աշխատել է շուրջ 600 բանվոր: Գորգերը մեծ պահանջարկ ունեին Ս-ում. արտահանվել են Եվրոպա և ԱՄՆ:
1909-ի Ադանայի կոտորածներից հետո, գրեթե միաժամանակ, հայերի ջարդ է սկսվել Հալեպի վիլայեթի տարբեր քաղաքներում ու գյուղերում: Անտիոքի ասպատակությունից հետո ջարդարարների 30-հազարանոց ամբոխը փորձել է կոտորել Քեսաբի հայությանը: Բնակչությունը նահանջել է ծովեզրյա Կարադուրան գյուղի մերձակայքը: Քեսաբը ելուզակների կողմից թալանվել, ավերվել և հրկիզվել է: Հարձակումից զերծ են մնացել միայն Մուսա լեռան շրջակա հայկական գյուղերը:
Ս. հայերի զանգվածային գաղթ վերստին տեղի է ունեցել Մեծ եղեռնից հետո: Ժամանակակից սիրիահայ համայնքը ձևավորվել է 1920-ական թթ. սկզբին՝ Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից գաղթած հայերով: Համայնքի ազգային, հոգևոր-մշակութային և հասարակական-քաղաքական կյանքի կազմակերպմանն ու զարգացմանը նպաստել է արաբ բնակչության բարյացակամ վերաբերմունքը:
Ս-ի հայերը հնարավոր բոլոր միջոցներով օգնել են բռնագաղթի ենթարկված իրենց հայրենակիցներին: Օսմանյան բանակում և տեղական իշխանության մարմիններում ծառայող արաբ սպաները, պաշտոնյաները մեծ թվով հայերի են փրկել: Աբդուլ-Ղանի Ջուղեն, որը պատերազմից առաջ վարել է Հալեպի կրթական տնօրենի պաշտոնը, օսմանյան բանակ զորակոչվելուց հետո, որպես սպա, օգնել է հայերին. Դեյր էզ Զոր ուղարկելու փոխարեն, նրանց տեղափոխել է Սելիմիե քաղաքը, մի մասին էլ հանձնել է Դեյր էզ Զորի արաբ ցեղերին: Աբդուլ-Ղանի Ջուդեի օգնությամբ մահվան ճիրաններից ազատվել է Երվանդ Օտյանը: Արաբ մարդասերը հրատարակել է հուշեր՝ «Ալ Քիթաբ ալ Ֆըտաա» («Արծաթյա գիրք») վերնագրով, որտեղ ներկայացրել է նաև Հայոց ցեղասպանությունը:
Հարյուրավոր հայ տարագիրներ է փրկել օսմանյան 5-րդ բանակի մատակարար, արաբ սպա Ջեմիլ էլ Քեննեն, նրանց օգնել է դեղորայքով և սննդով, իսկ հնարավորության դեպքում աշխատանքի է վերցրել իրեն ենթակա ծառայություններում:
Մուհամմեդ Շաֆեհ բին Մուստաֆա Աբու Ռիշեն (սիրիական պոեզիայի նահապետ Օմար Աբու Ռիշեի հայրը) 1915-ին եղել է Մաարրայի կայմակամը, օգնել է հայ բռնագաղթածներին, ինչի համար օսմանյան իշխանությունները նրան աքսորել են: Դեյր էզ Զորի կառավարիչ, ազգությամբ արաբ Ալի Սուադը ոչ միայն հրաժարվել է կոտորել տարագրված հայերին, այլև փրկել է 1000 որբ հայ մանուկների, որոնց ապաստան է տվել այդ նպատակով կառուցված շենքում:
Օսմանյան բանակի համար բեռների փոխադրումներ կատարող Արտաշես Պողիկյանը (1890-1954), օգտագործելով իր պաշտոնը, կարողացել է փրկել 1500 հայ երիտասարդների՝ նրանց զգալի մասին տեղավորելով արաբական գյուղերում:
1916-ի նոյեմբերի 26-ին Հայոց ազգային պատվիրակության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության միջև կնքված համաձայնագրով կազմվել է Արևելյան կամ Հայկական լեգեոնը: Այն ձևավորվել է կամավորության սկզբունքով և բաղկացած էր հիմնականում հայերից ու սիրիացիներից: Հայ-սիրիական զորագունդն իր մարտական մկրտությունը ստացել է 1918-ի սեպտեմբերի 19-ին՝ Արարայի ճակատամարտում: Ազատվելով օսմանյան տիրապետությունից՝ սիրիացիները պայքար են սկսել ազգային անկախ պետություն ստեղծելու համար: Ս-ի հայերն իրենց համերաշխությունն են հայտնել և իրենց նպաստն են բերել Ս-ի ժողովրդի ազատագրական պայքարին:
1918-ին սիրիահայության թիվը 142 հզ. էր, որից 60 հզ-ը՝ Հալեպում և նրա շրջակայքում:
Մեծ եղեռնից հետո ստվարացած սիրիահայ համայնքը, որը գլխավորապես կենտրոնացել էր Հալեպում, սկսել է նշանակալի դեր կատարել երկրի տնտեսական կյանքում: Հայերի մասնագիտական բարձր որակավորումը և գործարարությունը նրանց հնարավորություն է տվել աչքի ընկնելու բժշկության (Ասատուր Ալթունյան, Սամվել Շմավոնյան, Թորոս Հովակիմյան, Վահան Թոփալյան, Ավետիս Ճեպեճյան, Հովհաննես Հրեշտակյան և ուրիշներ), իրավաբանության, մետաղամշակման և այլ ոլորտներում: Ս-ում հայերը հիմնել են մի շարք մանուֆակտուրաներ, որոնք զբաղվել են մեծ գորգերի, մետաքսե գործվածքների արտադրությամբ, կաշվի, մորթեղենի վերամշակմամբ: Հայերի մենաշնորհն էր «ալաջա» գործվածքի արտադրությունը, միայն Հալեպում դրանով զբաղված էր 4 հզ. մարդ: Հայերը զգալի ավանդ են ներդրել ոսկերչության, պղնձի վրա փորագրության, ձուլման, կահույքի արտադրության բնագավառներում: Հալեպում հաց թխելը սասունցիների մենաշնորհն էր: Քաղաքի բոլոր փռապաններին տեղացիները անվանում էին սուսանիներ:
1925-ին Հալեպում Նշան Փալանճյանը, Հարություն Որբերյանը, Վահան Աճեմյանը հիմնել են «Նշարթվա» հյուսվածքեղենի ընկերությունը՝ մետաքսի արտադրության ֆաբրիկան, որտեղ կար 45 աշխատող և 32 ջուլհակագործական դազգահ: Ունեցել է մասնաճյուղ Բիթիասում: Ֆաբրիկան աշխատել է մինչև 1948-ը:
Մեծ թվով հայեր աշխատել են Բեռլին-Բաղդադ երկաթուղու շինարարության վրա՝ կատարելով տարբեր որակավորում պահանջող գործեր: