Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/43

Այս էջը սրբագրված է

ից, Սակրամենթո), Ս. Պետրոսը (1958-ից, Վեն Նայս), Ս. Անդրեասը (1964-ից, Քուփերթինո) և 20 այլ եկեղեցիներ տարբեր քաղաքներում:

ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդարանին կից գործում են Հայաստանյայց եկեղեցու երիտասարդական կազմակերպության, տիկնանց միության, կիրակնօրյա վարժարանների կենտրոնական խորհուրդներ՝ իրենց մասնաճյուղերով, և այլ կազմակերպություններ: 1987-ին թեմը Ֆրեզնոյի շրջանում (Կալիֆոռնիա) գնել է մի մեծ ճամբար, որն ամռանը ծառայում է թեմի զանազան ծխերից ավելի քան 500 աշակերտների հայեցի դաստիարակության, իսկ ձմռանը՝ չափահասների կրոնական և կրթական դաստիարակության համար: Ճամբարին օգնություն են ցույց տալիս ծխական և համայնքային տարբեր կազմակերպություններ: Առաջնորդարանին կից գործում է հանձնախումբ, որը մշակում է ճամբարի գործունեության ծրագրերը:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում առաջնորդարանը թեմում ծառայելու է հրավիրել հոգևոր հովիվների՝ հատկապես Երուսաղեմից և Հայաստանից: 1999-ին թեմի հոգևորականների ընդհանուր թիվը շուրջ 30 էր:

Առաջնորդարանի հովանավորությամբ գործում է Փասադենայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից Ալֆրեդ և Մարգարիտ Հովսեփյան ամենօրյա հայկական վարժարանը: Թեմը յուրաքանչյուր եկեղեցուն կից ունի հայոց լեզվի կիրակնօրյա և շաբաթօրյա դասընթացներ:

1979-ից լույս է տեսնում ԱՄՆ-ի Արևմտյան թեմի «Մայր եկեղեցի» պաշտոնաթերթը՝ հայերեն և անգլերեն բաժիններով:

ԱՄՆ-ի Արևմտյան թեմը զգալի նյութական օգնություն է ցույց տվել 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին և մարտնչող Արցախին: Ստեփանավան քաղաքում թեմի օժանդակությամբ կառուցվել է վարժարան (750 աշակերտի համար):

ԱՄՆ-ի Արհմտյան թեմի առաջնորդն է Հովնան արք. Տերտերյանը (2003-ից):

Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմ, կազմավորվել է 1957-ին, երբ ԱՄՆ-ի մի շարք եկեղեցիներ, որոնք պատկանել են Մայր աթոռ Ս. Էջմիածնի իրավասության տակ գտնվող ԱՄՆ-ի թեմին, անցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորության տակ: Առաջնորդանիստը Նյու Յորքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Ընդգրկում է ԱՄՆ-ի և Կանադայի 17 նահանգների 30 ծխական համայնքներ: 1957-ի հոկտեմբերին առաջնորդական տեղապահ է ընտրվել Հրանտ արք. Խաչատուրյանը և 1961-ի նոյեմբերից պաշտոնավարել իբրև թեմի առաջնորդ: Նրա օրոք կառուցվել և օծվել են Դետրոյտի Ս. Սարգիս, Ֆիլադելֆիայի Ս. Գրիգոր Լուսավորիչ, Էնսինոյի Սրբոց նահատակաց, Վաշինգտոնի Ս. Խաչ, Ալպընի-Թրոյի Ս. Խաչ, Բեյսայդի Ս. Սարգիս, Սփրինգֆիլդի Ս. Գրիգոր, Օհայոյի Ս. Խաչ, Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները: 1973-77-ին թեմի առաջնորդն էր Գարեգին արք. Սարգիսյանը, 1977-1998-ին՝ Մեսրոպ արք. Աշճյանը: 1978-ի մայիսից լույս է ընծայվել “Outreach” ամսագիրը, կազմավորվել են կրոնական և հայեցի դաստիարակության գրասենյակներ: Նորոգվել է 1973-ին գնված առաջնորդարանի շենքը, բացվել է Ս. Ներսես Շնորհալի գրադարանը և այլն: Օծվել են Չիկագոյի Ամենայն Սրբոց, Ուստրի Ս. Երրորդություն, Քեմբրիջի Ս. Նշան, Սենթ Լուիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ֆլորիդայի Ս. Կարապետ եկեղեցիները, բարգավաճել են Նյու Յորքի Ս. Գրիգոր Լուսավորիչ և Բոստոնի Ս. Ստեփանոս եկեղեցիներին կից գործող վարժարանները: Բացվել են ամենօրյա, շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ, որտեղ ներկայումս (2003) սովորում են շուրջ 2 հզ. հայ աշակերտներ:

Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմի առաջնորդն է Օշական արք. Չոլոյանը (1998-ից):

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմ, կազմավորվել է 1972-ին, երբ ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի Մայր աթոռ Ս. Էջմիածնից բաժանված եկեղեցիներն անջատվել են Նյու Յորքում գտնվող իրենց անթիլիասական կենտրոնից և կազմել նոր՝ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմ՝ դարձյալ Կիլիկիո աթոռին ենթակա: Առաջնորդանիստը Հոլիվուդի (Լոս Անջելես) Ս. Հովհաննես-Կարապետ եկեղեցին է: Առաջին առաջնորդ Սմբատ արք. Լա-