Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/50

Այս էջը սրբագրված է

լոր հայաշատ քաղաքներում), Հայ դատի հանձնախումբը, Հայ իրավանց խորհուրդը, Ամերիկայի հայկական համագումարը, Վարդանանց ասպետներ կազմակերպությունը: ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում մասնաճյուղեր ունեն Նոր սերունդ, Թեքեյան, Համազգային մշակութային միությունները՝ իրենց գեղարվեստական խմբերով, ակումբներով, դպրոցներով: Գործում են նաև Հայ մարմնակրթական ընդհանուր միության, Հայ մարմնամարզական միության, Հայ երիտասարդաց ընկերակցության, Հայ օգնության միության տեղական մասնաճյուղերը, ինչպես նաև բազմաթիվ մասնագիտական միություններ և ընկերակցություններ:

Համայնքում կրթական և բարեսիրական բնույթի կարևոր աշխատանք են իրականացնում հայրենակցական միությունները: ԱՄՆ-ում առաջին հայրենակցական միությունը՝ Հուսեյնիկի ուսումնասիրաց միությունը, ստեղծվել է 1888-ին: Ապա միություններ են հիմնել Արաբկիրից, Սեբաստիայից, Մալարիայից, Խարբերդից, Այնթապից, Դատեմից, Մորենիկից, Չմշկածագից, Կեսարիայից, Վանից, Մուշից (Տարոնից), Ջեյրանից և այլ վայրերից գաղթած հայերը: Նրանց համախմբման և համագործակցության արդյունք էր 1946-ին Նյու Յորքում հիմնված Միջհայրենակցական միությունը, որի նպատակն էր համադրել կազմակերպությունների գործունեությունը: Արդի շրջանում հայրենակցական միությունների համագործակցության սերտացման համար կարևոր նշանակություն ունի 1991-ին Լոս Անջելեսում հիմնված Հայրենակցական միությունների միացյալ մարմինը, որը միավորում է 15 հայրենակցական միությունների ներկայացուցիչների: Ներկայումս (2003) ԱՄՆ-ում գործում են Ադանայի, Այնթապի, Արաբկիրի, Եվդոկիայի (Թոքաթ), Կեսարիայի, Հաճընի, Համաերզնկացիական, Համախարբերդցիական, Համաչարսանճագցիական, Համաքղեցիական, Համասեբաստահայ, Մալաթիայի, Մարաշի, «Մուսա լեռ», Յոզղատի, Քեսաբի, Տարոն-Տուրուբերանի, Համավասպուրականի, Սսի, Դյորթ Ցոլի, Տիգրանակերտի, Բեյլանի, Զեյթունի, Համաբալուցիական, Պոլսահայ, Իրանահայ միությունները (տես նաև Հայրենակցական միություններ):

Հայկական միություն, ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցված հայկական առաջին կազմակերպությունը: Հիմնվել է 1886-ին, Նյու Յորքում: Նպատակն էր «ամերիկաբնակ հայոց մէջ միութեան կապ հաստատել, ազգային զգացումներ մշակել և ազգօգուտ ձեռնարկներ ընել»: Միության գործունեության շնորհիվ ԱՄՆ-ում ապաստանած հայ գաղթականները հնարավորություն են ստացել միմյանց հետ ծանոթանալու և մայրենի լեզվով խոսելու (թրքախոս շատ հայեր, միության ժողովներին հաճախելով, սկսել են հայերեն խոսել, հայոց պատմությանը վերաբերող գրքեր կարդալ):

Սահմանված էր միության անդամների երեք կարգավիճակ՝ գործուն, ցկեանս և պատվո: 1888-ից միությունն առաջնորդվել է Ընդհանուր և Ներքին կանոնագրերով: Ունեցել է ընթերցատուն, վարժարան (շուրջ 55 հայ երկսեռ աշակերտների ուսուցանվել են ընթերցանություն, ուղղագրություն, արտասանություն, գրավարժություն, քերականություն, հայոց պատմություն), գիշերային դպրոց: Միությունը ստեղծել էր «Կարոտելոց սնդուկ»՝ դժբախտության մեջ հայտնված, հիվանդ ու կարիքավոր ամերիկահայերին օգնելու նպատակով: Իր հովանավորության տակ էր վերցրել նաև հայրենիքում գտնվող երկու դպրոց: Միությունը կարևոր դեր է կատարել ԱՄՆ-ում աստիճանաբար ստվարացող հայությանը ձուլման վտանգից զերծ պահելու, նրանց ազգային ինքնագիտակցությունը պահպանելու գործում:

Կաճառ հայկական, կազմակերպություն: Հիմնվել է 1888-ին, Ուստրում՝ Մ. Փորթուգալյանի և մի խումբ խարբերդցիների նախաձեռնությամբ: Իր առջև խնդիր էր դրել հիմնել առանձին աղոթատեղի, ստանձնել ազգային եկեղեցուն փոխարինելու պարտականությունը, հոգալ համայնքի հոգսերը, կառավարական միջամտությամբ վերջ դնել օտար ազգերի (հատկապես՝ իռլանդացիներ) կողմից հայերի դեմ իրականացվող հարձակումները: Կազմակերպությունից ավետարանական հայերի հեռացումով Կաճառ հայկականը վերանվանվել է Կաճառ հայկական Ուստրի լուսավորչական հայոց:

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ԱՄՆ-ի տեղական կազմակերպություն, ԱՄՆ-ում ստեղծված առաջին ազգային կուսակցությունը: Հիմնադրվել է 1890-ին, Ուստրում՝ Գարեգին Չիթչյանի, Նշան Կարապետյանի (Ռուբեն Խանազատ), Կարապետ Փափազյանի և այլոց նախաձեռնությամբ: Նպատակն է Հայ դատի հետապնդումը, Հայաստանի շահերի պաշտպանությունը, ամերիկահայության ազգային ինքնության պահպանումը: 1920-ական թթ. Ամերիկայի Հնչակյան կուսակցությունը հայ բանվորական կուսակցության հետ միանալու փորձ է կատարել, որը, սակայն, ձախողվել է: 1980-ին ՍԴՀԿ ԱՄՆ-ում բաժանվել է Արևելյան և Արևմտյան շրջանների վարիչ մարմինների:

Ներկայումս Հնչակյան կուսակցությունն ԱՄՆ-ում սակավանդամ մասնաճյուղերով և ակումբներով շարունակում է իր մասնակցությունն ունենալ համայնքի մշակութային, կրթական, մարզական կյանքին: ՍԴՀԿ հովանու ներքո գործող կազմակերպություններն են Նոր սերունդ մշակութային միությունը, Կայծ երի-