Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/457

Այս էջը սրբագրված է

ընկերությունը, Մոսկվայի «Արարատ» մշակութային ընկերությունը, Միաբանություն հայ ազգային ակումբը, Ռոա-հայկական նախաձեռնությունների կենտրոնը, հայկական «Արվեստ» ակումբը, Վետերանների խորհուրդը, «Այգեձոր» հայրենակցական միությունը:

1996-ին ՌԴ Պետական դումայի մշակութային ինքնավարությունների մասին ընդունած օրենքի համաձայն՝ ստեղծվել և գրանցվել են Մոսկվայի Կենտրոնական և Հարավային շրջանների հայ մշակութային ինքնավարությունները: 1998-ին հայ եկեղեցուն կից ստեղծվել են Մոսկվայի մնացած շրջանների ինքնավարությունները: Նորոգվել է Մոսկվայի Ս. Հարություն եկեղեցին:

1993-ի հոկտեմբերին հիմնադրվել է հայկական դպրոց, որը գործում է Ռ-ի պետական միջնակարգ դպրոցի ծրագրով (1996-ին ուներ 770 հայ աշակերտ և 48 ուսուցիչ), կան նաև կիրակնօրյա դպրոցներ:

1990-ական թթ. Մոսկվայում հրատարակվել են «Հյուսիսափայլ», «Անիվ» թերթերը, «Pro Armenia» [«Հանուն Հայաստանի»] ռուսերեն ամսագիրը, 1995-ից հրատարակվում է "Армения и мир" ամսագիրը, 1998-ից՝ "Армянский вестник" հասարակական-քաղաքական հանդեսը (ռուսերեն), «Տեղեկատու բյուլետեն»:

Սանկտ Պետերբուրգում (1914֊1924-ին՝ Պետրոգրադ, 1924-91-ին՝ Լենինգրադ, 1712-1918-ին՝ Ռ-ի մայրաքաղաքը) հայերը սկսել են բնակվել քաղաքի հիմնադրումից (1703) ի վեր: Ռ-ի քաղաքական ու տնտեսական կյանքում ունենալով նշանակալի դեր՝ Պետերբուրգը սկզբից ևեթ դեպի իրեն է ձգել մեծ թվով հայերի: Քաղաքի հայ բնակչությունը հիմնականում կազմված էր վաճառականներից, արդյունաբերողներից, պետական պաշտոնյաներից և փոքր թվով ազնվականներից:

Գաղութի կազմավորման առաջին իսկ տարիներին, հայերի հոգևոր կարիքները հոգալու համար, Մոսկվայից գալիս էին հայ քահանաներ: 1730-ին Սանկտ Պետերբուրգում բնակություն է հաստատել Իվան Շերիստանով հայ քահանան: XVIII դ. 30-ական թթ. Սանկտ Պետերբուրգում կար Հայկական փողոց: Գաղութում, բացի հայ առևտրականներից, բարձր խավի մարդկանցից և հոգևորականներից կային նաև բարձրաստիճան զինվորականներ (Լազար Խրիստոֆորով, Ավան Յուզբաշի ևն):

XVIII դ. վերջին Սանկտ Պետերբուրգում եղել է շուրջ 100 տուն հայ: XIX դ. որոշակի թիվ է կազմել նաև հայ ուսանող երիտասարդությունը, որի շատ ներկայացուցիչներ մասնակցել են լուսավորական-դեմոկրատական և հեղափոխական շարժումներին: Նախապես հայերը կենտրոնացած էին Վասիլևյան կղզում: Շատ հայ վաճառականներ և արդյունաբերողներ քաղաքում հիմնել են առևտրական գրասենյակներ, գործարաններ ու ֆաբրիկաներ: 1758-ին նորջաղայեցի Իսախանյան եղբայրներն այստեղ հիմնել են Ռ-ում առաջին փայատիրական ընկերություններից մեկը՝ Իրանի հետ առևտրի համար: XVIII դ. կեսին մետաքսագործական ֆաբրիկաներ են հիմնել Արտեմի Մանուիլովը, Բոգդան Ախվերդովը, Պետրոս Շիրվանովը, Մանուչարյան եղբայրները: 1760-ական թթ. սկզբին առևտրական գրասենյակ է հիմնել Հովհաննես Լազարյանը, որի ջանքերով 1770-ին կառուցվել է Ս. Կատարինե հայկական տաճարը Նևսկի պողոտայում, իսկ 1791-ին՝ հայկական գերեզմանատուն Ս. Հարություն եկեղեցին: 1779-ին ստեղծվել է Պետերբուրգի և Մոսկվայի հայկական եկեղեցիների միացյալ հոգաբարձությունը: Առաջին հոգաբարձու է ընտրվել Հովհաննես Լազարյանը:

XVIII դ. վերջին Սանկտ Պետերբուրգը դարձել է Ռ-ի հայերի մշակութային կարևոր կենտրոն: 1780-ական թթ. այստեղ գործել է Գրիգոր Խալդարյանի ապարանը՝ Ռ-ում առաջին հայկական տպարանը, որը Լոնդոնից բերվել է Հովսեփ արք. Արղությանի ջանքերով: Այստեղ տպագրված առաջին գործն էր մայրենի լեզվի «Այբբենարանը»: Տպարանը Նոր Նախիջևան, ապա Աստրախան տեղափոխվելուց հետո, Սանկտ Պետերբուրգում 1810-ին բացվել է հայկական նոր տպարան: Հետագայում մայրաքաղաքում գործել են ևս մի քանի հայկական տպարաններ: Հայաստանի մասին առաջին գրքերի ռուսերեն թարգմանությունների հեղինակ էր Սանկտ Պետերբուրգում բնակություն հաստատած Վառլամ Վագանովը (Վահանյան), որը նաև ռուսական հեծյալ գնդի հրամանատար էր:

Հայտնի էին թարգմանիչներ Կլեոպատրա Սարաֆովան, Մակար Խոճենցը (Մարգար Գեղամյանց):

XIX դ. ուժեղացել է հայ ուսանողության հոսքը Սանկտ Պետերբուրգ, աճել է հայազգի պետական ծառայողների թիվը: XIX դ. 1-ին կեսից Սանկտ Պետերբուրգի համալսարանում դասավանդվել է հայոց լեզու, 1849-ին բացվել է հայոց լեզվի հա-