Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/390

Այս էջը սրբագրված է

ին՝ ազգային բարերար Գևորգ Թահթայանի նվիրատվությամբ (100 հզ. ֆունտ ստեռլինգ) և Լոնդոնի համայնքային եկեղեցական խորհրդի մշակութային մարմնի նախաձեռնությամբ: 1979-ին վարժարանը Ս. Պետրոս եկեղեցու փոքր սրահներից տեղափոխվել է «Աքթըն հայ սքուլ» կոչվող անգլիական դպրոցի շենքը: Վարժարան ընդունվում են երեք տարեկանից: Մանկապարտեզի և նախակրթարանի քառամյա շրջանից հետո սկսվում է ուսումնական բաժնի յոթնամյա շրջանը: Ոաումնական ծրագիրը ներառում է հայոց լեզու, հայոց պատմություն, կրոն, երգեցողություն և վերջերս ավելացած «ընթացիկ հարցեր» առարկաները, որոնք դասավանդվում են արևելահայերեն և արևմտահայերեն: Դասագրքերն ստանում են Հայաստանից, Իրանից, Ամերիկայից և Վենետիկից: Վարժարանն ունի գրադարան, որը պարունակում է շուրջ 800 գիրք և պարբերական: Ամեն տարի դպրոց է հաճախում 190-220 աշակերտ, ուսուցիչների թիվը՝ 22-25: Վարժարանում կազմակերպվում են հանդեսներ՝ նվիրված Թարգմանչաց տոնին, Վարդանանց հերոսամարտին, Ապրիլի 24-ին:

Լոնդոնի շաբաթօրյա դպրոց, գործում է 1984-ից՝ լոնդոնահայ բարերարների նյութական օժանդակությամբ: Դպրոցում սովորում է 3-17 տարեկան 150 աշակերտ: Կրթական ծրագիրը ներառում է հայոց լեզու, պատմություն, մշակույթ (ուսուցումն իրականացվում է արևելահայերեն և արևմտահայերեն):

Մանչեստրի կիրակնօրյա դպրոց, գործում է 1984-ից, Ս. Երրորդություն եկեղեցուն կից: Այստեղ հայեցի դաստիարակություն է ստանում 130-ից ավելի աշակերտ:

Մարիցա Սողանալյան կիրակնօրյա դպրոց, հիմնվել է 1985-ին, Լոնդոնում (Քենսինգթոն)՝ Նոր սերունդ մշակութային միության Լոնդոնի մասնաճյուղի ջանքերով և բարերար Մարիցա Սողանալյանի նվիրատվությամբ: Գործել է մինչև 1991-ը:


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Բրիտանահայ համայնքում ազգային կյանքը կազմակերպելու, հայապահպանության խնդիրները լուծելու, Հայ դատը պաշտպանելու և հայ գաղթականներին օգնելու նպատակով ստեղծվել են զանազան կազմակերպություններ:

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն, աշխույժ գործունեություն է ունեցել Մ. Բ-ում դեռևս XIX դ. վերջից: Այստեղ են երկար տարիներ գործել ՍԴՀԿ հիմնադիրներ Ավետիս և Մարո Նազարբեկները: Լոնդոնում են հրատարակվել կուսակցության պաշտոնաթերթեր «Հնչակ» ամսաթերթը (1894-96), «Գաղափար» եռամսյա հանդեսը (1894), «Ապտակ» երգիծական-քաղաքական ամսաթերթը (1897), ինչպես նաև Վերակազմյալ հնչակյանների պաշտոնաթերթեր «Մարտ» ամսաթերթը (1897-1901) և «Նոր կյանք» գիտաքաղաքական հանդեսը (1898-1902):

Կուսակցությունը վերստին աշխուժացրել է իր գործունեությունը համայնքում 1970-ական թթ.: 1985-ին ՍԴՀԿ հովանու ներքո հիմնվել է Նոր սերունդ մշակութային միության Լոնդոնի մասնաճյուղը (ատենա-