Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/391

Այս էջը սրբագրված է

պետ՝ Նորայր Թորիկյան): Զգալի աշխատանք է կատարում կուսակցության հովանավորությամբ ստեղծված ՀՄՄ Լոնդոնի մասնաճյուղը, որը ձգտում է ընդգրկել համայնքի երիտասարդությանը՝ անկախ քաղաքական հայացքներից: 1987-88-ին լույս է ընծայվել ՍԴՀԿ Լոնդոնի տեղական կազմակերպության «Կոչնակ» թերթը, որի էջերում լուսաբանվել են Հայաստանում և Արցախում ծավալվող իրադարձությունները: Ներկայումս լույս է տեսնում «Նոր սերունդի ձայն» պարբերականը:

Տեղական կազմակերպության ղեկավարն է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Մանվել Ադամյանը (1993-ից):

Անգլո-հայկական միություն, հիմնել է հայասեր լորդ Ջեյմս Բրայսը, 1893-ին: Նախագահն էր հասարակական-քաղաքական գործիչ, անգլիական խորհրդարանի անդամ Ֆրենսիս Սթիվենսոնը: Միությունը զգալի աշխատանք է կատարել արևմտահայությանը նյութական օգնություն կազմակերպելու գործում, մամուլում լուսաբանել է Օսմանյան կայսրությունում հայերի ծանր վիճակը, Հայկական հարցի լուծման հնարավոր ուղիները, ճնշում գործադրել բրիտանական կառավարության վրա:

Հայկական առաջադիմական միության, հիմնվել է 1896-ին, Մանչեստրում: Կազմակերպել է հավաքույթներ և դասախոսություններ, որոնց մասնակցել են հասարակական գործիչներ Մինաս Չերազը, Արամ Րաֆֆին, Զապել Պոյաճյանը և ուրիշներ: Գոյատևել է 6 տարի:

«Հայաստանի բարեկամներ», բրիտանական ընկերություն, հիմնվել է 1897-ին, Լոնդոնում՝ Օսմանյան կայսրության հայ բնակչությանն օգնություն ցույց տալու նպատակով: Հիմնադիրն ու նախագահն էր անգլիական հասարակական գործիչ Ֆեդերիկ Կավենդիշը: 1900-ից հրատարակել է ընկերության «Հայաստանի բարեկամներ» («Friends of Armenia») եռամսյա պաշտոնաթերթը: Ընկերությունը հանգանակել է 60 հզ. ֆունտ ստեռլինգ, որը տրամադրվել է 1894-96-ի ջարդերից տուժած հայերին: Զգալի օգնություն է ցույց տվել արևմտահայ գաղթականներին 1920-ական թթ. սկզբին:

Նույն անունով («Հայաստանի բարեկամներ») մեկ այլ բարեգործական միություն է հիմնվել 2001-ին, որի նպատակն է օգնել Հայաստանի դժվար պայմաններում բնակվող երեխաներին, ծերերին:

Լոնդոնի հայկական միացյալ ընկերություն, կազմակերպվել է 1898-ին: 1913-ին հրատարակել է «Արարատ» անգլերեն ամսաթերթը: Թերթին աշխատակցել են հասարակական և մշակութային գործիչներ Արամ Րաֆֆին և Արշակ Սաֆրաստյանը: 1915-ին ընկերությունը հիմնել է «Հայ գաղթականների հիմնադրամ», որն իր աջակցությունն է բերել Մեծ եղեռնի աղետյալներին:

Մանչեստրի հայ տիկնանց միություն, հիմնվել է 1908-ին: Կազմակերպում է գրական, մշակութային հանդեսներ, կատարում բարեգործական աշխատանքներ: Գործում է ցայսօր:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լոնդոնի մասնաճյուղ, հիմնադրվել է 1911-ին: Աշխույժ գործունեություն է ծավալել 1960-ից: 1967-ին հիմնել է մշակութային հանձնախումբ, 1969-ին՝ Ս. Սահակ-Ս. Մեսրոպ կիրակնօրյա դպրոցը:

1986-ին ՀԲԸՄ և Թեքեյան մշակութային միության խնամակալությունները հիմնել են Լոնդոնի հայ արվեստի միությունը, որի նպատակն է նյութական և բարոյական պայմաններ ստեղծել հայ արվեստը օտար շրջանակներին ծանոթացնելու համար: ՀԲԸՄ Լոնդոնի և Մանչեստրի մասնաճյուղերի ատենապետն է Գաբրիել Սուլթանյանը (1992-ից):

Մանչեստրի հայ երիտասարդաց միություն (ակումբ), գործել է 1911-1960-ին: Կազմակերպել է գրական-մշակութային հավաքներ, որտեղ դասախոսել են Արամ Րաֆֆին, Արշակ Սաֆրաստյանը, Զապել Պոյաճյանը և ուրիշներ:

Լոնդոնի հայ տիկնանց արհեստակցական միություն, հիմնվել է 1913-ին՝ տիկին Ն. Կուտինյանի նախաձեռնությամբ: Հետագայում նրան հաջորդել է Նկարդ Կյուլպենկյանը: Միությանն անդամակցող կանայք գործել և վարել են հագուստեղեն, ուղարկել Արևմտյան Հայաստանի հայ աղետյալներին:

Բրիտանա-հայկական կոմիտե, հասարակական-քաղաքական կազմակերպություն: Գործել է 1913-23-ին: Նախագահն էր հասարակական-քաղաքական գործիչ Աներին Ուիլյամսը: Կոմիտեի կազմում էին բրիտանական խորհրդարանի և կառավարության անդամներ, հասարակական և քաղաքական նշանավոր գործիչներ Նոել և Հարոլդ Բաքսթոնները, Ռոբերտ Սեսիլը, Ջեյմս Բրայսը, Առնոլդ Ջոզեֆ Թոյնբին և ուրիշներ: Կոմիտեի հիմնական գործունեությունն էր հանդիպումների և զրույցների կազմակերպումը անգլիական կառավարության անդամների, պետական այլ հիմնարկների ղեկավարների հետ, խորհրդարանում Հայկական հարցի քննարկումներին մասնակցելը, Հայաստանի և հայ ժողովրդի կացության մասին նյութեր և հոդվածներ հրապարակելը, հայ ժողովրդին օգնելու համար միջոցներ հանգանակելը և այլն: Միաժամանակ Ա. Ուիլյամսը հայ գաղթականների՝ «Լորդ Մեյորզ հիմնադրամի» (ստեղծվել է 1915-ին) նախագահն էր: Հայ գաղթականների հագուստի հիմնադրամ, կազմակերպվել է 1919-ին, Մանչեստրում՝ զորավար Անդրանիկի ջանքերով: Նպատակն էր