Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/459

Այս էջը սրբագրված է

կոս Լ. Ռոտինյանը, կոնստրուկտոր Բ. Իոանիսյանը, հիդրոտեխնիկ Գ. Զուրաբովը, Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցիների խորհրդի գիտական քարտուղար Վ. Ամատունին, պատմաբան Կ. Յուզբաշյանը և ուրիշներ:

1993-ից լույս է տեսնում Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցական համայնքի «Հավատամք» երկլեզու (հայերեն, ռուսերեն) ամենամսյա թերթը: Գործում է «Նաիրի» հայկական ռադիոժամը:

Ադըղեայի Հանրապետություն (Ադըղեա), պետական կազմավորում ՌԴ կազմում: Տարածքը՝ 7,6 հզ. կմ²: Բնակչությունը՝ 446 հզ. (2001): Մայրաքաղաքը՝ Մայկոպ:

Հանրապետության տարածքում հայերը բնակություն են հաստատել հնագույն ժամանակներից: XIX դ. և XX դ. սկզբին զգալի թվով հայեր այստեղ են գաղթել Նոր Նախիջևանից, Ղրիմից, Թուրքիայից (հիմնականում՝ Սամսունից, Տրապիզոնից, Օրդուից): Զբաղվել են անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարանոցային բույսերի մշակությամբ, ծխախոտագործությամբ, արհեստներով և առևտրով, հիմնել են ծխախոտի գործարան, 1899-ին՝ առևտրի տուն (Մայկոպում), մասնակցել մշակութային կյանքին:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին մարզի հարյուրավոր հայեր կռվել են գերմանական ֆաշիզմի դեմ, իսկ Ս. Ա. Սիվիկյանը (1925-71) դարձել է Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ:

1979-ի մարդահամարի տվյալներով՝ Ադըղեայում ապրում էր 6400 հայ, 1989-ի տվյալներով՝ 10460 հայ, հիմնականում՝ Մայկոպում, Տուլիսկ ավանում, Շահումյան (ունի շուրջ 1600 հայ բնակիչ, տեղի դպրոցում դասավանդվում է հայոց լեզու), Պերվոմայսկ, Դաղստան, Սևեռնի, Կրասնի, Տաուչեխաբլ, Գալուկայ, Ադիգեյսկ, Պրոլետարսկի, Կրասնի Օկտյաբր գյուղերում: Մայկոպում երկար տարիներ գործել է Շահումյանի անվան հայկական ակումբը, որտեղ բեմադրվել են հայկական պիեսներ:

Ներկայումս Ադըղեայի Հանրապետությունում բնակվում է շուրջ 25 հզ. հայ:

Դաղստանի Հանրապետություն, պետական կազմավորում ՌԴ կազմում: Տարածքը՝ 50,3 հզ. կմ: Բնակչությունը՝ 2,2 մլն (2001): Մայրաքաղաքը՝ Մախաչկալա:

Մ.թ.ա. I հազարամյակի վերջից Դաղստանի ներկայիս տարածքի հարավային մասը մտել է Աղվանքի մեջ: Զաքարիա Հռետորի (VI դ.) վկայությամբ՝ IV-V դդ. Դաղստանում քարոզչական գործունեություն են ծավալել հայ հոգևորականները:

V դ. սկզբին Մեսրոպ Մաշտոցը լուսավորական իր առաքելությամբ հասել է Չող (Դերբենդ), տեղացիների համար ստեղծել գիր (զարգար ցեղի լեզվի հիման վրա), Մազքթաց Արսվադեն Արշակունի թագավորի ու Երեմիա եպիսկոպոսի օժանդակությամբ հիմնել դպրոցներ:

Հայաստանի ու Դաղստանի միջև գոյություն են ունեցել նաև տնտեսական սերտ կապեր: Պատմական աղբյուրների վկայությունից բացի, այդ են հաստատում նաև Հայաստանում ու Դաղստանում գտնված ոսկերչական ու պղնձագործական բազմաթիվ առարկաներ, որոնք կրում են երկու երկրների ժողովրդական արհեստների փոխազդեցության դրոշմը: XVI-XVII դդ. հայ վաճառականները (մասնավորապես ջուղայեցիները) Դերբենդ-Ղզլար ուղիով առևտրական սերտ կապեր են հաստատել Դաղստանի ժողովուրդների հետ: Դաղստանի շուկաներում նրանք վաճառել են գորգեր, գործվածքներ, մետաքս, զենքեր, ոսկերչական իրեր, զարդեր ևն: XVII դ. հոլանդացի ուղեգիր Յ. Ստրեյսը վկայում է, որ Դաղստանում հաստատված հայ վաճառականները մեծ շահույթ են ստացել մետաքսի առևտրից, կապեր հաստատել Հոլանդիայի հետ, որտեղից ներմուծել են անագ, սնդիկ, քաթան և այլ ապրանքներ: Հայերն զբաղվել են նաև արհեստագործությամբ, երկրագործությամբ, անասնապահությամբ, ձիաբուծությամբ: Տեղի վերնախավի ներկայացուցիչները շատ հաճախ իրենց զավակների կրթությունն ու դաստիարակությունը վստահել են հայերին, արտոնություններ շնորհել և հովանավորել նրանց: Հայերի թիվը ստվարացել է XVIII դ.: Նրանք հոծ համայնքներով ապրել են Դերբենդում, Ղզլարում: Միայն XVIII դ. վերջին 3,5 հզ. հայ Դաղստան է գաղթել Բաքվի, Ղուբայի, Ղարաբաղի խանություններից: Հետագայում նրանց զգալի մասը գաղթել է Նոր Նախիջևան և Սև ծովի առափնյա շրջաններ:

Դաղստանի խորհրդային ժամանակաշրջանի պրոֆեսիոնալ երաժշտական մշակույթի զարգացմանը նպաստել է հայազգի կոմպոզիտոր Ս. Աղաբաբովը. գրել է «Դաղստանյան սյուիտ»՝ լեզգիների ժողովրդական մեղեդիների թեմաներով՝ նվագախմբի համար (1954), երգեր և այլ գործեր, որոնցում յուրօրինակ արտացոլել է Դաղստանի ժողովուրդների կյանքն ու կենցաղը, երաժշտական ավանդույթները, կազմել դաղստանյան ժողովրդական երգերի ու պարերի մշակումների ժողովածու (1958):

1956-ին բացվել է Դարգինյան ստուդիա (ղեկավար՝ Վ. Վարդանյան): 1961-ին ստուդիայի շրջանավարտները դարգին ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ հիմնադրել են Դարգինյան թատրոնը Իզբերբաշում: Այդ ստուդիան են ավարտել ռեժիսոր Ն. Ալիևը, դերասաններ Ռ. Ալխասովան, Մ. Օմարովը, Ի. Մագոմեդովան, Հ. Նովրուզովը: Ստուդիան ղեկավարել են նաև