Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/376

Այս էջը սրբագրված է

մտավորականների նախաձեռնությամբ 1987-ին հիմնվելն հայ-հունգարական «Արմենիա» ընկերությունը (1993-ից՝ Հ-ի հայ մշակութային միություն), որը հրատարակչական աշխույժ գործունեություն է ծավալել՝ լույս ընծայելով գրական երկեր, հայոց պատմության մասին աշխատություններ ևն: Միության կազմում ընդգրկվել են նաև հունգարացի մտավորականներ, որոնք հետաքրքրվում են հայ ժողովրդի անցյալով ու ներկայով:

Հ-ի խորհրդարանի 1993-ի ընդունած՝ «Ազգային փոքրամասնությունների ինքնավարության մասին» օրենքը, որը ինքնակառավարման արտոնություններ է շնորհում Հ-ում 100 տարուց ավելի բնակվող ժողովուրդներին (Հ-ում պաշտոնապես ճանաչված 13 ազգային փոքրամասնությունների շարքում հայերը զբաղեցրել են 6-րդ տեղը), հնարավորություն է ընձեռել հունգարահայությանը 1994-ին ստեղծելու իր համայնքային կազմակերպական կառույցը՝ Հայ ազգային փոքրամասնության ինքնավարությունը, Բուդապեշտի 9 թաղամասերում և Սեկեշֆեհերվար, Վեսպրեմ, Դեբրեցեն, Սեգեդ, Շոպրոն քաղաքներում: Յուրաքանչյուր թաղամաս կամ քաղաք ունի հինգ պատգամավոր: 75 պատգամավորներից 1995-ի փետրվարին ընտրվել է հունգարահայ համայնքի ինքնակառավարման գործադիր մարմինը՝ Հայկական խորհուրդը (բաղկացած 17 անդամից): Նախագահն է Ալեքսան Ավանեսյանը: Հայկական խորհուրդը կազմակերպում է համայնքի ազգային կյանքը, համախմբում հունգարահայությանը, նպաստում հայկական ավանդույթների և ազգային մշակույթի պահպանմանը, Հայաստանի և սփյուռքահայ տարբեր համայնքների հետ կապերի հաստատմանը:

1997-ի հոկտեմբերի 5-ին, Հ-ի մշակույթի նախարարի և Հայաստանի Հանրապետության պատվիրակության մասնակցությամբ, Բուդապեշտի կենտրոնական թաղամասում բացվել է Հայ մշակույթի կենտրոն, որտեղ կազմակերպվել է Սերգեյ Փարաջանովի գործերի ցուցահանդես և ֆիլմերի փառատոն:


ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հունգարահայությունը որոշակի նպաստ է բերել գիտության և մշակույթի զարգացման գործին: Հայտնի հայագետ-պատմաբան, ազգագրագետ Խաչիկ Սոնգոտյանը (1843֊1907) հրատարակել է «Արմենիա» ամսագիրը, իր «Հունգարահայ գերդաստանների տոհմանունները» գրքում տվել է երկրի հայ տոհմանունների ծագումը, ստուգաբանությունը, լույս ընծայել «Հունգարահայ ազգագրություն» աշխատությունը: Հունգարերեն է թարգմանել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», հայերեն՝ Շանդոր Պետեֆիի ստեղծագործություններից: Պատմաբան, բանասեր, հրապարակախոս և քաղաքական գործիչ Անտոն Մոլնարյանը (Անտալ Մոլնար, 1840-1902) եղել է Հ-ի խորհրդարանի անդամ, տարբեր տարիների խմբագրել է «Հունգարական թերթեր» քաղաքական լրագիրը, հրատարակել հայագիտական հոդվածներ «Արմենիա» ամսագրում: Իր ազգագրական, պատմագիտական, լեզվաբանական հոդվածներով հայտնի է Ղուկաս Բադրուպանյանը (1861-1926), որը թղթակցել է «Հանդես ամսօրյա», «Բանասեր» և այլ պարբերականների: Հայ գաղութի գործիչներից և Հունգարիայի հայ միության հիմնադիրներից էր ազգագրագետ, իրավաբան Լասլո Գոպջան (1865-1933): Գրել է հունգարական «Պալլաս» մեծ հանրագիտարանի՝ հայերին վերաբերող հոդվածները: Տպագրվել են նրա «Հայկական առածներ» (1888), «Հայկական պատմվածքներ» և «Հայկական հեքիաթներ» (1911), «Նամակներ Էրզրումից» (1924) ևն գործեր:

Նշանավոր մտավորականներ, պետական և հասարակական գործիչներ է տվել հայկական Լուկաչ գերդաստանը: Հայտնի են գրող և պատմաբան, Հ-ի ԳԱ անդամ, Կիշվալուդիի գրական ընկերության նախագահ Մորիկ (Մորից) Լուկաչը, տնտեսագետ, պատմաբան և գրող Բելլս Լուկաչը (1890-ին արժանացել է Հ-ի ԳԱ մրցանակին), պետական գործիչներ Լասլո Լուկաչը, Գեորգ Լուկաչը, դիրիժոր Միկլոշ Լուկաչը: Հ-ի ռազմագիտության զարգացմանը կարևոր նպաստ է բերել հայազգի ճանաչված ռազմագետ, գեներալ Յանոշ Ցեցը:

Հունգարացի մի շարք գիտնականներ հետաքրքրություն են հանդես բերել հայագիտության նկատմամբ: Հայտնի հայագետ, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Բուդապեշտի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ Էդմոնդ Շյուցը հեղինակ է բազմաթիվ հայագիտական աշխատությունների և