Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/451

Այս էջը սրբագրված է

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի Դաշնություն, պետություն Եվրասիայի հյուսիսային մասում: Տարածքը՝ 17 075,4 հզ. կմ²: Բնակչությունը' 144,8 մլն (2001): Մայրաքաղաքը՝ Մոսկվա (8,3 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 2,2 մլն:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հաստատվել են 1992-ին:

Հայ և ռուս ժալովուրդների պատմական առնչություններն սկիզբ են առնում Կիևյան Ռոաիայի կազմավորման ժամանակաշրջանից: Ըստ պատմական աղբյուրների՝ XI-XII դդ. Հին Ռուսիայի մայրաքաղաք Կիևում գոյություն է ունեցել ոչ մեծաթիվ հայկական համայնք:

Հայերի հոսքը Ռ. ուժեղացել է XIII—XIV դդ.: Հայկական գաղութներ են հիմնվել Մոսկվայում, Նովգորոդում, Կազանում, Աստրախանում, Հյուսիսային Կովկասում, նաև մոնղոլ նվաճողների հիմնած քաղաքներում. Սարայ Բաթու քաղաքում (Ոսկե հորդայի առաջին մայրաքաղաքը) գործել է հայկական երկու եկեղեցի: Հայկական եկեղեցի է կառուցվել նաև Սարայ Բերքեում (խանական մայրաքաղաքը 1330-ական թթ-ից հետո), որը եղել է հայ եպիսկոպոսի նստավայր: XV դ. կեսին Ոսկե հորդայի անկումից հետո ստեղծված պետական կազմավորումներում նույնպես ձևավորվել են հայկական համայնքներ: Կազանում հայկական բնակավայր են հիմնել Մեծ Բուլղարի հայերը: Կազանի (1552) և Աստրախանի (1556) խանությունների միացումը Մոսկովյան պետությանը նպաստել են հայ վաճառականների առևտրական գործունեությանը և հայերի թվի ավելացմանը: Այստեղ բնակություն են հաստատել նաև հայազգի թարգմանիչներ, որոնք աշխատել են դիվանագիտական ատյաններում:

XVII դ. դեպի Ռ. հայերի հոսքը կապված էր ոչ միայն Ռ-ի դերի աճի, այլև ծնունդ առնող հայ առևտրական բուրժուազիայի հետ: 1666-ին Իրանում Նոր Ջուղայի (Սպահան) հայկական առևտրական ընկերության ներկայացուցիչները մոսկովյան կառավարությանը ներկայացրել են առևտրական պայմանագրի նախագիծ, որը 1667-ի մայիսին հաստատվել է ցար Ալեքսեյ Միխայլովիչի կողմից: Պայմանագիրը հայկական ընկերությանը տալիս էր Իրանի և Ռ-ի միջև, ինչպես նաև Ռ-ի տարածքով Արևմուտքի և Արևելքի երկրների հետ մետաքսի առևտրի աննախադեպ արտոնություններ և իրավունքներ: Հայերն առաջին օտարերկրացիներն էին, որոնք ստացել են Ռ-ով տարանցիկ առևտուր անելու արտոնություն: Աստրախանում և Ռ-ի նոր մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում բնակություն են հաստատել հայ առևտրաձեռնարկաաիրական խավի աչքի ընկնող ներկայացուցիչներ, որոնք սկսել են իրենց միջոցները ներդնել արտադրության մեջ: Հայ արդյունաբերողներ Սաֆարովը, Խաստատովը, Իսախանովները, Լազարյանները և ուրիշներ հիմնել են տարբեր մանուֆակտուրաներ Ռ-ի կենտրոնական և հարավային շրջաններում:

XVII դ. վերջին - XVIII դ. սկզբին ամենաակնառու իրադարձությունը հայ-ռուսական քաղաքական կապերի ստեղծումն էր, որը նշանակում էր հայ ազգային-ազատագրական շարժման մեջ ռուսական կողմնորոշման հաստատում: Պետրոս I-ի օրոք արևելյան քաղաքականությունը դառնում է Ռ-ի արտաքին քաղաքականության հիմնաքարերից մեկը, որի իրականացման կարևոր գործոններից էին հայերը և Ռ-ի հայկական գաղթավայրերը: 1701-ին Իսրայել Օրու այցը Մոսկվա և ռուսական կառավարության հետ նրա սկզբնավորած քաղաքական բանակցություններն ավելի են կարևորել ստվարացող հայ գաղութի դերը: Պետրոս I-ի 1711-ի հրամանագրով ամրապնդվել են հայ վաճառականության դիրքերը