Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/436

Այս էջը սրբագրված է

Ռ-ի հայերն իրենց բնակավայրերում կառուցել են բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, մատառներ, որոնց կից գործել են դպրոցներ: Առանձին դպրոցներ են գործել Յասսիում, Ֆոկշանում, Ռոմանում, Բուխարեստում, Գալացում, Կոնսաանցայում, Բազարջիկում և այլուր: Ռ-ում գրչության կենտրոններ են եդել Սուչավան, Յասսին, Ակքերմանը, Բրըիլան, Սիրետը, Քիլիան, Բուխարեստը: Ստեղծվել են ձեռագրեր, որոնք պահպանվում են ոչ միայն Ռ-ում, այլև Մատենադարանում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան, նաև Երուսաղեմի մատենադարաններում և այլուր: Ռ-ի Յասսի, Գալաց, Բրըիլա, Տուլչա, Բուխարեստ քաղաքներում գործել են տպարաններ, որտեղ տպագրվել են հայերեն գրքեր և պարբերականներ:

1922-ին Ռ-ի հայերի թեմական պատգամավորական ընդհանուր ժողովը ընդունել է համայնքի կանոնադրությունը և ընտրել թեմական գործադիր մարմին (ռումինական կառավարությունը պաշտոնապես վավերացրել է 1931-ին):

Հայերը մասնակցել են ոչ միայն երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին, այլե ռումին ժողովրդի հետ պայքարել օտար նվաճողների դեմ: Թուրք հրոսակների դեմ կռվող Շտեֆան Մեծի զորքում եղել են բազմաթիվ հայ զինվորներ: XVI դ. երկրում իշխանությունն անցել է Սերպեգա հայազգի գերդաստանին, որի աչքի ընկնող ներկայացուցիչներից էին Յոն Քաջը, Յոն Պոտկոավըն, Ալեքսանդր Սերպեգան: Իշխան Միհայ Վիտեագուլի խորհրդական հայազգի Արմին Պետերը (Պետրոս Գրիգորովիչ) եղել է նշանավոր դիվանագետ, զորավար, պատմագիր, նկարիչ, տիրապետել բազմաթիվ լեզուների: Հայտնի դիվանագետ էր Պետրու Ռարեշ իշխանի խորհրդական, Սուչավայի զորքերի հրամանատար Պետրե Վարդիկը, ինչպես նաև Մանուկ բեյ Միրզայանը, որի իջևանատանը («Հանուլ Մանուկ») կնքվել է 1812-ի Բուխարեստի հաշտության պայմանագիրը: 1877-78-ին Թուրքիայի դեմ ազատագրական պատերազմում գեներալի կոչման է արժանացել հայազգի ռազմական գործիչ Միհայիլ Չերքեզը: Խոշոր լուսավորիչ էր Ասաքի Գեորգեն: Նշանավոր էին գիտնականներ Վասիլե Կոնտան, Սպիրու Հարեթը, Պետրե Միսիրը, բժիշկներ Քրիստեա Պուիկլիուն և Յակոբ Յակոբովիչը, գրողներ Յոն Բարբուն, Յոն Միսիրը, Ալեքսանդրու Շահիկյանը: Արվեստի ճանաչված գործիչներ էին բեմադրիչ Յոն Շահիկյանը, դերասան Յոն Պետրեսկուն, երաժշտագետ էմանուիլ Չոմակը, կոմպոզիտորներ Միհայիլ Ժորան, Մաթեյ Սոկորը, արվեստաբան Գրիգոր Զամպաքճյանը (նրա անունով կա թանգարան և փողոց), գրող, հրապարակագիր և հասարակական գործիչ Հարություն Խնդիրյանը:

Ռ-ի հայերը մասնակցել են երկրում ծավալված հեղափոխական շարժումներին: Բանվորական և սոցիալիստական շարժման նշանավոր գործիչ Դեոտատ Ա. Ցըրանուն (Ցարանյան) 1890-ական թթ. հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է, ազատվելուց հետո հիմնադրել «Մոլդովա» տպարանը: 1926-ին Բուխարեստում ստեղծված «Հոկտեմբերյան բջիջ» հայկական կազմակերպությունը կապեր է հաստատել ռումինական կոմկուսի հետ: Ռ-ի տարբեր քաղաքներում գործել են ՀՕԿ-ի մասնաճյուղեր:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծ թվով ռումինահայեր մասնակցել Են հակաֆաշիստական շարժմանը: Պարտիզանական շարժման նշանավոր գործիչներ էին Մեսիա Խաչերյանը, Մուշեղ Մկրտչյանը, Տինար Մարգարյանը և ուրիշներ:

Մինչև 1960-ական թթ. սկիզբը Ռ-ում գործել են հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, Կարմիր խաչի, ՀՄԸՄ-ի մասնաճյուղերը, ուսանողների և տիկնանց ընկերություններ, «Րաֆֆի» և «Երևան» մշակութային ընկերությունները, «Կոմիտաս» երաժշտական ընկերությունը, որոնց գործունեությունը դադարեցվել է համայնավարական վարչակարգի կողմից:

Մինչև համայնավարական վարչակարգի հաստատումը (1947) Ռ-ում բնակվել է 25 հզ. հայ: 1946-48-ին շուրջ 3 հզ. ռումինահայ ներգաղթել է Հայաստան: Ռ-ում քաղաքական և տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով բազմաթիվ հայեր, այդ թվում նաև անվանի արվեստագետներ (Արաքս Սվաճյան, Կարպիս Զոբյան, Եղվարդ Դումաճանյան, Արիս Օհանյան, Հանրի Քեհեյան և ուրիշներ) արտագաղթել են ԱՄՆ, Կանադա և այլուր: 1950-ական թթ. վերջին Ռ-ում ապրել է 12 հզ. հայ (5 հզ-ը՝ Բուխարեսաում և շրջակայքում, 3 հզ-ը՝ Կոնստանցայում, 800-ը՝ Գալացում, 500-ը՝ Բոտոշանում, 450-ը՝ Ֆոկշանում, 400-ը՝ Յասսիում, 400-ը՝ Ռոմանում, 300-ը՝ Տուլչայում, մոտ 1000-ը՝ այլ բնակավայրերում): Հետագա տարիներին էլ հայերի արտահոսքը երկրից շարունակվել է: Ներկայումս (2003) Ռ-ում բնակվում է շուրջ 2,5 հզ. հայ: Կենտրոնացած են Բուխարեստում և Կոնստանցայում: Հիմնականում մտավորականներ են, կան նաև ձեռնարկատերեր: Երկրում զգալի թիվ են կազմում (մոտ 5 հզ.) նաև Տրանսիլվանիայում դարերի ընթացքում ձուլված հայերը, որոնք իրենց անվանում են «լուսավորչական ռումեններ»:

Ռ-ում համայնավարական վարչակարգի տապալումից (1989) հետո գաղութի կյանքը վերստին աշխուժացել է: 1990-ին իր գործու-