ՃԱՊՈՆԻԱ
Պետություն (սահմանադրական միապետություն) Արևելյան Ասիայում: Տարածքը՝ 372,8 հզ. կմ²: Բնակչությունը՝ 125,9 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Տոկիո (10 մլն): Հայերի թիվը՝ 50-60:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հաստատվել են 1992-ին:
Հայերը գործի բերումով Ճ. են այցելել XIX դ. 2-րդ կեսից: Նրանք հիմնականում հնդկահայեր էին, որոնք առևտրական ծովագնացային գործունեություն են ծավալել Ճ-ում: 1870-ին Կալկաթայի «Աբգար և ընկերություն» ֆիրման սկսել է նավագնացության ծառայություններ իրականացնել դեպի Ճ. և արդեն 1880-ական թթ. կեսին Ճ-ի Կոբ, Յոկոհամա և Նագասակի քաղաքները կապել է Սինգապուրի, Հոնկոնգի, Փենանգի և Կալկաթայի հետ: Այս հանգամանքը խրախուսել է որոշ հայ վաճառականների ներգրավվելու այդ գործի մեջ: 1870-ական թթ. սկզբին Յոկոհամայում վաճառականությամբ է զբաղվել Մակ Թ. Արաթունը, որը հետագայում գնալով Կոբ՝ միացել է իր կրասեր եղբայր Վահանին: 1930-ին Մակը դարձել է Օսակայում «Էդգար եղբայրներ» գրասենյակի կառավարիչ: 1956-ին գրասենյակը փակվել է, և նա ընտանիքի հետ գաղթել է Ավսարալիա:
Հայ վաճառականները գործել են հիմնականում Յոկոհամա, Կոբ և Օսակա քաղաքներում: 1890-ական թթ. Կոբում Մ. և Լ. Աղաբեկները ղեկավարել են «Աղաբեկ և ընկերություն» առևտրական հաստատությունը, իսկ Ա. Մ. Աբգարը կառավարել է «Աբգար և ընկերություն» նույնատիպ հաստատությունը Յոկոհամայում: Այս ընկերությունը գործել է մինչև 1920-ական թթ.՝ տիկին Անահիտ Հովհաննեսի Աբգարյանի և նրա որդի Միքայելի ղեկավարությամբ: Տիկին Անահիտն առավելապես հայտնի է որպես Դայանա (Դիանա) Աղաբեկ Աբգար (Անահիտ Աղաբեկյան-Աբգարյան, 1859-1937), որը 1920-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության (1918-20) հյուպատոս Ճ-ում (աշխարհում առաջին կին հյուպատոսը): Գրող, հրապարակախոս, լրագրող Դայանա Աբգարը պարբերաբար հանդես է եկել Ճ-ի անգլալեզու մամուլում Հայ դատի մասին հոդվածներով և առանձին գրքերով, օգնել հայ գաղթականներին հասնելու ԱՄՆ:
1890-ական թթ. վերջին Յոկոհամայում է հաստատվել վաճառական Փ. Մ. Փափազյանը, որն այստեղ է մնացել մինչև 1917-ը: 1900-ական թթ. սկզբին Կոբում գործել է «Մարտին եղբայրներ» ընկերությունը, որն ունեցել է մի խումբ երիտասարդ հայ գործավորներ: Փոլ Զ. Մարտինը Արիմա քաղաքում (որտեղ և մահացել է 1931-ին) ձեռք է բերել սեփական հյուրանոց՝ «Քինգ Ջորջ»: 1920-ական թթ. Կոբում գործել է «Փոլ Արա-