րոպոլի հայերի հոգևոր առաջնորդ Պետրոս Պատկանյանի առաջարկությամբ աուլը վերանվանվել է Արմավիր՝ Հայոց հնագույն մայրաքաղաքի անունով: Այդ ժամանակ Արմավիրի բնակչության թիվը 1,5 հզ. էր:
Գյուղի թաղամասերը կառավարել են պատվավոր ավագները: Թաղամասի ներսում յուրաքանչյուր տոհմ ունեցել է ինքնավարություն: Գյուղական համայնքի բոլոր գործերը տնօրինել է տոհմապետերից գումարվող գյուղական ժողովը, որն ընտրել է գեղջավագ-թամադային: Կառավարման այս ձևը պահպանվել է մինչև 1860-ական թթ., երբ Արմավիրը ստացել է ռուսական գյուղի կարգավիճակ՝ գյուղական վարչության և վերադասի կողմից նշանակվող գյուղական տանուտերի գլխավորությամբ:
XIX դ. Արմավիրում հիմնվել են հայկական դպրոցներ. 1847-ին՝ արական, 1865-ին՝ ծխական, 1871-ին՝ օրիորդաց: 1846-ին оծվել է Ս. Աստվածածնի Վերափոխման եկեղեցին, որը գործում է ցայսօր:
Կովկասյան պատերազմների (1817-64) ժամանակ ցուցաբերած մարտական ծառայությունների համար ռուսական կառավարությունը 1864-ին Արմավիրի հայերին տվել է 5130 դեսյատին հող:
Հայերը զբաղվել են երկրագործությամբ (մշակել են հատիկային բույսեր), անասնապահությամբ (հատկապես ձիաբուծությամբ), առևտրով: 1908-ին նույնիսկ հիմնել են ձիերի կաբարդինյան ցեղատեսակների բուծման ընկերություն: Հայերի ձեռքին էր կենտրոնացած մերձակա կազակային ստանիցաների, չերքեզական աուլների, Նոր Նախիջևանի, Ռոստովի, Եկատերինոդարի, Ստավրոպոլի, Թիֆլիսի հետ՝ Արմավիրով կատարվող ամբողջ առևտուրը: 1870-ական թթ. Արմավիրում բացվել են Կուսիկյանների, Սեֆերյանների, Գասպարյանների, Թորոսյանների (Տարասովներ), Բարոնովների, Բոգորսուկովների առևտրական ֆիրմաները, զանազան բանկեր և բանկերի մասնաճյուղեր: 1910-ին հիմնվել է Կովկասի առևարական բանկը (նախագահ՝ Ասլան Տարասով):Գոյություն ուներ Տարասով եղբայրների առևարական տունը: XIX դ. 2-րդ կեսից սկսել է զարգանալ արդյունաբերությունը, հատկապես գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման արտադրությունը: Հայազգի Պոպովները, Տարասովները, Ավեդովները և ուրիշներ ունեին ալրաղաց, բուսական յուղի, բամբակազտիչ գործարաններ:
1914-ին Արմավիրը ստացել է քաղաքի կարգավիճակ: Այդ ժամանակ քաղաքի 44 հզ. բնակչից 8 հզ-ը հայեր էին: Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների տարիներին Արմավիրում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանից և Անդրկովկասից գաղթած ևս մի քանի հազար հայեր: 1920-ական թթ. սկզբին, երբ հայերի թիվը 15 հզ. էր, Արմավիրը դարձել է Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Կովկասի և Աստրախանի թեմի կենտրոնը (մինչև 1966-ը):
Հայերն ունեցել են աշխույժ հասարակական կյանք, մասնակցել հեղափոխական շարժումներին: Գործել են ՀՀԴ և ՍԴՀԿ կուսակցությունների բաժանմունքներ, սոցիալ-դեմոկրատական կազմակերպություն: Մինչև 1960-ական թթ. գործել է հայկական միջնակարգ դպրոց: Հրատարակվել են «Կարիք» (1917-19), «Բանվորի կարիք» (1920), «Բանվորի ձայն» (1920) հայերեն թերթերը:
1980-ական թթ. վերջից համայնքի ազգային կյանքն աշխուժացել է: Քաղաքում ավելացել է հայերի թիվը ի հաշիվ Ադրբեջանից և Աբխազիայից գաղթած փախստականների: Զգալի թիվ են կազմում նաև Հայաստանից և Վրաստանից եկած հայերը: Իր գործունեությունն է ընդլայնել 1985-ին ստեղծված մշակութային-լուսավորական «Արմավիր» ընկերությունը: 1991-ին քաղաքի հայկական համայնքը գրանցվել է «Արմավիր» անվանումով (համայնքի խորհրդի նախագահ՝ Արթուր Ավետիսյան): Ներկայումս (2003) Արմավիրում բնակվում է շուրջ 25 հզ. հայ:
Կրկին սկսել է գործել Ս. Աստվածածին եկեղեցին, որը փակվել էր խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո և 1959-ին վերածվել շաքարի պահեստի: Եկեղեցուն կից բացվել է հայկական դպրոց, որտեղ սովորում են 120 հայ մանուկներ: Քաղաքի մի քանի դպրոցներում գործում են հայոց լեզվի ուսուցման դասընթացներ:
Գելենջիկում հայերը սկսել են բնակություն հաստատել 1868-ից: Ներգաղթել են Թուրքիայի Տրապիզոնի և Սամսունի շրջաններից, 1915-ին՝ Արևմտյան Հայաստանից, հետագայում՝ Վրաստանի հայաշատ շրջաններից: 1992-ին այստեղ մի քանի ընտանիք է հաստատվել Աբխազիայից: Ներկայումս (2003) Գելեն ջիկում բնակվում է շուրջ 2 հզ. հայ: Գործում է «Անի» հայկական մշակութային ընկերությունը:
Եյսկում հայերը բնակություն են հաստատել 1862-ից: Գաղթել են Տրապիզոնի և Սամսունի շրջաններից, հետագայում՝ Արևմտյան Հայաստանից: XIX դ. վերջին այստեղ կար շուրջ 200 հայ: Համայնքը համալրվել է 1990-ական թթ. կեսին Աբխազիայից և Հայաստանից եկած հայերով: Ներկայումս քաղաքում բնակվում է շուրջ 1000 հայ: Գործում է «Հայք» ընկերությունը: