Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/393

Այս էջը սրբագրված է

Հայ օգնության միության (ՀՕՄ) Անգլիայի մասնաճյուղ, հիմնվել է 1982-ին: Ունի 120 անդամ, բազմաթիվ աջակիցներ և համակիրներ: ՀՕՄ-ը նյութապես օժանդակում է Լոնդոնի շաբաթօրյա վարժարանին, կարիքավոր ուսանողներին, գաղթական ընտանիքներին, մշակութային, մարզական, երիտասարդական կազմակերպություններին, իրականացնում բժշկական-առողջապահական և դաստիարակչական բնույթի ծրագրեր: 1990֊1992-ին մասնաճյուղի անմիջական հովանավորությամբ գործել է հայկական ամենօրյա մանկապարտեզ 2-5 տարեկանների համար: ՀՕՄ-ը Հայաստան է առաքում զանազան անհրաժեշտ ապրանքներ, մասնակցում որբերի խնամակալության ծրագրին:

Հայկական տեղեկատվության և խորհրդի կենտրոն, հիմնվել է 1986-ին, Լոնդոնում՝ հասարակական գործիչներ Միսաք և Դիանա Օհանյան ամուսինների նախաձեռնությամբ: Կենտրոնը պարբերաբար հրատարակում է հայ համայնքին նվիրված տեղեկատվական ամսագրեր (հայերեն և անգլերեն)՝ նրա անդամների սոցիալական պատկանելության և այլնի մասին:

Կենտրոնը զբաղվում է հայապահպանության, մշակութային և ընկերային խնդիրներով, տեղեկություններ հավաքում բրիտանահայ գաղութի վերաբերյալ: 1987-ից լույս է ընծայում «Հայկական ձայն» պարբերաթերթը, որն անվճար տարածվում է լոնդոնահայության շրջանում: 1989-90-ին Մ. Օհանյանի ղեկավարությամբ գործել է Լոնդոնի հայկական ոադիոժամր (այժմ չի գործում ֆինանսական աջակցություն չունենալու պատճառով): Կենտրոնին կից գործում են հայկական մանկապարտեզ և գրադարան, կազմակերպվում են դասաժամեր և երեկույթներ հայ տարեցների համար:

Հայ բժիշկների միություն, հիմնվել է 1988-ին, Լոնդոնում: Օժանդակություն է ցույց տվել Հայաստանի աղետի գոտուն՝ առաքելով բժշկական սարքավորումներ և դեղորայք: Կազմակերպում է առողջապահական և մասնագիտական թեմաներով դասախոսություններ:

Հայ կենտրոն, մարզական և մշակութային կենտրոն, գործել է 1988-1992-ին, Լոնդոնում: Հիմնվել է ազգային բարերար Սիամանթո Կարապետյանի և ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, Համազգային մշակութային միության նախաձեռնությամբ: Հայ կենտրոնն ուներ ֆուտբոլի հինգ դաշտ, վեց խաղահրապարակ, փակ մարզասրահ, փետրագնդակի (բադմինտոն), սեղանի թենիսի սրահներ: 1989-ից հրատարակել է «Փարոս» պարբերականը:

«Օգնություն Հայաստանին» (Aid Armenia), բարեգործական կազմակերպություն, հիմնվել է 1988-ին, Լոնդոնում: Նպատակը Հայաստանում երկրաշարժից տուժած աղետյալներին օգնելն է: Երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստան է առաքել մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, դեղորայք, սնունդ և հագուստեղեն: Հանգանակությամբ 1992-ին (Բրիտանիայի ժողովուրդն ու բարեգործական միությունները հավաքել են շուրջ 4 մլն ստեռլինգ) Վանաձորամ կառուցվել է «Ս. Նարեկ» մանկական հիվանդանոցը, որի բացումը կատարել են Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա և Մ. Բ-ի արքեպիսկոպոս Ռանսին: Կազմակերպությունը շարունակում է հիվանդանոց առաքել դեղորայք, սարքավորումներ, վերապատրաստման համար Անգլիա են հրավիրվում բժիշկներ: Կազմակերպության հոգաբարձուներն են Եղիշե արք. Կի- զիրյանը, Ռուբեն Գալչյանը (ատենապետ), Հովնան Համբարձումյանը, Լուդեր Դարակչյանր, Օննիկ Ավագյանը, Պերճ Ազարյանը, Գագիկ Սարգսյանը:

Անգլո-հայկական ընկերակցություն, հիմնվել է 1989-ին, Լոնդոնում՝ տիկին Օղեթ Բազիլի նախաձեռնությամբ: Նպատակն է օտար շրջանակներին ներկայացնել հայ մշակույթը, պատմությունը և Հայ դատը:

Բրիտանա-հայկական խորհրդարանական խումբ, կազմակերպվել է 1993-ին, Լոնդոնում: Ընդգրկում է բրիտանական խորհրդարանի 41 անդամների: Գործունեության նպատակն է բրիտանա-հայկական միջխորհրդարանական կապերի և միջպետական հարաբերությունների զարգացումը, Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերի շուրջ մեկնաբանություններ տալը և անգլիական շրջանակներում բացատրական աշխատանք կատարելը: Խմբին անդամակցում են նաև անգլիացի և հայ բարձրաստիճան հոգևորականներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, արվեստագետներ, գործարարներ և այլք: Խումբն ունի վարչություն, որի նախագահն է Լորդերի պալատի անդամ կոմս Շանոնը, փոխնախագահը՝ Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քոքսը, քարտուղարը՝ Օղեթ Բազիլը:

Անգլիայի հայկական խնամակալություններ, բարեգործական ընկերություններ, որոնք ճանաչված են Մ. Բ-ի կառավարության կողմից. Մանչեստրի Ս. Երրորդություն եկեղեցու խնամակալություն, Լոնդոնի Ս. Սարգիս եկեղեցու խնամակալություն, Կյուլպենկյան խնամակալություն, Աբգարյան խնամակալություն, Բելյան խնամակալություն, Նավասարդյան խնամակալություն, «Անահիտ» տիկնանց միության խնամակալություն, ՀԲԸՄ-ի խնամակալություն, ԹՄՄ-ի խնամակալություն, Համազգային մշակութային միության խնամակալություն, ՀՕՄ-ի խնամակալություն, Հայ տուն հիմնարկության խնամակալություն, Մելքոնյան հիմնարկության խնամակալություն, Էսեֆյան եղբայրների խնամակալություն, Հայկական հիմնարկի խնամակալություն, Օգնություն Հայաստանին խնամակալություն, Հայաստանի բարեկամներ խնամակալություն: