Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/462

Այս էջը սրբագրված է

րել դատարանը: 1794-ին Մոզդոկում կային հայկական 2 եկեղեցի, քաղաքային ուսումնարան, նաև մշակութային և հասարակական կազմակերպություններ: XIX դ. վերջին Մոզդոկում բնակվել է 4 հզ. հայ:

Հայրենական պատերազմի ժամանակ Մոզդոկի ազատագրմանը (1943-ին) մասնակցել է 409-րդ հայկական դիվիզիան:

1980-ական թթ. վերջից Մոզդոկի հայ համայնքը համալրվել է Ադրբեջանից եկած փախստականներով: Ներկայումս (2003) Մոզդոկում բնակվում է շուրջ 5 հզ. հայ: Զգալի թվով հայեր են բնակվում նաև Մոզդոկի շրջանի Մալգոբեկ, Վեսելովսկ, Տրոիցկ, Կիզլար գյուղերում:

Չեչենական Հանրապետություն, պետական կազմավորում ՌԴ կազմում: Տարածքը՝ 19,3 հզ. կմ²: Բնակչությունը՝ 609,5 հզ. (2001): Մայրաքաղաքը՝ Գրոզնի:

Գրոզնիում հայերը բնակություն են հաստատել XIX դ. 1-ին կեսին: Նրանք կենտրոնացել են քաղաքի կենտրոնում գտնվող մի մեծ թաղամասում, զբաղվել առևտրով: 1872-ին գործել է Ս. Առաքելոց հայկական եկեղեցին (քանդվել է 1932-33-ին՝ խորհրդային իշխանությունների կարգադրությամբ): XX դ. սկզբին բացվել է հայկական ծխական դպրոց: 1911-ին ստեղծվել է թատերախումբ:

Հայերի թիվն աճել է Գրոզնիում արդյունաբերության բուռն զարգացման հետևանքով: Նրանք այստեղ են տեղափոխվել ինչպես Հյուսիսային Կովկասից, այնպես էլ Անդրկովկասից: Մասնակցել են քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներին: Հայտնի էին խոշոր հայ վաճառականների առևտրական տները՝ «Ա. Ի. Ռոստեանով», «Գ. Ա. Սաֆարյանց և ընկ.», «Ն. Բաղրամով, Տերտերյանց և ընկ.» և ուրիշներ:

1893-ին հայազգի Ի. Հախվերդովը Գրոզնիում բացել է առաջին նավթահորը, նա էլ հիմնել է կերոսինի գործարանը, որը հետագայում վերափոխվել է նավթավերամշակման ձեռնարկության: Գրոզնիում ստեղծվել են Բաքվի հայ նավթարդյունաբերողներ Լիանոզովների, Մայիլովների, Ծատուրովների ընկերությունների մասնաճյուղերը: Հայերը չուգունաձուլական գործարանների ու արհեստանոցների տերեր էին: Ֆանիևների, Մանթաշևների, Լիսիցյանների ձեռնարկությունները քաղաքի արդյունաբերության կորիզն էին: Անդրկովկասից մեծ թվով հողազուրկ հայ գյուղացիներ գալիս էին Գրոզնի և աշխատանքի ընդունվում քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում: 1913-ին Գրոզնիում բնակվել է 1400 հայ: Նրանք նկատելի դեր են խաղացել քաղաքի հասարակական կյանքում: 1910-ական թթ. քաղաքային դումայի նախագահն էր Գ. Ա. Երզնկյանը: 1920-ին Գրոզնիում ապրել է 5 հզ-ից ավելի հայ:

Խորհրդային իշխանության տարիներին հայերի ազգային կյանքն անկում է ապրել: Քաղաքում բնակվող հայերն աշխատել են նավթարդյունաբերության ձեռնարկություններում, լուսավորության, առողջապահության, մշակույթի բնագավառներում: 1990-ական թթ. սկիզբ առած Չեչենական պատերազմի տարիներին հայերի մեծ մասը լքել է քաղաքը և տեղափոխվել Ռ-ի այլ շրջաններ:

Սախայի Հանրապետություն (Յակուտիա), պետական կազմավորում ՌԴ կազմում: Տարածքը՝ 3103,2 հզ. կմ²: Բնակչությունը՝ 986 հզ. (2001): Մայրաքաղաքը՝ Յակուտսկ:

Յակուտիայի հետ հայ առևտրականների կապերը սկիզբ են առել XVII դ. 80-90-ական թթ.: Այդ կապերն ավելի են ամրապնդվել Արևելյան Հայաստանը Ռ-ին միացնելուց հետո (1828):

Յակուտիայում հայերի հաստատմանը հատկապես նպաստել է ոսկու արդյունաբերությունը: 1897-ին Ռ-ում տեղի ունեցած մարդահամարի տվյալներով՝ այդ երկրում բնակվել է 19 հայ, որոնցից 17-ը՝ տղամարդ, 2-ը՝ կին: Հետագայում հայերն այնտեղ հաստատվել են հարկադրաբար: 1901-16-ին Յակուտիայի աքսորավայրերում կային երկու տասնյակ հայեր, որոնց մի մասը հեղափոխական գործիչներ էին: Ազատվելուց անմիջապես հետո նրանք վերադառնում էին հայրենիք:

1904-ին հեղափոխական շարժումների ժամանակ Յակուտիա աքսորված 57 քաղաքական կալանավորների մեջ եղել են երկու հայեր՝ Գևորգ Վարդոյանցը (Թիֆլիսից) և Հովհաննես Պողոսյանը (Դաղստանի Դերբենդ քաղաքից):

1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Ռ-ի ժամանակավոր կառավարությունն արգելել է աքսորի դատապարտելը, կալանավոր հայերը վերադարձել են հայրենիք:

Յակուտիայի հայ գաղութի պատմության երկրորդ շրջանն ընդգրկում է XX դ. 20-50-ական թթ.: Հայերն այստեղ հայտնվում էին կամ որպես մասնագետներ, կամ էլ՝ կալանավորներ: Եթե 1924-ին Յակուտիայում կար 4 հայ, ապա 1959-ին՝ 259: Այդ ժամանակվա համար բնորոշ է եղել բարձր որակավորում ունեցող հայ մասնագետների ժամանումը Յակուտիա: Հայտնի դեմք է եղել Հովհաննես Մալոյանցը, որը հյոաիս-յակուտյան գետային նավատորմիղում աշխատել է որպես «Կաչուգ» անունով նավի կապիտան, իսկ Վարսենիկ անունով մի հայ կին դարձել էր դպրոցի ուսմասվար:

Այդ տարիներին Յակուտիայի ամենանշանավոր հայերից էր կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանը: Ավարտելով Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիան՝ Հ. Գրիգորյանը մեկնել է Յակուտսկ: Այստեղ ապրած 9 տարիների ընթացքում նա դարձել է ոչ միայն յակու-