Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/454

Այս էջը սրբագրված է

վիրը: 1890-ական թթ. աճել է սեծովյան կովկասյան ափի քաղաքներում հայ բնակչության թիվը: Հայկական մեծ գյուղեր (Լոո, Հոբզա և Հոջիեպս) է ընդգրկել Վարդանե կալվածքը, որն ուներ 717 բնակիչ, Արմյանսկոյեն՝ 554, Պոդխրեբտովայան՝ 318, Ուչդերեն՝ 294:

Կուբանի մարզում հայեր սկսել են հաստատվել 1877-ին: 1885-ին Կուբանի մարզում (մոտավորապես Կրասնոդարի երկրամասի այժմյան տարածքը՝ առանց սևծովյան ափի) բնակվել է 8715 հայ, գերակշիռ մասը կազմում էր գյուղական բնակչությունը:

Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը համալրում էին հին հայկական համայնքները և հիմնում նորերը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Մայկոպում կար 2300, Անապայում՝ 2100, Նովոռոսիյսկում՝ 1600, Եյսկում՝ 400 հայ: 1911-ին Սևծովյան նահանգում հայ բնակչության թիվը 14 հզ. էր, իսկ Կուբանի մարզում՝ 20 հզ.: Մեծ մասն ապրում էր գյուղական վայրերում:

Մեծ եղեռնից փրկվածների մի մասն ապաստան է գտել Ռ-ում, ինչի հետևանքով հայ համայնքների թիվը կտրուկ աճել է, նոր համայնքներ են առաջացել Ռուսական կայսրության հարավի բոլոր վարչական կենտրոններում և խոշոր քաղաքներում:

Ռ-ի քաղաքական բազմաթիվ հայ գործիչներ XVIII դ. և XIX դ. սկզբին բանակցություններ են վարել ցարական արքունիքի հետ՝ նրա օժանդակությամբ Հայաստանն ազատագրելու հույսով: Նրանցից շատերը (Իսրայել Օրի, Մովսես Սարաֆով, Հովսեփ էմին, Հովսեփ Արղության, Լազարյան ընտանիքի ներկայացուցիչներ, Ներսես Աշտարակեցի և ուրիշներ) եղել են Ռ-ի հայ համայնքներում ձևավորված ազգային գործիչներ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռուսահայ համայնքներում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նոր Նախիջևան ևն) ստեղծվել են բարեգործական ընկերություններ, օգնության կոմիտեներ, որոնք զգալի օգնություն են ցույց տվել Ռ-ում ապաստանած հայ փախստականներին:

Ռ-ի հայերն ակտիվորեն մասնակցել են նաև կայսրության քաղաքական կյանքին, շատերը եղել են պետրաշևական, նարոդնիկական կազմակերպությունների, սոցիալ-դեմոկրատների, էսէռների կուսակցությունների անդամ: Որոշ հայ համայնքներում գործել են ազատագրական խմբակներ, ՀՀԴ և ՍԴՀԿ կազմակերպություններ: Ռուսական բանակում տարբեր ժամանակներում ծառայել են հայ զորապետներ Ա. Ախիջանենցը [առաջին հայ գեներալը (1734) ռուսական բանակում], Դ. Աբամելիքը, Դ. Ախշարումովը, Լ. Սերեբրյակովը, Դ. Դելյանովը, Ի. Լազարևը, Ա. Տեր-Ղուկասովը և ուրիշներ: XIX դ. 2-րդ կեսի խոշոր պետական գործիչներ էին Մ. Լոռիս-Մելիքովը, Ի. Դելյանովը և ուրիշներ:

XIX դ., հատկապես Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, հայկական գաղութների ազգային կյանքում գլխավորը դարձել է մշակութային գործունեությունը: Միաժամանակ նրանք սկսել են ներքաշվել երկրում ծավալված սոցիալ-դասակարգային պայքարի ոլորտը: Ռ-ի հայկական գաղթավայրերի կյանքը սերտորեն միահյուսվել է ոչ միայն Արևելյան Հայաստանի և Անդրկովկասի հայ իրականությանը, այլև Ռ-ի հասարակական-քաղաքական կյանքին: Ռուսական երեք հեղափոխություններին գործուն մասնակցություն են ունեցել հայկական գաղթավայրերից ելած բազմաթիվ սոցիալ-դեմոկրաաներ, բոլշևիկներ, որոնցից շատերն իրենց տեղը գտան աշխարհում առաջին սոցիալիստական պետության նվիրյալների շարքում:

1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Ռ-ի Ազգությունների գործերի կոմիսարիատին կից ստեղծվել է Հայկական գործերի կոմիսարիատը: Լազարյան ճեմարանը դարձել է արևելագիտության ու հայագիտության զարգացման կարևոր կենտրոն, 1921-ից՝ Մոսկվայի հայ մշակույթի տուն:

1920-ական թթ. 2-րդ կեսից ամբողջատիրական համակարգի պայմաններում Ռ-ի հայ համայնքների մշակութային կյանքն աստիճանաբար անկում է ապրել: Փակվել են հայկական դպրոցներն ու պարբերականները, արգելվել է Հայ եկեղեցու գործունեությունը:

1980-ական թթ. վերջից սկսվել է Ռ-ի համայնքների հասարակական և մշակութային կյանքի վերելքը, ինչը հետևանք էր ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած ժողովրդավարական գործընթացների: Այդ տարիները նշանավորվել են նաև դեպի Ռ. հայերի աննախադեպ մեծ հոսքով: 1988-ի Սպիտակի երկրաշարժի և Հայաստանի շրջափակման հետևանքով արտագաղթած հայերի հիմնական մասը հանգրվանել է Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Ռոստովի մարզում, Մոսկվայում, ինչպես նաև Ուրալի և Սիբիրի արդյունաբերական կենտրոններում: Զգալի թվով հայեր Ռ. են գաղթել Ադրբեջանից և Աբխազիայից: 1989-ին հայերի ընդհանուր թիվը Ռ-ում կազմել է 532 հզ., 1994-ին՝ 1,8 մլն: Ներկայումս (2003) Ռ-ում բնակվում է շուրջ 2,2 մլն հայ: Հայաստանյայց առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Մոսկվայի թեմին են վերադարձվել Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի հայկական եկեղեցիները, համայնքներում գործում են 30-ից ավելի եկեղեցիներ, մատուռներ, կառուցվում են նորերը: Մի շարք համայնքներում վերաբացվել են հայկական դպրոցները, ստեղծվել հայերենի ուսուցման խմբակներ: Հրա-