Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/538

Այս էջը սրբագրված է

մասնավորապես արքունապատկան քաղաքներ՝ Թիֆլիս, Գորի: Հայ ազնվականությունն իր բարձր դիրքը պահպանել է նաև Դավիթ Շինարարի հաջորդների, հատկապես Թամար թագուհու (1184-1213) օրոք: Վրաց պետության շրջանակներում հզորացել են Զաքարյանները՝ իրենց Վահրամյան ու Թմուկյան ճյուղերով, Մահկանաբերդցի Արծրունիները, Ումեկյանները, Բեկթաբեկյանները: Վ-ում հաստատված հայերը՝ իբրև լիիրավ քաղաքացիներ, մասնակցել են երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին, որոշակի էր նրանց դերը Վ-ի ներքին ու արտաքին հարաբերություններում (Շնորհավոր Շատին, Ամիր Քուրդ, Սադուն Մահկանաբերդցի, Ենոք Արքուն, Ենիկոլոփյաններ և ուրիշներ): Վիրահայոց հոգևոր կենտրոնները սերտ կապեր են ունեցել հայրենիքի հետ: Հաղպաաում, Սանահինում, Գլաձորում ուսանել են վիրահայոց բազմաթիվ ներկայացուցիչներ:

Հայերի գաղթը Վ. շարունակվել է XIV-XVIII դդ., իսկ XVIII դ. 30-ական թթ. սկսած՝ դարձել ավելի զանգվածային: Միայն Գանձակից Թիֆլիս է վերաբնակվել 3 հզ. հայ շինական: Մեկ-երկու տասնամյակ անց Մուխրանում և շրջակայքի գյուղերում է հաստատվել ասպատակիչների հալածանքներից տեղահան եղած Լոռիի հայ բնակչությունը, այդ թվում՝ Արղությանների (Երկայնաբազուկների) տոհմը:

XVIII դ. 90-ական թթ. Արցախի Գյուլիստան, Խաչեն գավառներից շատ հայեր հաստատվել են Բոլնիս, Շուլավեր, Մեծ Դաղեթ և այլ բնակավայրերում: Հայերի վերաբնակեցումը նպաստել է հարձակումների, բռնագաղթերի, միջավատատիրական երկպառակությունների ու համաճարակների հետևանքով գրեթե դատարկված Քարթլիի ու Կախեթի տասնյակ գյուղերի ու քաղաքների շենացմանը: Այս շրջանում են կառուցվել Թիֆլիսի և այլ բնակավայրերի հայկական շատ պաշտամունքային կենտրոններ: Վրաց գրականության ու արվեստի բնագավառներում հաճախակի երևան են եկել հայկական ծագում ունեցող գործիչներ՝ Սուլխան և Բեկթաբեկ Շանշյաններ, Փարսադան Գորգիջանիձե, Ստեփան Փեշանգիշվիլի, Թումանաշվիլի և ուրիշներ: Վրաց պետական բազմաթիվ ակնառու գործիչներ են տվել Բեհբության, Թումանյան, Ենիկոլոփյան, Ղորղանյան, Բեկթաբեկյան, Գինիբեկյան, Խատիսյան, Խիթարյան և այլ գերդաստաններ: Հայերը կարևոր դեր են ունեցել հատկապես Վ-ի քաղաքային կյանքում: Ընդհուպ մինչև XIX դ. կեսը նրանք կազմել են քաղաքային շատ բնակավայրերի բնակչության գերակշիռ մասը: 1821-ին Վ-ի գլխավոր քաղաքներում բնակչության ազգային կազմն այսպիսին էր.

հայեր (տուն) վրացիներ և ռուսներ (տուն)
Թիֆլիս 2951 417
Գորի 331 121
Անանուր 123 24
Թելավ 236 74
Սղնախ 377 12

1829-30-ին, Ադրիանուպոլսի պայմանագրի համաձայն, Ջավախքում, Սամցխեում, Թռեղքում և այլուր հաստատվել են Էրզրումի նահանգից տեղափոխված շուրջ 58 հզ. հայեր՝ ստվարացնելով տեղի համայնքները, ինչպես նաև վերաշինել ու վերահայացրել են տասնյակ բնակավայրեր, այդ թվում Ախալցխա և Ախալքալաք քաղաքները: Հայերի գաղթը Վ. շարունակվել է XIX դ. 90-ական թթ. և հատկապես 1915-20-ին՝ հայկական զանգվածային կոտորածների շրջանում:

XIX դ. վերջին Թիֆլիսի հայ աշխատավորների և մտավորականների շրջանում տարածվել են հեղափոխական գաղափարներ: 1890-ին այստեղ է հիմնադրվել ՀՀԴ կուսակցությունը: 1892-ին հիմնվել է Հայ բանվոր հեղափոխականների ընկերակցությունը, 1898-ին՝ Հայ բանվորների մարքսիստական խմբակը՝ Թբիլխփի բանվորների միությունը, 1902-ին՝ Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը, 1918-ին՝ Հայ ժալովրդական կուսակցությունը Թբիլիսին դարձել է նաև հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոն: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մեծ եղեռնից փրկվածների, տասնյակ հազարավոր որբերի օգնել, նրանց դրությունը թեթևացրել են Թբիլիսիում ստեղծված խնամատար մարմինները: 1912-17-ին գործել է Հայոց Ազգային բյուրոն, 1917-18-ին՝ Հայոց Ազգային խորհուրդը, Հայաստանի Ապահովության խորհուրդը, որոնք կազմակերպել են կամավորական ջոկատների կազմավորումն ու ռուսական բանակի կազմում նրանց մասնակցությունը Թուրքիայի դեմ պատերազմին, ղեկավարել հայոց հասարակական-քաղաքական կյանքը:

1917-ի մարդահամարի տվյալներով՝ Վ-ում կար 279975 հայ: Խորհրդային իշխանության տարիներին այդ թիվը գրեթե կրկնապատկվել է, թեև մեծ էր նաև վիրահայության արտահոսքը հատկապես Հայաստան և Ռուսաստան: ԽՍՀՄ 1989-ի մարդահամարի տվյալներով՝ Վ-ում հայերի թիվը 437 հզ. էր, իսկ