Ներկայումս (2003) Չ-ում բնակվում է շուրջ 1500 հայ (զգալի թիվ են կազմում արաբախոս հայերը): Բացի Սանտյագոյից, հայեր կան նաև Օսոռնո, Սան Բեռնարդո, Պուենտե Ալտո և այլ քաղաքներում: Առավելապես արդյունաբերողներ են և առևտրականներ: Ազգային կյանքը կազմակերպում է Հայ գաղութային վարչությունը, որին կից գործում է Տիկնանց միությունը: Հայերի միակ հավաքատեղին Սանտյագոյի Հայ տունն է: Այստեղ գործում է կիրակնօրյա դպրոց: Հայ տան սենյակներից մեկը վերածվել է մատուռի՝ Ս. Աստվածածին, որտեղ այցելու հովիվը կատարում է եկեղեցական արարողություններ: Համայնքն ընդգրկված է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի մեջ: Կան նաև կաթոլիկ հայեր:
Չ-ում հայտնի անուններ են պատմաբան Ռիկարդո Կույումջյան-Բերգամալին (Չ-ի պատմության ակադեմիայի քարտուղարն է), նրա եղբայր Էռնանը (ծովային ուժերի դեր-ծովակալ), Էնրիկե Մելքոնյանը, Լուսիա Ավետիքյանը (դիվանագետներ): Չ-ի գեղարվեստի ակադեմիայի անդամ է արգենտինահայ երգահան Ալիսիա Թերզյանը: