տասարդական շարժումը, Հայ մարմնամարզական միությունը, Հայ կրթական բարեգործական միությունը, Արևելյան շրջանում՝ նաև Սահակյան և Կիլիկյան (Սիրիա և Լիբանան) վարժարանների օժանդակ մարմինները: Լույս է տեսնում «Մասիս» շաբաթաթերթը (Փասադենա):
Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՀԴ) ԱՄՆ-ի տեղական կազմակերպություն, ԱՄՆ-ում ՀՀԴ հաստատվել է 1895-ին: Հիմնադիրներն են Սիմոն Շխյանը, Հովհաննես Յուսուֆյանը, Արշակ Վռամյանը, Շահան Նաթալին և ուրիշներ: ԱՄՆ-ի ՀՀԴ կենտրոնական կոմիտեի նստավայրն արևելյան ափին Ուոթերթաունն է (Մասսաչուսեթս), արևմտյան ափին՝ Գլենդելը (Կալիֆոռնիա): Կուսակցության կոմիտեներ են գործում Կալիֆոռնիա, Տեխաս, Իլինոյս, Վիսքոնսին, Միչիգան, Նյու Յորք, Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Վաշինգաոն (Դի Սի), Ֆլորիդա, Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Քոնեքթիքութ, Վիրջինիա նահանգներում: Կուսակցության հովանու ներքո են գործում Հայ օգնության միությունը, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը, Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, Երիտասարդական և պատանեկան միությունները: Կարևոր գործունեություն են ծավալում ՀՀԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբերը: Ուոթերթաունում է գտնվում ՀՀԴ Դիվանը, որտեղ պահվում են հայ ժողովրդի և ՀՀԴ պատմության վերաբերյալ (սկսած 1890-ից մինչև մեր օրերը) հարյուրհազարավոր վավերագրեր, նամակներ, արձանագրություններ, հուշագրություններ (հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, օսմաներեն): ՀՀԴ ԱՄՆ-ում հրատարակում է «Հայրենիք» (Բոստոն), «Ասպարեզ» (Լոս Անջելես) թերթերը, «Հայրենիք», “The Armenian Review” հանդեսները: Ունի ռադիոժամեր, հեռուստածրագիր («Հորիզոն»):
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ԱՄՆ-ի շրջանային վարչություն, հիմնվել է 1908-ին, Բոստոնում՝ Եգիպտոսից ժամանած ՀԲԸՄ ներկայացուցիչներ Վ. Քյուրքչյանի, Մուշեղ եպս. Սերոբյանի, Բաբկեն եպս. Կյուլեսերյանի, վերապատվելիներ Կ. Մանավյանի, Խ. Պեննեյանի նախաձեռնությամբ: Միությունը ծավալում է բարեսիրական, մշակութային, կրթական, մարզական, ընկերային, սկաուտական գործունեություն: Ունի երիտասարդական և պատանեկան միություններ, տիկնանց հանձնախմբեր: Կազմակերպում է դասախոսություններ, ներկայացումներ, երգի, պարի երեկոներ, ցուցահանդեսներ, երիաասարդական հանդիպումներ, մարզական խաղեր: Կրթաթոշակ է հատկացնում համալսարանական հայ ուսանողներին: ԱՄՆ-ում ՀԲԸՄ հովանավորությամբ գործում են ամենօրյա (Դետրոյտ, Ուոթերթաուն, Կանոգա Պարկ, Լոս Անջելես), մեկօրյա և երեկոյան (Քլիվլենդ, Չիկագո, Ֆրեզնո) վարժարաններ, թատերախմբեր, երգչախմբեր, պարախմբեր: Լոս Անջելեսում գործում է «Նաիրի» արվեստի կենտրոնը (ունի հայոց լեզվի, մշակույթի, պատմության, երաժշտության, թատրոնի, կերպարվեստի, պարարվեստի դասընթացներ, մանկապատանեկան երգչախումբ, պարախումբ): 1963-ից Նյու Յորքում գործում է ՀԲԸՄ «Նուբար» ամառային երիտասարդական ճամբարը:
ՀԲԸՄ-ի Նախագահական ակումբը 1987-ից կազմակերպում է ամառային փորձառական ծրագրեր ամերիկահայ ուսանողների համար: 1989-ից գործակցելով Ալեք և Մարի Մանուկյան մշակութային հիմնադրամի հետ՝ ակումբը հիմնել և հովանավորում է Միչիգանի համալսարանի հայոց լեզվի Ամառային հիմնարկը Երևանում են: Հիմնադրամը յուրաքանչյուր տարի հրատարակում է մի քանի տասնյակ հայագիտական աշխատություններ: 1995-ին Լոս Անջելեսում ՀԲԸՄ հիմնադրել է «Երիտասարդ արհեստավարժներ» կազմակերպությունը, որի ավելի քան 500 անդամներն ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրոպայի համալսարանների հայազգի շրջանավարտներ են:
ՀԲԸՄ ԱՄՆ-ում ունի 55 մասնաճյուղ, որոնք ունեն իրենց վարչությունները՝ ենթակա շրջանային վարչությանը, որն իր հերթին գործում է կենտրոնական վարչության հովանու ներքո (կենտրոնը՝ Նյու Յորքում): Նյու Յորքում են հրատարակվում ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի «Հուշարար-Միություն» և “AGBU News Magazine” պաշտոնաթերթերը, ինչպես նաև “Ararat” պարբերականը:
Ամերիկահայ ուսանողների միություն, կրթական և բարեսիրական կազմակերպություն: Հիմնվել է 1910-ին, Նյու Յորքում: Նպատակն է համախմբել ԱՄՆ-ի հայ մտավորականությանը, դասախոսներին, ուսանողներին, նպաստել օտար ափերում կրթական գործի զարգացմանը: Միությունը զգալի դեր է կատարում ամերիկահայ երիտասարդությանը կրթելու, նրանց մասնագիտական կարողությունները համապատասխան ասպարեզներում ծառայեցնելու գործում, կրթաթոշակներ է հատկացնում կարիքավոր ուսանողներին: Ունի մասնաճյուղեր Բոստոնում, Փրովիդենսում, Նյու Ջերսիում:
Կայծ երիտասարդական միություն, 1910-ին Կ. Պոլսում հիմնված