թուն և ընկերությունը», որը Սինգապուրի «Ստեֆընս Փոլ»-ի մասնաճյուղն էր: Տոկիոյի Մեգուրո արվարձանում գտնվում է Ղևենյանի (ճ-ում է բնակվել 1924-ից) հայատառ տապանաքարը:
1962-ին Ճ-ում ապրել է 10 հայ ընտանիք՝ հիմնականում առևտրականներ: 1980-90-ական թթ. Ճ-ում հետաքրքրություն է առաջացել Հայաստանի և հայ մշակույթի հանդեպ: 1980-ին Հայաստան է այցելել ճապոնացի գործիչ Հիդեհարա Նակաջիման, որը լրջորեն հրապուրվել է հայ ժողովրդի պատմությամբ, մշակույթով, ճարտարապետությամբ և կենցաղով: 1984-ին նա Ճ-ում հիմնել է Հայաստանի ինստիտուտ, որը 1992-ից հայտնի է որպես Ճապոնա-հայկական բարեկամության ընկերություն: Հ. Նակաջիմայի ջանքերով գտնվել են հյուպատոս Դ. Աբգարի 3 գրքերը (հրատարակված 1911-18-ին, Յոկոհամայում) և նրա տունը Յոկոհամայում, որը հրդեհվել էր 1923-ի երկրաշարժի ժամանակ և ավերվել 1945-ին ամերիկյան ռմբակոծություններից (Աբգարի որդիները Ճ-ից հեռացել են և հաստատվել ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյում): Դ. Աբգարի գերեզմանը Յոկոհամայում խնամում են Հ. Նակաջիմայի ղեկավարած ընկերության ակտիվիստները: Հ. Նակաջիման Հայաստանի մասին գրքերի և հրապարակումների հեղինակ է, իսկ տիկինը՝ հայուհի Մելանյա Նակաջիման, համալսարանում հայերենի դասեր է տալիս ցանկացողներին:
Ներկայումս (2003) Ճ-ում բնակվում է 50-60 հայ (մեծ մասը՝ Տոկիոյում): Տարեկան 7-8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար: Արևելագետ Ն. Սաթոհը հիմնել է հայագիտական կենտրոն, աշխատություններ գրել Հայաստանի և Արցախի պատմության մասին: Արվեստաբան Տաղասի Գոինոն Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է: Հայաստանին նվիրված բանաստեղծություններ են գրել ճապոնացի բանաստեղծներ Հ. Կիմուրան, Ս. Սան Օբինատան, իրենց երգացանկերում հայերեն երգեր ունեն ճապոնացի երգչուհիներ Կ. Խրատան, Մ. Մաթցումոթոն: 1994-ին Ճ-ի գեղասահքի առաջնությունում (Տոկիո) հաղթող է ճանաչվել Տ. Առաքելյան-Կ. Կուինոմո զույգը: