայկական առևտրի և արդյունաբերության պալատ, ստեղծվել է 1993-ին՝ մի խումբ հունահայ և հույն առևտրականների նախաձեռնությամբ: Նպատակն է զարգացնել առևտրատնտեսական համագործակցություն Հ-ի և Հայաստանի միջև: Պալատի գործունեության շնորհիվ 1994-ին Սալոնիկում կազմակերպվել է միջազգային տոնավաճառ, որին մասնակցել է նաև Հայաստանը:
Հայ-հունական լիգա, ստեղծվել է 1994-ին՝ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ: Լիգայի վարչության կազմում ընդգրկված են մի շարք հայտնի հույն քաղաքական դեմքեր (Էկոնոմիկայի փոխնախարար Ռոմեոսը, Քաղաքական գարուն կուսակցության պատգամավոր Լենդակիսը), լրագրողներ, գիտնականներ, արվեստի գործիչներ, ՀՀԴ ներկայացուցչական մարմնի և Հայ դատի հանձնախմբի անդամներ:
«Հայաստան» կենտրոն, հասարակական-մշակութային հաստատություն: Պաշտոնապես բացվել է 2001-ի մարտին, Աթենքում՝ Հ-ի համալսարանների հայաստանցի ուսանողների նախաձեռնությամբ: Նպատակն է պաշտպանել վերջին տարիներին Հայաստանից Հ. եկած հայերի շահերը, նպաստել նրանց հասարակական, մշակութային, կրթական, առողջապահական, տեղեկատվական, իրավական և այլ խնդիրների լուծմանը: Կենտրոնին կից գործում են հունարենի և հայերենի ուսուցման դասարաններ, ինչպես նաև պարախումբ և ասմունքի խումբ: Պարբերաբար կազմակերպվում են մարզական խաղեր: Կենտրոնի գործունեությանը գործնական և բարոյական աջակցություն են ցույց տալիս Հունահայոց էջմիածնական թեմը, Հայկական ժողովրդային շարժումը և համակիր այլ կազմակերպություններ ու գործիչներ: Կենտրոնի պաշտոնաթերթն է «Հայաստան» պարբերականը:
ՄՇԱԿՈՒՅԹ
Վաղ միջնադարում բազմաթիվ հայեր կրթվել են Բյուզանդիայի մշակութային կենտրոններում (Աթենք, Կոստանդնուպոլիս, Ալեքսանդրիա, Անտիոք, Տրապիզոն): Հունարենից հայերեն են թարգմանվել եկեղեցական, փիլիսոփայական, պատմական երկեր: Հայաստանում ձևավորվել է հունաբան դպրոց:
Հայ մտավորականներից շատերը նպաստել են Բյուզանդիայի հոգևոր կյանքի զարգացմանը. 858֊867-ին և 877-886-ին Կոստանդնուպոլսի պատրիարքությունը վարել է հայազգի նշանավոր գիտնական Փոտը, որի աշակերտներ Կիրիլիոսը և Մեթոդիոսը կեսար Վարդաս Մամիկոնյանի հանձնարարությամբ լուսավորչական գործունեություն են ծավալել սլավոնական երկրներում: Կեսար Վարդասը վերաբացել է Կոստանդնուպոլսի Մագնավրա համալսարանը, որը 863-ից ղեկավարել է մաթեմատիկոս Լևոն Փիլիսոփան: Բյուզանդական մշակույթի հայտնի գործիչներից է նաև կայսր Կոստանդին VII Ծիրանածինը: Հայ-բյուզանդական մշակութային կապերի արտահայտություններից է բյուզանդական «Դիգենիս Ակրիտաս» էպոսը, որը ստեղծվել է հայկական միջավայրում. գործող անձանցից շատերը ծագումով հայեր են, էպոսում պահպանված են հայկական ժողովրդական երգեր, հայկական տեղանուններ: Հայ-բյուզանդական մշակութային փոխազդեցություններն առկա են նաև ճարտարապետության մեջ ու արվեստում:
Թատրոն: Հ-ում հայերեն ներկայացումներ կազմակերպվել են 1890-ական թթ.: 1922-ից Հ-ի տարբեր քաղաքներում միաժամանակ ստեղծվել են հայկական թատերախմբեր: Առաջին ներկայացումը կազմակերպել է Արտաշես Վրույրը՝ Սալոնիկում (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), խաղացել են հայկական եկեղեցու բակում: Այնուհետև Ժամկոչյան ամուսինների և այլոց հետ Վրույրը բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» և այլ գործեր: Թատերասերների մեկ այլ խումբ 1924-ին Սալոնիկում ներկայացրել է Լևոն Շանթի «Ճամփուն վրա» պիեսը, իսկ 1926-ին նորաստեղծ Հայ երիտասարդաց միության դրամատիկական թատերախումբը՝ Շիրվանզադեի «Նամուսը»: 1924-ից Թրակիայում գործել է «Սևումյան» թատերախումբը: Բեղմնավոր գործունեություն են ունեցել Աթենքի թատերասերները, Գեղարվեստասիրաց և Հայ ակումբի թատերախմբերը: 1927-ին Աթենքում իր լավագույն դերերով (Օթելլո, Շերլոկ Հոլմս, Կորրադո) հանդես է եկել Հովհաննես Զարիֆյանը: 1927-ին Լիբազմայում գործել է «Տալվորիկ» թատերախումբը: Նույն քաղաքում մեծ գործունեություն է ծավալել դերասան և ռեժիսոր Գ. Գալուստյանը, որը ղեկավարել է ՀՕԿ-ի թատերախումբը: 1927-ին Ֆիքսում գործել է «Արտավազդ» թատերախումբը, որին հաջորդել է «Քնար» խումբը: Հ-ում թատերական կյանքն ավելի աշխուժացել է 1940-ական թթ.: 1946-ին Կոկինիայում կազմակերպվել է «Ադամյան» թատերախումբը, որը