Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/389

Այս էջը սրբագրված է

Համայնքը սկսել է ձևավորվել 1860-ական թթ.: 1863-ին ընտրվել է գաղութային վարչություն: Գաղութի ներքին գործերը տնօրինելու համար 1866-ին մշակվել է կանոնագիր: Գաղութը ղեկավարող գործադիր մարմինն ընտրվել է ընդհանուր ժողովում՝ երկու տարին մեկ անգամ: 1869-ին տեղի հայերը, որոնց թիվը զգալիորեն աճել էր, ձեռնարկել են հանգանակություն՝ սեփական եկեղեցի կառուցելու համար: 1870-ին կառուցել են Ս. Երրորդություն եկեղեցին: 1875-ին հիմնել են ընկերություն, որի նպատակն էր օգնել Հայաստանի դպրոցներին, պաշտպանել հայերի իրավունքները, նյութապես աջակցել նրանց: 1896-1902-ին գործել է Հայկական առաջադիմական միությունը (դասախոսություններ են կարդացել Մինաս Չերազը, Զապել Պոյաճյանը և ուրիշներ), 1911-60-ին՝ ՀԵՄ-ի մասնաճյուղը: 1907-ից գործում է ՀԲԸՄ մասնաճյուղը, 1908-ից՝ Մանչեստրի հայ տիկնանց միությունը: 1900-ական թթ. Մանչեստրում շուրջ 600 հայ է ապրել: 1930-ական թթ. Կ. Պոլսից գաղթած հայերի հաշվին նրանց թիվը հասել է 1000-ի: 1939-45-ի պատերազմից հետո հայերի մի մասը տեղափոխվել է Լոնդոն: Նրանց թիվը սկսել է նվազել: 1965-ին Մանչեստրում բնակվել է 400 հայ: Ներկայումս (2003) նրանց թիվը անցնում է հազարից: Մշտաբնակ հայերից բացի, զգալի թիվ են կազմում նաև Իրանից, Իրաքից, Լիբանանից սովորելու եկած հայ ուսանողները, որոնք ստեղծել են «Էրեբունի» միությունը:


ԵԿԵՂԵՑԻ

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Անգլիայի թեմը կազմավորվել է 1974-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը Լոնդոնի Ս. Սարգիս եկեղեցին է:

Բրիտանահայ համայնքը՝ որպես հոգևոր հովվություն, XIX դ. վերջից մինչև 1965-ը եղել է Եվրոպայի հայրապետական պատվիրակության կազմում: 1965-74-ին, մնալով հոգևոր հովվություն, եղել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի ներկայացուցչություն Քենթրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ: Համայնքի առաջին հոգևոր հովիվն է եղել Կարապետ վրդ. Շահնազարյանցը (1862-66), որը 1863-ին Մանչեստրում վարձված անգլիական մատուռում Ս. Զատկի տոնին պատարագ է մատուցել: Անգլիայում առաջին հայկական՝ Ս. Երրորդություն եկեղեցին կառուցվել է Մանչեստրում, 1870-ին՝ հոգևոր հովիվ Խորեն վրդ. Կյուրոյանի ջանքերով: 1975-ից Մանչեստրի Ս. Երրորդություն եկեղեցին չունի մնայուն հովիվ: Եկեղեցու հոգևոր կարիքները հոգում է Լոնդոնից հրավիրված այցելու հովիվը:

Լոնդոնի առաջին հայկական մատուռը (վարձու) Եսայի վրդ. Աստվածատրյանի նախաձեռնությամբ բացվել է 1885-ին և գործել մինչև 1901-ը: 1922-ին Գալուստ Կյուլպենկյանի բարերարությամբ կառուցվել է Ս. Սարգիս եկեղեցին (օծվել է 1923-ի հունվարին, գտնվում է Լոնդոնի կենտրոնական թաղամասերից մեկում՝Քենսինգթոնում): 1975-ից Լոնդոնի հայերի վարձակալած Ս. Պետրոս եկեղեցին Վաչե Մանուկյանի բարերարությամբ 2000-ին գնվել է և վերանվանվել Ս. Եղիշե եկեղեցի (օծվել է 2001-ի հունիսի 11-ին՝ ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի):

1986-ից բրիտանահայ գաղութի ներկայացուցչական մարմինը համայնքային եկեղեցական խորհուրդն է, որի կանոնադրությունը վավերացվել է 1989-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով: Խորհրդի ժողովները նախագահում է թեմի առաջնորդը:

Անգլիայի թեմի անդրանիկ առաջնորդ է նշանակվել Ներսես արք. Պոզապալյանը (1974-82), այնուհետև՝ Եղիշե արք. Կիզիրյանը (1982-2000): Թեմի ներկայիս առաջնորդն է Նաթան եպս. Հովհաննիսյանը (2000-ից):


ԴՊՐՈՑ

Մ. Բ-ում ամենօրյա հայկական դպրոց չկա: Մեկօրյա դպրոցները սկսել են գործել 1960-ական թթ-ից: 1960-1965-ին Լոնդոնում գործել է երկշաբաթօրյա դպրոց:

Ս. Սահակ-Ս. Մեսրոպ կիրակնօրյա դպրոց, գործել է 1967-78-ին, Լոնդոնում՝ ՀԲԸՄ հովանավորությամբ. ունեցել է մոտ 150 աշակերտ:

Գևորգ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարան, հիմնվել է 1978-